Աղավնոյի դպրոցում հավաքվում են՝ դասացուցակներ, պլակատներ, նկարներ՝ իջեցնում են պատերից, այն, ինչ պետք չի գալու, այրում են, Արցախի կրթության նախարարությունից մեքենա կգա՝ կտանի դպրոցական գույքն ու դասագրքերը։
16 օրից հայկական Աղավնոն դառնալու է ադրբեջանական Զաբուխ. գյուղի բնակիչները չեն շտապում:
«Մտածում են, որ հնարավոր է երեխաներին հանեն, բայց մեծերով մնանք մինչև վերջին օրը, մինչև վերջին ժամը, տեսնենք էդ ինչպե՞ս են իրականացնում՝ առուծախ ասեմ, թե ին ասեմ», - նշեց Աղավնոյի բնակիչ Անուշ Առաքելյանը:
Դպրոցի հայոց լեզվի, գրականության ուսուցիչ Անուշ Առաքելյանն ասում է՝ այնպես չէ, որ Աղավնոյում մեծ եռուզեռ է ու բեռնատարների ակտիվ շարժ. մարդիկ սեփական մեքենաներով ինչ կարողանում՝ հանում են ու հետ վերադառնում գյուղ: Արցախի կառավարությունը խոստացել է աջակցել հեռանալու հարցում, բայց դեռ հստակ չէ, թե ինչպես: «Ջախջախված ենք»,- ասում է Աղավնոյի բնակիչներից Մարիամ Հակոբյանը:
«Համակերպված դուրս են ուզում գան էլի, ուղղակի ճար չկա, ի՞նչ պիտի անեն», - ասաց Հակոբյանը:
Կառավարությունը Աղավնո, Բերձոր, Սուս համայնքների բնակիչներին առաջարկում է սերտիֆիկատ՝ 10 միլիոն դրամի: Մարդիկ, սակայն, չունեն վստահություն, որ այդ փողով կարող են տուն գտնել Հայաստանի որևէ համայնքում:
Աղավնոյում ապրողներից շատերը Արցախում մնալ այլևս չեն ցանկանում, միայն 9 ընտանիք այս պահին, ասում է Մարիամ Հակոբյանը: Ինքը ամենավերջին օրը՝ օգոստոսի 24-ին, երբ ռուսները հեռանան Աղավնոյից ու ադրբեջանցիները մոտենան, Երևան կգա. - «Մենք ամբողջ ազգով կանգնեցինք ու ինքնասպանություն գործեցինք»:
Ադրբեջանին հանձնվող տարածքներից հավաքվում են մշակութային կոթողները
Մշակութային կոթողներ, հուշարձաններ, խաչքարեր. մի քանի օր է՝ Արցախի Մշակույթի նախարարությունը հավաքում է դրանք՝ Ադրբեջանին հանձնվող տարածքներից:
«Կենտրոնացվում են մի վայրում, այնուհետև արդեն առաջարկություններ կան այդ հուշարձանները նորից տեղավորելու, նորից պուրակներ սարքելու: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմն ունի առաջարկներ», - ասաց Արցախի կրթության, մշակույթի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:
Չորս տասնյակից ավելի հուշարձաններ պիտի տարհանվեն, Արցախի կրթության, մշակույթի փոխնախարար Կեռնիկ Հովհնաննիսյանի խոսքով՝ հիմնականում վերջին 30 տարում տեղադրված կոթողներ են, հիմնականում արցախյան պատերազմների թեմաներով:
«Քաշաթաղի շրջանն ընդհանրապես հարուստ է հուշարձաններով, բայց կոնկրետ Բերձոր և Աղավնո բնակավայրերում հիմնականում նոր հուշակոթողներ են», - նշեց Հովհաննիսյանը:
«Ես դա համարում եմ սխալ, որովհետև մենք մեր ձեռքով հետքերը մաքրում ենք», - ասաց Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը:
Արցախի նախագահի խորհրդականը ծանր սրտով է հետևում հայերի ու հայկական մշակույթի տարհանմանը, վստահ է՝ հուշարձանները պետք է թողնել, նույնիսկ հանձնում ընդունումի պես մի բան անել, հետո՝ մոնիտորինգի տակ պահել, շեշտում է՝ հուշարձանները այդ տարածքում լեգիտիմացնում են մեզ:
«Տարհանողներն այն կարծիքին են, որ հնարավոր է պղծվեն, դրա համար են հանում, իսկ ես այն կարծիքին եմ, որ պետք է աշխատանքներ տարվեր՝ մեր ներկայությունը շարունակի մնալ Քաշաթաղի շրջանում, Քարվաճառի շրջանում, և մենք մեր հետքերը չպետք է սրբենք», - ընդգծեց նա:
Այդ տարածքներում մահմեդական ոչինչ չկա, ասում է Ղարախանյանը, չկա ՝ կլինի։ Ադրբեջանն արդեն նախագիծ է ներկայացրել, թե ինչպես է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու, այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը։ Ադրբեջանական նախագծով՝ ապամոնտաժվում են գմբեթի զանգակատունը, վեղարը, կառուցվում են երկու մինարեթներ։