Մատչելիության հղումներ

ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մանրամասները դեռ աշխատանքային քննարկումների տիրույթում են. ԱԳՆ խոսնակ


Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը սակարկման ենթակա չեն, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարությանը:

Հունանյանը մանրամասնել է. «Հայտարարության մեջ հայկական կողմի այս դիրքորոշման ամրագրումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից կարևոր քայլ ենք համարում: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերմանը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանմանը, դրանք հրամայական են ցանկացած պարագայում, Պրահայի հայտարարության համատեքստում՝ հատկապես։ Նաև, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրենց հանձնառության հաստատումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հիմք կհանդիսանա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների համար»:

Սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին Հունանյանը նշել է, որ առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում

«Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին: ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքինշխան տարածքում: Հաշվի առնելով նշյալը, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ», - ընդգծել է նա:

Առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ հարցերը, ըստ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի, դեռևս գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում:

«ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը», - նշել է Հունանյանը:

Հարցին՝ արդյոք Պրահայում կայացած հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղե՞լ է, ԱԳՆ խոսնակը պատասխանել է. «Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ»։

Ըստ Հունանյանի, միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ. «Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ»։

Անդրադառնալով հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցին, Հունանյանը նշել է. «Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը մեր կողմից մշտապես բարձրաձայնվում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումների ընթացքում: Պրահայում տեղի ունեցած հանդիպումները նույնպես բացառություն չէին»:

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները Չեխիայի մայրաքաղաքում կայացան հոկտեմբերի 6-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել:

Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն էր շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։

XS
SM
MD
LG