Մատչելիության հղումներ

Ըստ իշխանական պատգամավորի՝ Փաշինյանի մեղադրանքների հասցեատերը խաղաղապահներն են, ոչ թե Ռուսաստանը


Մոսկվան դեռ չի տեսել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելուն առնչվող Հայաստանի վարչապետի առաջարկները, այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Փաշինյանը երեկ կառավարության նիստում մեղադրել էր ռուս խաղաղապահներին, թե պատերազմից հետո նրանց ներկայությամբ ու թողտվությամբ են տեղի ունեցել Արցախում մի շարք միջադեպեր, Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը, հայ զինծառայողների գերեվարումը, հրադադարի խախտումները։

Ռուսաստանի արտգործնախարարը, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, ասել է, թե խաղաղապահների գործունեության հետ կապված առաջարկներ, որ ցանկանում է քննարկել Փաշինյանը, չեն տեսել։

«Կողմերից յուրաքանչյուրը, որի պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից, իհարկե, իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ»,- ասել է Լավրովը:

Լավրովի խոսքերին Հայաստանից հրապարակային արձագանք դեռ չկա։ Այս պահին Ռուսաստանի դեմ տրամադրվածություն չկա, հստակեցնում է իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Փաշինյանի մեղադրանքների հասցեատերը, ըստ նրա, խաղաղապահներն են, ոչ թե Ռուսաստանը։

«Մենք ուզում ենք, որ Ռուսաստանն իր պարտավորությունները կատարի և ըստ այդմ խաղաղապահների գնահատականը տա` արդյոք խաղաղապահների վարքագիծը բխում է Ռուսաստանի բուն քաղաքականությունից, թե՞ հակասություն կա այնտեղ», - ասաց նա:

Սեթևեթանքների ժամանակն անցել է, Փաշինյանն անկեղծորեն վերլուծում է իրավիճակն ու լուծումներ առաջարկում, համոզված է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը։ Ի՞նչ լուծումներ է առաջարկում, արդյոք Ռուսաստանին այլընտրանք է փնտրում, երբ ասում է՝ «եթե ԼՂ շփման գծի անվտանգությունը չի ապահովվում, պետք է մտածել լրացուցիչ՝ միջազգային մեխանիզմների մասին»։ Փաշինյանի թիմակիցն ուղիղ չպատասխանեց «Ազատության» հարցին։ Հորդորեց սպասել, ասաց` քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:

«Ցանկացած իրավիճակ միշտ ունի ելք, իհարկե, լուծումներ կան, ինչո՞ւ չկան, կան, բազմաթիվ լուծումներ կան, որը կընտրվի, որը կիրագործվի, կապված է Ռուսաստանի պատասխանից, քայլերից, կտեսնենք` Ռուսաստանն ինչ շարունակականություն է դրսևորում, ըստ այդմ լուծումները կարող են փոխվել: Քաղաքականությունը շատ լավ սկզբունքներ ունի, որ ոչ մի բան երբեք չի կարելի բացառել», - ասաց Վիգեն Քոչարյանը:

Փաշինյանի վերջին հայտարարությունը հերթական փորձն էր` մեղավորներ ու պատասխանատուներ կարգել. ընդդիմադիր պատգամավոր

Փաշինյանի վերջին հայտարարությունը հերթական փորձն էր` մեղավորներ ու պատասխանատուներ կարգել Արցախում ստեղծված իրավիճակի համար, կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Իհարկե, ռուսական խաղաղապահ զորակազմի դերակատարությունը, պատասխանատվությունը, լիակատար պատասխանատվությունը այն, ինչ որ կատարվել է Արցախում, նկատի ունեմ և Փառուխի դեպքը, և դրանից առաջ, մեծամասամբ կա, բայց պատասխանատվությունն առաջին հերթին ՀՀ-ն է կրում և Հայաստանի իշխանությունները», - շեշտեց նա:

Իսկ ինչո՞ւ Փաշինյանն ավելի վաղ չէր քննարկել խաղաղապահ զորախմբի առաքելության մանրամասները, հարցնում է ընդդիմադիր պատգամավորն ու հիշեցնում Լավրովի այսօրվա հայտարարությունը. «Պարզ է դառնում մի բան` Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին չմտածված, հապշտապ, առանց խորհրդակցությունների ստորագրել է մի փաստաթղթի տակ, դրա հետևանքները չհասկանալով, չմտածելով, չծրագրելով հետագա գործողությունները, նույն խաղաղապահների մանդատի հետ կապված, նրանց իրավասությունների, լիազորությունների հետ կապված: Առաջին անգամ չէ` օտար երկրի ներկայացուցիչը հրապարակային հերքում է հայկական կողմի հայտարարությունները: Դեռ ավելին` խոսքը կոնկրետ Լավրովի մասին է»:

Իսկ ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը, երբ խաղաղապահ զորախմբի պատասխանտվության տակ գտնվող շփման գծում պարբերաբար լարված է։ Գեղամ Մանուկյանի կարծիքով` իրավիճաակը կփոխվի, եթե փոխվի գործող իշխանությունը` հնարավոր է բանակցել ու սրբագրել եղածը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG