«Իշխանությունը կրող անձինք չեն ուզում որևէ կերպ ասոցացվեն Հայաստանի կողմից կատարվող զիջումների հետ»
Հայաստանի իշխանությունը չի ուզում ասոցացվել կատարվող զիջումների հետ, Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին Հայաստանի իշխանության լռությունն այսպես է մեկնաբանում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։
«Իշխանությունը կրող անձինք չեն ուզում որևէ կերպ ասոցացվեն Հայաստանի կողմից կատարվող զիջումների հետ, Հայաստանի կրած պարտության հետ, ընդհանուր առմամբ արցախյան գործընթացի հետ, և այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանությունները փորձում են ջանասիրաբար լռել այս թեմայով, փոխարենը մենք տեսնում ենք, որ ցանկացած, անգամ ամենափոքր հաջողության պարագայում իշխող թիմի ներկայացուցիչները բավականին արագ և մեծ քանակությամբ գրառումներով, հայտարարություններով հանդես են գալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը:
Երբ շփման գծում իրադրությունը սրվեց, Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան կապը նոր երթուղիով կազմակերպել, սա նշանակում էր Բերձորի, Աղավնոյի ու Սուսի հանձնում Ադրբեջանին։
Անմիջապես հետևեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, թե «Լաչինի միջանցքն այլ երթուղիով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»։ Արմեն Գրիգորյանը վկայակոչել էր հենց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով պատերազմից հետո 3 տարում Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու կառուցման զուտ ծրագիրն է հաստատվում։
Մեկ օր անց էլ արտգործնախարար Միրզոյանը Բաքվի պահանջը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում որակեց։
Դրանից հետո լռություն է։
Որ համաձայնությունը կայացել է՝ խաղաղապահները գնալու են, ադրբեջանական զինուժն էլ օգոստոսի 25-ին մտնելու է Բերձոր, Աղավնո ու Սուս, տեղեկությունն արցախցիներին Ստեփանակերտի իշխանությունները հայտնեցին։
Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունը ստորագրած Հայաստանի վարչապետը կառավարության երեկվա նիստում քննարկեց աշնանացան ցորենի սուբսիդավորման հարցը, անփոս ճանապարհների ու Հայաստանով անցնող-դարձող բեռնատարները կշռելու հեռանկարը, հրահանգեց Լոռու մարզում ակնահաճո տեսարաններ բացել, բայց ոչ մի խոսք չասաց Արցախում տեղի ունեցողի մասին:
«Եթևեկելիս, օրինակ, այդ կամուրջը մի պահ երևում է, հետո հաջորդ պահին անցնում է ծառերի հետևը: Ես այդ ժամանակ ուղղակի մտածեցի, որ սա այն դեպքն է, որ պետք է չխնայել և ծառերը կտրել, մի փոքր այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետև դա ճարտարապետական հուշարձան է: Ի վերջո, ճանապարհի բովանդակությունը և էսթետիկան ամբողջությամբ փոխում է», - երեկ ասաց Փաշինյանը:
«Երևանը հետքաշված է պահում իրեն մի կողմից խաղաղապահների պատասխանատվությունը բարձրացնելու համար»
Ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի՝ Երևանը որոշակիորեն հետքաշված է պահում իրեն մի կողմից ռուս խաղաղապահների պատասխանատվությունը բարձրացնելու, մյուս կողմից՝ ստեղծելու մի իրավիճակ, որ Ադրբեջանը թեկուզ ոչ ֆորմալ, ռուսների միջոցով, բայց ստիպված լինի ինչ-որ հարցեր լուծելու համար հաղորդակցվել արցախյան կողմի հետ։
«Նաև որոշակիորեն այս պասիվությունը պայմանավորվում է նրանով, որ Ադրբեջանը չփորձի Հայաստանի ուղղությամբ ինչ-որ գործողություններով ընդլայնել իր համար շանտաժի դաշտը և փորձի այլ օրակարգեր և քաղաքական պահանջներ բերել մեջտեղ, հատկապես Ադրբեջանը, ըստ ամենայնի, Հայաստանից չի ստանում այն, ինչն ակնկալում է այդ միջանցքային տրամաբանության մեջ և դրա համար փորձում է ինչ-որ պահանջներ դնել Լաչինի մասով` զարգացումներն արագացնելու առումով», - նշեց նա:
Վերլուծաբանների կարծիքները տարբեր են. Հակոբ Բադալյանը մտածում է՝ Երևանը քաղաքական հաշվարկեր ունի, իսկ Արեգ Քոչինյանի խոսքով՝ տևական այս լռության մեջ լուրջ դիվանագիտական հաշվարկ ընդհանրապես պետք չէ փնտրել:
«Երբ վարչապետը, օրինակ, խորհրդարանում հայտարարում է, որ մենք կունենայինք նույն իրավիճակն առանց զոհերի պատերազմից հետո, նույն վիճակն այստեղ է` մենք կունենայինք նույն պայմանավորվածությունը կամ իրավիճակն առանց երկու զոհի: Իշխանությունների ձեռագիրն է արդեն դառնում` ցանկացած իրավիճակ բերել, հասցնել լարման, պայթյունի նախաշեմին ունենալ վիրավորներ և զոհեր, որպեսզի զիջումն ավելի դյուրամարս կամ ավելի ընկալելի դարձնեն հասարակության համար», - նշեց Արեգ Քոչինյանը:
Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհին ադրբեջանցիները, Ալիևի խոստմանը համաձայն, դնելու են անցակետ. Քոչինյան
Նա կանխատեսում է՝ Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհին ադրբեջանցիները, Ալիևի խոստմանը համաձայն, դնելու են անցակետ՝ կիրառելու համար նույն կարգավորումները, որոնք կլինեն Մեղրիով անցնող ու Նախիջևանին կապող ճանապարհին՝ մաքսատուրք սահմանելով, ստուգելով անցնող-դարձող հայերին։
Չի բացառում, որ դրան հասնեն Արցախում ռուս խաղաղապահների 5-ամյա մանդատը երկարաձգելու դիմաց. «Վստահ չեմ, որ դա կլինի հենց հաջորդ օրվանից, երբ մենք սկսենք օգտագործել այդ ճանապարհը, բայց վստահ եմ, որ ժամանակի մեջ ինչ-որ պահի մենք դա տեսնելու ենք»:
Չնայած իշխանությունը հայտարարեց՝ Բաքվի պահանջը լեգիտիմ չէ, ու անհրաժեշետ է ենթակառուցվածքների ու խաղաղապահների վերատեղակայման հարցերը փաստաթղթով ամրագրել, բայց մինչև հիմա որևէ պաշտոնյա չի բարձրաձայնել՝ կան արդյոք այս ուղղությամբ պայմանավորվածություններ կամ բանակցություններ։