Ժամեր շարունակված բանակցություններից հետո կեսգիշերն անց Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել՝ երկու կարևոր արձանագրմամբ։ Նախ՝ Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրին։ Կողմերն ընդգծում են, որ սահմանազատումը կայանալու է հենց այդ հիմքով։ Բացի այդ, Հայաստանը համաձայնել է Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, Ադրբեջանը համաձայնել է համագործակցել՝ այնքանով, որքանով որ առնչություն կունենա դրա հետ։
Ավելի վաղ, Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորելը Եվրախորհրդարանում հայտարարել էր, թե Բրյուսելը պատրաստ է զորք տեղակայել հայ - ադրբեջանական սահմանին, սակայն Ադրբեջանը դրան չի համաձայնել: Թե ինչ լիազորություններ է ունենալու քաղաքացիական առաքելությունը, և ինչ է նշանակում՝ Ադրբեջանը կհամագործակցի այնքանով, որքանով առնչություն կունենա, հստակ չէ։ Այս պահին միայն հաղորդվել է, որ առաքելությունը կլինի երկու ամսով, աշխատանքը կսկսի առաջիկա շաբաթներին՝ կողմերի միջև վստահությունը ամրապնդելու և զեկույցներով սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար։ Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ նիստն էլ կկայանա Բրյուսելում՝ մինչև այս ամսվա վերջ:
Ղարաբաղի կամ այնտեղ ապրող հայերի մասին հայտարարության մեջ որևէ բառ չի ասվում։ Ադրբեջանի նախագահը, բանակցություններից հետո հանդիպելով ադրբեջանական լրատվամիջոցներին, երեկ կրկին պնդել է՝ մերժում են Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ քննարկում որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի հետ։ «Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա», - հավելել է նա։
«Մենք նախատեսում ենք շարունակել ոչ-պաշտոնական հանդիպումները Ղարաբաղի հայկական բնակչության հետ։ Այդպիսի շփումներ արդեն իսկ ընթանում են որոշակի ժամանակ, և կարծում եմ, որ դրանք կբերեն լիակատար փոխըմբռնման ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման գոտում ապրող բնակչության մեծամասնության հետ։ Ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրվելուց բացի այլ տարբերակ ուղղակի չկա։ Ով կընդունի, որ պետք է ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, կարծում եմ՝ չի զղջա, իսկ եթե ինչ-որ մեկին ինչ-որ պատճառով դա հարմար չէ, կարող են իրենց համար բնակության այլ վայր ընտրել», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Քառակողմ հայտարարության մեջ որևէ խոսք չկա նաև հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ: Երեկ Ալիևն ասել է, թե դա կարգավորվում է պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ, և կրկին պնդել, թե Հայաստանը չի կատարում ստանձնած պարտավորությունները։ Այս անգամ Ալիևը «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չի օգտագործել, բայց ասել է՝ Հայաստանը չի ուզում ինքնակամ դեպի Նախիջևան ավտոճանապարհ տալ։
«Ցավոք, այսօր էլ, երբ ես դիմեցի Հայաստանի վարչապետին, թե ի վերջո տվեք մեզ ավտոմոբիլային ճանապահի երթուղին, պատասխան չստացա։ Սա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ, քանի որ բոլորը գիտեն՝ որտեղով պետք է անցնի երկաթուղին ու ավտոճանապարհը։ Անհասկանալի է՝ ինչու ինքնակամ չեն համաձայնում մեզ անցում տրամադրել դեպի Նախիջևան: Սա, իհարկե, ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, սակայն մենք համբերում ենք, զսպվածություն ենք ցուցաբերում։ Ես վստահ եմ, որ դրան էլ կհասնենք, որքան շուտ, այնքան՝ լավ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Հայաստանի վարչապետը ժամեր անց արձագանքել է․ - «Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը», - Թվիթերում գրել է Փաշինյանը, ընդգծելով՝ Ադրբեջանն է, որ սրան չի համաձայնել։
Ավելի վաղ Երևանը պաշտոնապես հայտարարել էր, թե պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Նախիջանի միջև կապը՝ Հայաստանի օրենսդրությամբ, Բաքուն, սակայն, առաջարկն անպատասխան էր թողել՝ շաբաթներ առաջ անցնելով զենքի գործադրման։ Երեկ էլ, խոսելով խաղաղությունից, Ալիևը չի հստակեցրել՝ պատրաստվո՞ւմ է արդյոք մինչ համաձայնագրի կնքումը, կամ՝ դրանից հետո, դուրս բերել զորքը Հայաստանի տարածքից։ Փոխարենը՝ որպես նախապայման կրկին առաջ է քաշել թեզը, թե Ղարաբաղում հայկական զորամիավորումներ չպետք է լինեն։
«Հայկական զինված խմբավորումները մինչ այժմ մեր հողերից դուրս չեն բերվել, մենք դա պահանջում ենք։ Ճիշտ է, մի մասը հանվել է, բայց նրանք դեռ շարունակում են մնալ մեր հողում։ Հուսով եմ, որ սրան ևս վերջ կդրվի, քանի որ ողջ միջազգային հանրությունն է գիտակցում՝ Ղարաբաղը Ադրբեջան է», - ասել է նա։
Պրահայում՝ եվրոպական կողմի հետ բանակցություններից հետո Ալիևն ու Փաշինյանը մեկնել են Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Առայժմ հստակ չէ՝ արդյոք այստեղ նրանք կհանդիպեն Պուտինի միջնորդությամբ։
Այս պահին կողմերը հայտնել են, որ մտադիր են շարունակել արևմտյան նախաձեռնությունները․ ըստ այդմ, սահմանի դելիմիտացիայի հարցով կողմերը կհանդիպեն մինչև այս ամսվա վերջ՝ Բրյուսելում, առաջնորդների մակարդակով էլ ևս մեկ հանդիպում կունենան հաջորդ ամիս՝ կրկին Եվրամիության մայրաքաղաքում։ Մինչ այդ նախատեսված է հանդիպում արտգործնախարարների միջև, որի ժամկետները դեռ չեն համաձայնեցվել։