Մատչելիության հղումներ

Ստեփանակերտից դեռ չեն արձագանքում մի շարք բարձունքների վրա վերահսկողություն սահմանելու Բաքվի պնդումներին


Պաշտոնական Ստեփանակերտից քանի օր է՝ չեն արձագանքում Բաքվից հնչող այն պնդումներին, թե ադրբեջանական զինուժը վերահսկողություն է սահմանել մի շարք բարձունքների վրա։ Արդյոք իրական են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, թե ոչ, այսօր պաշտոնական աղբյուրներից պարզել չհաջողվեց. Պաշտպանության բանակն ու նախագահականը «Ազատության» զանգերն անպատասխան են թողնում։

Բաքուն անցած շաբաթ հայտնեց Արցախում մի շարք բարձունքների գրավման, մասնավորապես Մարտակերտի շրջանում գտնվող Սառցասար կամ Բուզդուխ կոչվող սարի և Քոլատակի գլխի՝ Գըրք-գըզի մասին։

Բաքվի նշած այս բարձունքերը Մարտակերտում են։ Շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, սակայն, այսօր հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ առանց հստակ պատճառաբանության։

«Լրագրողների ոչ մի հարցի չեմ պատասխանելու, խնդրում եմ՝ էլ էս համարին չզանգեք», - ասաց Ավանեսյանը:

Ստեփանակերտից դեռ մինչ ադրբեջանական կողմի հայտարարություններն էին հաղորդել, որ հայկական կողմը դիրքային կորուստներ չունի։ Բարձունքների մասին հայտարարությունից հետո, սակայն, հայկական կողմը Բաքվի պնդումներին չի արձագանքել։

Ադրբեջանական կողմը հայտնել էր նաև, որ գրավել է Շուշիի շրջանի Եղցահող համայնքի հարևանությամբ գտնվող Սարիբաբա բարձունքը։ Եղցահողցիներն օգոստոսի 3-ին «Ազատությանը» հայտնել էին, որ ադրբեջանական զինուժը հայկական բարձունքներում է տեղավորվել, որոնք ամիսներ առաջ պաշտպանության բանակը լքել էր՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։

«Էդ եղել ա մեր տարածքը, ռուսները եկան էդ տարածքից մեր բանակը հանեցին, միառժամանակ այդտեղ մարդ չի եղել, մի երկու օր ա՝ մեր բարեկամները եկել են կանգնել էդ սարի վրա, ասում են՝ «էս սարն իմն ա, էս ձորն իմն ա»: Աջ ու ձախ եկել են դիրքավորվել», - ասաց Եղցահողի բնակիչներից մեկը:

Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն այսօր հայտնեց, որ իր տեղեկություններով ադրբեջանական զինուժը շփման գծի մի հատվածում մոտ 50 մետր առաջ է եկել։ Մյուս հատվածներում, ըստ նրա, ադրբեջանցիներն իրենց պատկանող տարածքներում են նոր-նոր դիրքավորվել։

«Կանգնած են իրանց սահմանի վրա, ուղղակի տեսադաշտը կա, Եղցահող գյուղից երևում են նրանք, սահմանի քարտեզով ես հստակ չեմ կարող ասել: Իմ կարծիքով ու նախկինի հետ համեմատելով՝ 50մ առաջ են դրել իրանց պոստը, բայց պայմանավորվածություն կա, որ պետք է ընդհանրապես էս հատվածից հետ քաշվեն, ճիշտ ա՝ իրանց սահմանի վրա են դիրքերը դրված, բայց պայմանավորվածություն կա, որ պետք է մոտ օրերս ընդհանրապես մեր տեսադաշտից հեռու լինեն», - նշեց Հակոբյանը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ռուս խաղաղապահներն են պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ, կառավարությունից է լսել։ Իսկ ինչ վերաբերում է գյուղին հարակից Սարիբաբա բարձունքի գրավմանը, ըստ Հակոբյանի, այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Ասում է՝ հայկական կողմում ռուս խաղաղապահներն ու Պաշտպանության բանակն է։

«Ամենաբարձր մասում մեր տարածքն է, մեր Պաշտպանության բանակն է վերահսկում: Հիմա այդ հատվածը, ըստ քարտեզի, ընկնում ա իրանց տարածքի մեջ, հիմա էդ տարածքում որպես խաղաղապահ կանգնում ա ռուսը, իրանք՝ իրանց տարածքի վրա, մեր Պաշտպանության բանակը ռուսի հետ՝ մեր տարածքի վրա՝ մի 50մ մեկը մյուսից հետ ու առաջ», - ասաց համայնքի ղեկավարը:

Օգոստոսի 1-ի սրացումից հետո, որի հետևանքով հայկական կողմում 2 զինծառայող զոհվեց, ևս 19-ն էլ վիրավորվեց, շփման գծում լարվածությունը պահպանվում է։ Այսօր, ըստ Արցախի պաշտպանության նախարարության, առավոտյան 9-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Բաքուն էլ շարունակաբար հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար։ Ադրբեջանական պնդումները հերքում են թե՛ Հայաստանի, և թե՛ Արցախի պաշտպանության նախարարությունները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG