Բաքուն դարձյալ Երևանին է մեղադրել անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման համար և կրկին պահանջել Ղարաբաղից դուրս բերել հայկական զինված ուժերը։
Երեկվանից Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարարը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում պնդել է, թե Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և սադրանքների է դիմում: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը անցած շաբաթվա իր տեղեկագրերում մի քանի անգամ նշել էր, որ հրադադարը խախտել է հենց ադրբեջանական կողմը:
«Եռակողմ հայտարարության դրույթները ամբողջությամբ պետք է իրագործվեն: Առաջնային և ամենալուրջ խնդիրը Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերումն է: Մենք Հայաստանից պահանջում ենք կատարել այդ պարտավորությունը», - ասել է նա:
Բայրամովի պնդմամբ` նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` խաղաղապահ ուժերի Ղարաբաղ մտնելուց հետո հայկական զինված ուժերը պետք է դուրս գային այնտեղից, սակայն դա դեռ տեղի չի ունեցել: Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը լիովին պետք է ապահովվի, և Բաքուն թույլ չի տա «իր տարածքում հայկական անօրինական որևէ զինված տարրի ներկայություն»:
Պաշտոնական Երևանը դեռ շաբաթներ առաջ էր հայտնել, որ Հայաստանն ամբողջովին դուրս է հանել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից, սակայն Բաքուն շարունակում է պնդել այս պահանջը՝ ակնհայտորեն նկատի ունենալով Արցախի պաշտպանության բանակը։ «Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ», - հուլիսին ասել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև պնդել է, թե Հայաստանը ձգձգում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով ստանձնած պարտավորությունների կատարումը, որը ևս բխում է եռակողմ հայտարարությունից: Երևանը, սակայն, շարունակ հայտարարել է, որ մերժում է միջանցքային տրամաբանությունը։
Բայրամովն այսօր հայտարարել է, որ Բաքուն ամեն դեպքում ունի այլընտրանք Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցություն հաստատելու համար. «Այլընտրանքային ճանապարհ կա` Հայաստանը շրջանցելով Իրանի տարածքով կամրջով կապվել Նախիջևանի հետ»:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ արդեն մեկնարկել է Արաքս գետով անցնող առաջին կամրջի շինարարությունը։ Բայրամովը հավելել է, որ Հայաստանը ուզի թե չուզի, այդ նախագիծը կյանքի կոչվելու է՝ «պարզապես Հայաստանին հնարավորություն է տրվել, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանային համագործակցությունից, և եթե Երևանը սխալ որոշում կայացնի, ապա կվնասի ինքն իրեն»։
Ադրբեջանցի դիվանագետը նաև ասել է, որ ոչ ոքի շահերից չի բխում վնասել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, և Բաքվում հույս ունեն, որ Հայաստանը ի վերջո կգիտակցի սա:
Ի դեպ, այսօր Թուրքիա է ժամանել նաև Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը տիկնոջ հետ միասին Քոնիայում մասնակցում է Իսլամական սոլիդարության 5-րդ խաղերի բացման հանդիսությանը: Սպասվում է, որ Ալիևը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: