Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Ստեփանակերտում. մասնակիցները հայտարարում են՝ դժգոհ են Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումից


Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ երեկվա հանդիպումից հետո դրա մասնակիցներն ու մի խումբ քաղաքացիներ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա էին կազմակերպել:

Ակցիայի մասնակիցները պարզել էին «Խաղաղապահներ, որտե՞ղ է ձեր խոստացած խաղաղությունը», «Պահանջում ենք հետևել նոյեմբերի 9-ի հայտարարությանը», «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Վերադարձրեք Փառուխը, Խծաբերդը» գրությամբ պաստառներ:

«Բարի եղեք, զբաղվեք ձեր գործով, հակառակ դեպքում մենք կփոխենք մեր գործողությունները ձեր և մյուսների նկատմամբ», - հայտարարեց հավաքվածներից Գայանե Առուստամյանը։

Հավաքը գլխավորող ընդդիմադիր Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հայտարարեց, որ ակցիայի պատճառը երեկվա հանդիպումն է, դժգոհ են մնացել. խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովից ոչ մի հստակ հավաստիացում չեն ստացել, որ շփման գծում նոր միջադեպեր չեն լինի։ Ըստ Օսիպյանի՝ խաղաղապահների հրամկազմն իրենց տեղեկացել է, որ բավարար միջոցներ ու լիազորություններ չունեն ադրբեջանական կողմի ագրեսիան կանխելու ու հակազդելու համար։

«Պարզվում է՝ խաղաղապահները չունեն ո՛չ միջոցներ, ո՛չ թվակազմ և անգամ լիազորություն, որ այստեղ պահպանեն արժանապատիվ խաղաղություն։ Խաղաղապահների լիազորությունները մի կերպ բավարարում են իրենց ինքնապաշտպանությանը, այն էլ ոչ լիարժեք», - հայտարարեց Օսիպյանը:

Հավաքի մասնակիցներն այսօր դիմեցին Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարությանը, որպեսզի վերջիններս Բաքվից պահանջեն հարգել եռակողմ հայտարարության կետերը, ըստ որի՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իրականացվում է գերիների, պատանդների փոխանակում։

«Մենք նշել ենք մեր կարմիր գծերը՝ եթե մենք արդեն ունենք զոհեր, մենք ունենք տարածքային կորուստներ, մենք լռելու որևիցե նպատակ չունենք: Եթե դուք չեք կարողանում ապահովել այստեղի խաղաղ կյանքը, ուրեմն պետք ա դուք հայտարարեք դա, եթե դուք չհայտարարեք, մենք ենք հայտարարելու», - նշեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահը:

Երեկվա հանդիպմանը, ըստ արցախցի ընդդիմադիր գործչի, խաղաղապահներն իրենց են փոխանցել ադրբեջանական կողմի վերջնագրերը, մասնավորապես, Հայաստանն Արցախին կապող Լաչինի հին ճանապարհի փոխարեն նոր ճանապարհով անցնելու և Լեռնային Ղարաբաղի ապառազմականացման վերաբերյալ։ Օսիպյանն ասում է՝ երկու պահանջն էլ անօրինական է և խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ընդդիմադիր գործիչը վրդովված էր՝ ինչո՞ւ է ռուսական կողմն այդ վերջնագրերն իրենց փոխանցել։

«Ադրբեջանն ուլտիմատում ա փոխանցել, որտեղ դրած ա, որ օգոստոսի 5-ին պետք ա անցնենք նոր ճանապարհին երթևեկելու համար, որը անհնարին ա, որովհետև այդ ճանապարհը կառուցված չի: Էն, ինչ որ հայտարարվել ա էս իշխանությունների կողմից, դա լրիվ անօրեն գործողություններ են արած: Էն, որ ադրբեջանցիները մտել են էդ տարածքում ճանապարհ են կառուցել, ո՞վ ա դրա համաձայնությունը տվել, ի՞նչ իրավունքով են դա արել, որևիցե հիմք չկա», - ընդգծեց նա:

Երեկ հանդիպումից անմիջապես հետո «Ազատությանը» որոշ մանրամասներ էր փոխանցել նաև ընդդիմադիր «Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը։ Նրա պնդմամբ՝ ռուսական կողմը հավաստիացրել է, թե Ադրբեջանը պատասխան կտա վերջին սրացման համար, որի հետևանքով հայկական կողմում երկու զինծառայող զոհվեց, ևս 19 վիրավորվեց:

«Հավաստիացնումներ ստացել ենք, որ այս ամենը տարբեր կենտրոններից ուղղորդվող սադրանքներ են, Ադրբեջանին ասում են ինչ անեն, դա Վոլկովի բառերն են, և նա հավաստիացրեց, որ Ադրբեջանն իր արարքների համար պատասխան է տալու: Մենք ասել ենք, որ «դուք փաստորեն վերցրել եք այդ միսիան ձեր վրա, բայց հիմա ստացվում է, որ այդ միսիան չեք կարողանում պատշաճ իրականացնել, մենք տեսնում ենք, որ ունենք զոհեր վիրավորներ»: Վոլկովը նույնպես շատ մտահոգված էր, նա կոնկրետ այս ամենը որակեց Ադրբեջանի կողմից պրովոկացիա, նա մեզ հավաստիացրեց, որ այս ամենը հասնում է ամենաբարձր մակարդակին, այսինքն՝ մինչև Պուտին», - ասաց Պետրոսյանը:

Նախօրեին հանդիպումից հետո ռուսական զորախմբի Telegram-յան ալիքն էր հաղորդել, թե գեներալ-մայորը լարվածությունը թուլացնելու հավաստիացումներ է տվել։

Մինչ այդ ադրբեջանական կողմը շարունակում է հայկական կողմին մեղադրել սադրանքներ հրահրելու համար։ Բաքվից այսօր դարձյալ հայտարարեցին, թե «հայկական զինված ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Քելբաջարի և Լաչինի շրջանի ուղղություններով։ Այս տեղեկությունն անմիջապես հերքեցին Հայաստանի ու Արցախի ռազմական գերատեսչությունները՝ այն ապատեղեկատվություն որակելով։ Այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ առավոտյան 9-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերական կայուն է եղել, նշելով՝ լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG