Արցախյան հարցն այն տրամաբանությամբ և այն լույսի ներքո, որով ինքը կար մինչև 44-օրյա պատերազմը, 44-օրյա պատերազմի արդյունքում այլևս չկա, ասում է քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը: Ըստ նրա՝ ինքնախաբեություն է փորձել նույն տրամաբանությամբ շարունակելը: «Ազատության» հետ զրույցում Արեգ Քոչինյանն անդրադառնում է երեկ երեկոյան Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Սա նշանակո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում:
Արեգ Քոչինյան. - Ըստ իս՝ մեր առջև ծառացած այս պահին ամենամեծ խնդիրն ու ամենամեծ առաջնահերթությունն ապահովելն է Հայաստանի ինքնիշխանությունը ու տարածքային ամբողջականությունը, և այստեղից բխում է, որ Ադրբեջանը, ըստ էության, ճանաչում է Հայաստանի ամբողջականությունը, ինքնիշխանությունը, այսինքն՝ սա է առաջին մտահանգումը, որին մենք պետք է գանք: Բայց այստեղ միանգամից ինձ մոտ հարց է առաջանում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել և միևնույն ժամանակ օկուպացնել Հայաստանի որոշ հատվածներ՝ այս երկուսը իրար հետ չեն բռնում: Այսինքն՝ կա՛մ Ադրբեջանը այստեղից պետք է բխեցնի, որ ինչ-որ տարածքներ կան, որոնք չեն մտնում Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ, կա՛մ պետք է իր զորքերը ետ քաշի, այսինքն՝ ինքը ձևակերպում է այդ բարձրացրած խնդրի լույսի ներքո, իհարկե, դրական ձևակերպում է, բայց շատ կարևոր են այնտեղ դետալները և իմպլեմենտացիան: Սա առաջինը:
Ինչ վերաբերում է Արցախին, արցախյան հարցն այն տրամաբանությամբ և այն լույսի ներքո, որով ինքը կար մինչև 44-օրյա պատերազմը, 44-օրյա պատերազմի արդյունքում այլևս չկա, և ինքնախաբեություն է փորձել նույն տրամաբանությամբ շարունակելը: Ինչքանով որ հասկանում եմ, ինչքանով որ տեսնում եմ մեր իշխանությունների մեսիջներից, իրենք արցախյան հարցը փորձում են վերաձևակերպել որպես իրավունքների հարց՝ տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարց: Այդ առումով այնտեղ կարևոր արձանագրումներ կային, այլ կետերում էր, բայց արցախյան հարցը՝ որպես Արցախ պետության միջազգային ճանաչման հարց կամ պահպանման հարց, ինձ թվում է՝ այդ թեմայով խոսելը որոշակի առումով ինքնախաբեության տարրեր է պարունակում:
«Ազատություն». - Այդ թվում՝ ինքնորոշման սկզբունքը:
Արեգ Քոչինյան. - Այո:
«Ազատություն». - Պարոն Քոչինյան, երբ Դուք ասում եք, որ Հայաստանի տարածքային ամբողջականության թեման գուցե փակվում է, ենթադրաբար եթե ճանաչում են ԱՊՀ մտնելու տարածքով, ուրեմն այդ անկլավների թեման էլ է փակվում, ֆիքսվում է 29 հազար 800-ը: Ճի՞շտ եմ:
Արեգ Քոչինյան. - Ես, կներեք, չասացի, որ փակվում է, ասացի, որ սա կարևոր է այդ ճանապարհին, ինքը վերջնական չէ… սա դեռևս վերջնական չէ, բայց կարևոր հանգրվան է: Ինչ վերաբերում է անկլավներին, իհարկե մեր վերծանությունը տեքստի կարող է դա լինել, Ադրբեջանինը կարող է և դա չլինել: Սա, իր հերթին, նույնպես պետք է ... կապել հետագայում, ես հնարավոր համարում եմ, որ մենք մեր արևմտյան գործընկերների հետ կարող ենք այնպես աշխատել, որ մեր մոտեցումը, որ անկլավների փոխանակում կամ վերադարձ, կամ վերաբաժանում չպետք է լինի, դա հնարավոր է դարձնել միջազգային հանրության սեփականությունը:
«Ազատություն». - Վերադառնալով Լեռնային Ղարաբաղի ճակատագրին՝ երեկ որևէ խոսք չեղավ հայտարարությունում, և Ալիևն էլ ասում էՙ հայերի ճակատագիրն ինքը որևէ մեկի հետ չի քննարկելու:
Արեգ Քոչինյան. - Քննարկելու է միայն տեղի բնակչության ներկայացուցիչների հետ:
«Ազատություն». - Եվ եթե չեն ուզում Ադրբեջանի դրոշի տակ ապրել, թող հեռանան:
Արեգ Քոչինյան. - Մի քանի ցավալի մենք մեզ համար բաներ պետք է արձանագրենք, առաջինը՝ Հայաստանը կարո՞ղ է սրանից ավելիին հասնել արցախյան թեմայում, թե՞ ոչ, փորձել հավաքական Արևմուտքից կամ Միացյալ Նահանգներից, կամ կոնկրետ որևէ երաշխավորից ստանալ տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքներ, գործուն երաշխիքների մասին է խոսքը: Ինձ մոտ կա տպավորություն, որ իշխանությունն իր առջև դրված խնդիրը հետևյալն է՝ հասնել նրան, որ ստանա ինչ-որ երաշխիք, որ թեկուզ և Ադրբեջանի կազմում, բայց հայ բնակչությունը տեղի կունենա անվտանգության երաշխիքներ և իրավունքներ:
«Ազատություն». - Պարոն Քոչինյան, Ռուսաստանն ինչպե՞ս է արձագանքելու տեղի ունեցողին, Եվրամիության դիտորդներ գան, կանգնեն սահմանին:
Արեգ Քոչինյան. - Բնական է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակներին և ցանկություններին չի համապատասխանում այս գործընթացը:
Այստեղ երկու տեսակետ կարող է լինել։ Մեկը այն է, որ Ռուսաստանն ունի ինքնավստահություն, որ մեկ է որևէ լուրջ բան չի դուրս գալու, և ինքը ցանկացած փուլում սա կարող է տորպեդահարել կամ կասեցնել, ինչպես, ըստ էության, արվեց 13 թվականի սեպտեմբերին. հիշում եք՝ մենք պատրաստել էինք, թղթերն արդեն տված էին, պիտի գնայինք, ստորագրեինք, վերջին օրը Սերժ Սարգսյանը գնաց և ստորագրեց լրիվ ուրիշ փաստաթուղթ (Մաքսային միությունը նկատի ունեմ)։ Կամ Ռուսաստանն այն վիճակում չէ հիմա, որպեսզի կարողանա, այսպես ասած, տորպեդահարել, ատամներ ցույց տալ, մահակներ բանեցնել և այլն: Օրինակ, մի ամիս առաջ ես շատ ավելի հոռետեսական էի տրամադրված և շատ ավելի խնդիրներ էի տեսնում, քան հնարավորություններ, հիմա մի փոքր իրավիճակը փոխվել է։
Նահանգների սկսած քաղաքական գործընթացի շրջանակում հիմա կա ինչ-որ տարբերակ, որով ես լուծումներ տեսնում եմ, լուծումներ, որոնք կապահովեն Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Հայաստանի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն առնվազն: Այդ ուղղությամբ պետք է աշխատել, այդ ուղղությամբ պետք է գնալ՝ միևնույն ժամանակ ֆիքսելով, որ չկա սցենար, որ ինչ-որ մեկը գալու է մեզ փրկելու, կա սցենար, որ ինչ-որ մեկի հետ աշխատելով մենք կարողանանք հասնել այդ հանգրվանին: