Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախից. խորհրդարանական ընդդիմությունը քննադատում է, իշխանությունից հայտարարում են՝ ավելի լավ էր այս հայտարարությունը լիներ, քան ոչինչ չլիներ։
Երբ Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դա ենթադրո՞ւմ է, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա Հայաստանի տարածքից։ Թե՛ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, թե՛ իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» մեկ այլ պատգամավոր՝ Վիգեն Խաչատրյանը ուղիղ պատասխան չեն տալիս:
«Մեր պահանջն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից ադրբեջանական զորքերը դուրս բերվեն», - ասաց Արշակյանը:
Վարչապետ Փաշինյանն է հայտարարել՝ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 51 քառակուսի կիլոմետր տարածքը։ Վիգեն Խաչատրյանն ասաց՝ դուրս են գալու, թե՝ ոչ, հստակ տեղեկություն չունի, ժամանակը ցույց կտա. «Ստույգ տեղեկություններ չունեմ, բայց այն, որ Ադրբեջանը համաձայնություն է տվել, և Հայաստանը երաշխավորել է Եվրամիության դիտորդական խմբի աշխատանքները երկու ամսով Ադրբեջան-Հայաստան սահմանում, հիմք է տալիս ենթադրելու, որ այդ հանձնաժողովը կփաստի, որ այդ տարածքները ագրեսիայի են ենթարկվել, և կկրկնվի Ադրբեջանին պահանջը՝ հետ քաշել զորքերը Հայաստանի տարածքներից»:
«Ազատություն». - Մեկ տարուց ավելի՝ դեռ մայիսից այդ պահանջը հնչում է, և Ադրբեջանը չի կատարում: Դրանից հետո էլ եղան վերջին՝ ջերմուկյան դեպքերը, որից հետո միջազգային հանրությունն էլ այդ պահանջը հնչեցրեց, և ի՞նչ երաշխիք, որ հիմա կանի:
Վիգեն Խաչատրյան. - Չեմ կարծում, որ հայտարարությունը հենց դրա մասին է, ներխուժման մասին չէ, այլ պարզապես, ըստ էության, կրկնվում է այն, ինչ ժամանակին արվել է, այսինքն՝ դրանով փաստվում են Հայաստանի սահմանները, և հետևաբար դժվար… ես չեմ պատկերացնում՝ Ադրբեջանն ինչ վկայություն պիտի բերի, որ ինքը Հայաստանում չէ:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ այս հայտարարությունը ոչ միայն չի երաշխավորում, որ ադրբեջանական զորքը դուրս կգա Հայաստանի տարածքից, այլև դրանով Հայաստանը հրաժարվում է Արցախից։
«Հայտարարությունը որևէ բան չի արձանագրում ադրբեջանական ագրեսիայի և ադրբեջանական զորքերի օկուպացիայի մասին, այս հայտարարությունը այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի նախնական փուլն է, Ադրբեջանը փորձել է երաշխիք ստանալ գոնե հայտարարության ձևով Հայաստանի իշխանությունից, որ Հայաստանը որևէ ձևի այլևս մասնակցություն չի ունենալու Արցախի հետ կապված հարցերում: Հայաստանի ղեկավարը՝ վարչապետի մակարդակով հայտարարել է, որ այս պայմաններում փորձում են խողովակներ գտնել, որպեսզի Արցախը և Ադրբեջանը միմյանց հետ բանակցեն: Սա, ըստ էության, ամրագրումն է այն բանի, որ Հայաստանը լվացել է իր ձեռքերը Արցախի հետ կապված հարցերից», - ասաց նա:
Ընդդիմադիր գործընկերոջ կարծիքը կիսում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը. «Եթե Արցախ-Ադրբեջան կոնֆլիկտը կա, իսկ Հայաստանը Ադրբեջանի հետ սեպարատ խաղաղության պայմանագիր է կնքում, նշանակում է՝ Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից», - ասում է նա:
Մի բան է ցանկությունը, մեկ այլ բան՝ հնարավորությունը, հայտարարում է ՔՊ-ից Վիգեն Խաչատրյանը՝ պատասխանելով քննադատությանը, թե այս հայտարարությունը ենթադրում է, որ Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. «Նախ պետք է հասկանալ՝ Հայաստանն ինչ կարող է անել, հետո նոր ասենք՝ ինչից է հրաժարվում: Իհարկե, մենք պիտի փորձենք հասնել նրան, որ Ադրբեջանը խոսի պաշտոնապես Արցախի հետ, բայց դա ժամանակ է պահանջում, և ընթացքը ցույց կտա»:
«Ազատություն». - Խորհրդարանական ընդդիմադիրները հիշեցնում են Նիկոլ Փաշինյանի փորձերը Արցախին որպես լիիրավ կողմ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին ներգրավել ցանկանալը և չհաջողելը, հիմա Արցախը այսպես միայնակ ինչպե՞ս է խոսելու Ադրբեջանի հետ այն դեպքում, երբ երկու օր շարունակ Ալիևը կրկնում է, որ ղարաբաղցիները իրենց բնակիչներն են, և իրենք կորոշեն՝ ինչպես խոսել ղարաբաղցիների հետ: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ կհաջողեք ձեր այդ նախաձեռնության մեջ:
Վիգեն Խաչատրյան. - Այդ առումով, իհարկե, լավագույն ընթացքը չի սա, բայց տեղաշարժ է, վերջապես մենք պետք է գիտակցենք, որ մի բան է, թե մենք ինչ ենք ցանկանում, այլ բան է, թե ինչ է հնարավոր, այսինքն՝ ակնհայտ է, որ Հայաստան-Ադրբեջան-Արցախ այս եռյակի հարաբերությունների հաջող ընթացքը պայմանավորված է դաշնակիցների մասնակցությամբ և աջակցությամբ, և մենք չենք կարող դաշնակիցներից պահանջենք ավելին, քան իրենք պատրաստ են անել: Սա է ամբողջ խնդիրը, և այստեղ պետք է դրսևորել ճկունություն, թե չէ կարելի է տենց առաջ պոռալով ետ-ետ երթալ անընդհատ, որը և տեղի ունեցավ վերջին 25 ամյակում:
Իշխանականները որևէ տեղեկություն չունեին Հայաստանն ժամանող Եվրամիության քաղաքացիական առաքելության մասին՝ ինչ լիազորություններ են ունենալու, ովքեր են կազմում, նույնիսկ երբ են ժամանելու Հայաստան։