Խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Լաչինի միջանցքի շուրջ նախորդ օրերին տեղի ունեցածի պատճառով՝ հայտարարելով, թե «կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերված համաձայնությունների ու բանավոր պայմանավորվածությունների հետ, և որ օգոստոսի 25-ը որպես վերջնաժամկետ հանրությանը հրամցնելը հենց դրա հերթական վկայությունն է»:
Միջանցքի շուրջ օրեր շարունակվող զարգացումներից հետո, առաջին անգամ անդրադառնալով տեղի ունեցածին, ընդդիմադիր պատգամավորները նշում են՝ «օրվա իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և համատեղ այդ ուժերի հետ իրականացնում են Արցախի հայաթափման ծրագիրը»։
«Հայաստան» խմբակցությունը կոչ է անում համազագային համախմբման և ընդգծում, թե «պարտության անիվն օր առաջ կանգնեցնելը հնարավոր է բացառապես իշխանությունների հեռացմամբ»։
Խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հետևողականորեն կյանքի է կոչում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանին շահավետ կետերը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկում նույն փաստաթղթում նշված հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։
«Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախի Հանրապետությունից, արցախահայությունից, Արցախի անվտանգությունից։ Թեև 2021 թվականին Ազգային ժողով ներկայացված կառավարության ծրագրով, ՔՊ-ի նախընտրական ծրագրով արցախահայության անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, և այսօր այս գործընթացում Հայաստանը փորձում է ամբողջությամբ իրեն մի կողմ դնել և Արցախն ու արցախահայությունը թողնել միայն բանակցային և ոչ բանակցային պրոցեսի դեմ հանդիման», - ասաց Գեղամ Մանուկյանը։
Խորհրդարանի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Հայաստան» խմբակցության հայտարարությունը որակեց «Ադրբեջանի ագրեսիան հայաստանյան քաղաքական, լրատվական դաշտում շարունակող գործելաոճ»։
«Նախ շատ զարմացած եմ, որ «Հայաստան» խմբակցությունը վերջապես որոշեց խոսել Լաչինի միջանցքի գոյությունից ու այնտեղ ադրբեջանական ագրեսիայից, որովհետև ինձ մոտ տպավորություն էր, որ կարծես թե դրա մասին չեն ուզում խոսել, հատկապես զարմանալի էր դա՝ հիշելով փաստը, որ Լաչինի միջանցքը, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, գտնվում է ռուս խաղաղապահների բացարձակ վերահսկողության տակ։ «Հայաստան» խմբակցությունը դրա մասին, չգիտես ինչու, չէր խոսում, իսկ, ընդհանուր առմամբ, նույն պատեռմն է կարծես թե գործում Ադրբեջանի ու «Հայաստան» դաշինքի մոտ, որպես էդպիսին․ Ադրբեջանն ինչ-որ սադրանք, ինչ-որ ագրեսիա, ինչ-որ պայմանավորվածությունների խախտում է անում, դրանից հետո «Հայաստան» խմբակցությունն, իրեն հատուկ ոճով, սկսում է մեղադրել Հայաստանի իշխանություններին դրանում։ Ես չգիտեմ, գուցե էդ մարդիկ ինչ-որ նոստալգիայի մեջ են և մինչև հիմա պատկերացնում են, թե իրենք երիտթուրքերի հետ դեռ կոալիցիոն կապեր ունե՞ն որպես էդպիսին», - ասաց Ալեքսանյանը։