Մատչելիության հղումներ

Սրելով իրավիճակը՝ Բաքուն հետապնդում է 3 նպատակ, որոնց ուզում է հասնել ուժով կամ սպառնալիքով. Միջազգային ճգնաժամային խումբ


Ռուս խաղաղապահը Բերձորում, արխիվ
Ռուս խաղաղապահը Բերձորում, արխիվ

Բաքվի երեք պահանջները` ըստ փորձագիտական խմբի

Սրելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ՝ Բաքուն երեք նպատակ է հետապնդում, որոնց ուզում է հասնել ուժով կամ ուժի սպառնալիքով, հայտարարում է Միջազգային ճգնաժամային խումբը, որը տարիներ շարունակ հետևել է ղարաբաղյան խնդրին՝ խոսելով թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ու Ղարաբաղի պաշտոնյաների հետ։

Բաքվի առաջին պահանջը, ըստ փորձագիտական խմբի, վերաբերում է Ստեփանակերտից Հայաստան տանող ճանապարհին՝ Լաչինի միջանցքին։ Ադրբեջանցի պաշտոնյաները, մասնավորապես, ասել են, թե իրենց ընկալմամբ` Երևանը ձգձգում է այդ ճանապարհը շրջանցող նոր երթուղու շինարարությունը, ինչի մասին կողմերը պայմանավորվել էին նոյեմբերի իննի հայտարարությամբ։ «Նրանք ուզում են հետաձգել Լաչին քաղաքի և մի շարք գյուղերի հանձնումը»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Երկրորդ պահանջը փաստացի վերաբերում է Լեռնային Ղարաբաղում առկա զինված ուժերին։ Ադրբեջանն ապօրինի է որակում Ղարաբաղի պաշտպանության բանակն ու պահանջում, որ ռուս խաղաղապահները նրանց զինաթափեն, մինչդեռ Հայաստանն ու Ղարաբաղը հայտարարում են, թե նման հարց չի դրվել նոյեմբերի իննի հայտարարությամբ։

Տարաձայնություն կա նաև Ղարաբաղից հայաստանյան զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ։ Երևանը հայտարարում է, թե վաղուց է դուրս բերել իր զորքերը, Բաքուն՝ հերքում, վկայաբերելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հուլիսի կեսերին տված հարցազրույցը, թե Հայաստանը դուրս կբերի իր զորքը մինչև սեպտեմբեր։

«Դրանից հետո Երևանը կատաղի կերպով փորձում է հերքել այդ խոսքերը, պնդելով, թե դրանք դուրս են բերվել ընդհանուր համատեքստից»,- գրում է միջազգային խումբն ու նշում, թե այդ նպատակն էր հետապնդում նաև Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունն անցած շաբաթվա կառավարության նիստում, թե ՀՀ զինված ուժերն արդեն դուրս են բերվել Լեռնային Ղարաբաղից:

Ադրբեջանցի ռազմական պաշտոնյաներից մեկն, իր հերթին, Միջազգային ճգնաժամային խմբին ասել է՝ Բաքուն կշարունակի գործողությունները, քանի դեռ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ չի ապառազմականացվել։

Երրորդ պահանջով Բաքուն, կարծես թե, ձգտում է բանակցություններ սկսել Խաղաղության պայմանագրի շուրջ, որով ակնկալում է վերջակետ դնել հակամարտությանն իր օգտին, գրում են միջազգային փորձագետները։ Թեև անցած ապրիլին Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Բրյուսելում հայտարարեցին, թե պատրաստ են բանակցություններ սկսել դրա շուրջ, սակայն Բաքվում դժգոհում են, թե այդուհետ դիվանագիտական շփումները շատ դանդաղ են ընթացել։

«Հայաստանի պաշտոնյաները միտումնավոր են ձգձգում բանակցությունները»,- ասել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը, հավելելով. «Նրանք կարծում են, որ կարող են սպասել, մինչև աշխարհաքաղաքական իրավիճակը կփոխվի հօգուտ իրենց»։

Հայաստանցի պաշտոնյաներն էլ, իրենց հերթին, Բաքվին են մեղադրում, պնդելով, թե հենց Ադրբեջանն է փորձում խոչընդոտել ԵՄ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները` օգտվելով այն հանգամանքից, որ հիմա աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վրա։

«Ադրբեջանը փորձում է ռազմավարական առավելության հասնել` գրավելով Փառուխը, ինչպես նաև Լաչինի միջանցքի և շփման գծի մերձակայքում գտնվող դիրքերը, որոնք գտնվում էին Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ»,- ասել են հայաստանցի ու ղարաբաղցի պաշտոնյաները։

«Վերջին բախումները ի ցույց դրեցին այն մարտահրավերները, որոնց բախվում է խաղաղապահ առաքելությունը»

Կարող են արդյո՞ք այս պարագայում ռուս խաղաղապահները կանգնեցնել Ադրբեջանին ու պահել հրադադարը՝ հարց են տալիս միջազգային փորձագետներն ու արձանագրում՝ մայիսի սկզբից նրանք ամենօրյա պարեկություն էին իրականացնում Լաչինի միջանցքի մոտ գտնվող Սարիբաբա բարձունքում։ Ադրբեջանի վերջին առաջխաղացումից օրեր առաջ, սակայն, այդ պարեկությունը դադարեցվել է՝ մինչ այժմ անհայտ պատճառներով։

«Երևանում ու Ստեփանակերտում ոմանք դժգոհ են խաղաղապահների, իրենց համոզմամբ, անգործությունից»,- գրում են փորձագետներն ու հավելում. «Չնայած պարզ էլ չէ, թե ռուսները իրականում ավելին անելու համար ինչ կարողություններ ունեն»։

«Խաղաղապահները հաճախ իրենց անկարող են զգում․ բոլորն են հասկանում, որ այսօր Ռուսաստանը թույլ է առավել, քան երբևէ միջազգային ասպարեզում», - փորձագետներին ասել է Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

«Վերջին բախումները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին այն մարտահրավերները, որոնց բախվում է ռուսական խաղաղապահ առաքելությունը», - գրում է միջազգային խումբը, արձանագրելով, որ խաղաղապահները մինչ օրս հստակ մանդատ չունեն, և պարզ չէ, թե դիտարկումից անդին ինչ կարող են անել։

Դեռ մեկ տարի առաջ նույն այս փորձագիտական խումբը հորդորել էր հակամարտող կողմերին հստակեցնել խաղաղապահների դերը․ «Այսօր, սակայն, դա խիստ անհավանական է թվում` հաշվի առնելով առաքելության հասցեին թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից հնչող քննադատությունները»,- հայտարարում են փորձագետները, հավելելով. «Այս հիասթափությունը սպառնում է խաթարել խաղաղապահների՝ եղած դիտարկման մանդատը իրագործելու կարողությունը, և երբ պահը հասունանա, միջազգային միջնորդները պետք է հորդորեն կողմերին վերանայել այս հարցը, որը այս կամ այն կերպ հայտնվելու է օրակարգում 2025 -ին, երբ Բաքուն ու Երևանը պետք է իրենց համաձայնությունը տան առաքելության շարունակմանը»։

Անհրաժեշտ է, որ արտաքին բոլոր խաղացողների միջև լինի համաձայնեցված դիվանագիտություն, կարծում են փորձագետները

Էլ ավելի կարևոր է, ըստ փորձագետների, որ արևմտյան մայրաքաղաքներն ու Մոսկվան թույլ չտան, որ Ղարաբաղի հարցում իրենց միջնորդական ջանքերն արնաքամ լինեն Ուկրաինայի հարցում առկա դիմակայության պատճառով։

«Նույնիսկ այսօր, տարված լինելով այդ պատերազմով, Մոսկվան ավելի մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանին ու Ադրբեջանին, քան Եվրամիությունը կամ Վաշինգտոնը։ Ռուսաստանը շարունակում է մնալ միակ երկիրը, որը պատրաստակամ է ուժեր ուղարկել տարածաշրջան՝ մնալով միաժամանակ երկու կողմերի առանցքային առևտրային գործընկերը։ Այս հարցում Մոսկվայի հետ համագործակցությունը, որքան էլ դա տհաճ լինի եվրոպական մայրաքաղաքների համար, մեծացնում է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հնարավորությունները»,- հայտարարում են միջազգային փորձագետները։

Խումբը պնդում է՝ վերադարձը պատերազմին դեռ կարելի է կանխել, հնարավոր է նաև աջակցել հակամարտության վերջնական կարգավորմանն ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված՝ նոր-նոր սկսվող բանակցություններին, «միայն թե դրա համար անհրաժեշտ է, որ արտաքին բոլոր խաղացողների միջև լինի համաձայնեցված դիվանագիտություն»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG