Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է՝ ադրբեջանական ուժերը վերահսկողություն են հաստատել Բուզդուխի վրա, հայկական կողմը դեռ չի արձագանքում


Բաքուն պնդում է, որ ադրբեջանական ուժերը «ճշգրտումների արդյունքում» վերահսկողություն են հաստատել Լեռնային Ղարաբաղի Բուզդուխ և դրան հարակից բարձունքների վրա։ Ադրբեջանական մամուլում նաև տեսանյութեր են հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանական դրոշ տեղադրվում։

Արդյոք Բաքվի այս հաղորդումը համապատասխանում է իրականությանը, այսօր հայկական կողմն այդպես էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը չարձագանքեց։

Թե՛ Արցախի նախագահը, թե՛ արտաքին գործերի նախարարը, թե՛ պետական նախարարը ողջ օրվա ընթացքում անպատասխան թողեցին «Ազատության» զանգերը։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունից ևս արձագանք ստանալ չհաջողվեց։

Ադրբեջանցիների մատնանշած Բուզդուխ կամ Սառցասար կոչվող սարը ընկնում է Ստեփանակերտից հյուսիս՝ Քելբաջարում գտնվող Դադիվանքի և Մարտակերտի Չարեքթար գյուղի հարակից տարածքներում։ Չարեքթարի գյուղապետ Կամո Ցականյանն «Ազատությանը» փոխանցեց՝ որևէ տեղեկություն չունի կատարվածի մասին։

Արցախցի ընդդիմադիր գործիչ Արթուր Օսիպյանն ասաց, որ օգոստոսի 4-ին, երբ հանդիպել են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարի հետ, այս տարածքի մասին խոսք գնացել է։

«Վոլկովն ուղղակի պնդել է, որ Սարիբաբը, Բուզդուխը և այն բարձունքները, որոնք մեր ձեռքն են, մնացել են մեր ձեռքը, ինքը ուղղակի թվարկել ա էդ Սարիբաբի հետ միասին նաև Բուզդուխը: Որ ասենք՝ ինքը ինչ-որ կասկածի տակ ա դրել, որ հեսա պիտի հանձնենք, չի եղել տենց զրույց», - նշեց Օսիպյանը:

Փաստորեն, գեներալ Անդրեյ Վոլկովի հետ հանդիպումից երկու օր անց ադրբեջանցիները հայտարարեցին նշված տարածքը վերցնելու մասին։ Արդյոք ռուս խաղաղապահները պետք է վերահսկեին այս բարձունքները, այս հարցի պատասխանը ևս պատկան մարմիններից այսօր ստանալ չհաջողվեց։

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ ադրբեջանցիները նմանատիպ քայլերի են դիմում. - «Նմանատիպ գործողությունների մեկնարկը տրվել է Փառուխի գործողությամբ, երբ ադրբեջանական զորքերը վերահսկողություն էին հաստատել Քարագլուխ բարձունքի նկատմամբ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները կարծես թե փորձում են Լեռնային Ղարաբաղում գտնվող բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների նկատմամբ վերահսկողություն հաստատել, որպեսզի ապագայում ավելի մեծ ծավալի էսկալացիայի դեպքում ունենան դիրքային առավելություն»:

Արցախում իրադրությունը լարվեց անցած շաբաթվա սկզբին։ Հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, 19 վիրավորի, Ադրբեջանը՝ մեկ զոհի մասին: Արցախում մասնակի զորահավաք է հայտարարված։

Այսօր էլ Պաշտպանության բանակը հաղորդեց, որ առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Շփման գծի որոշ հատվածներում, ըստ հաղորդագրության, ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ, հայտնում է ՊԲ-ն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG