Մատչելիության հղումներ

ԶՊՄԿ աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատանքին


ԶՊՄԿ գործադուլ անող աշխատակիցները հավաքվել են կոմբինատի դիմաց, Քաջարան, 10-ը փետրվարի, 2025թ.
ԶՊՄԿ գործադուլ անող աշխատակիցները հավաքվել են կոմբինատի դիմաց, Քաջարան, 10-ը փետրվարի, 2025թ.

Երեկ ուշ երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլ անող աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատանքին, անցել են իրենց պարտականություններին:

Կոմբինատից հայտնում են, որ աշխատանքները վերսկսվել են, բայց արտադրության վերականգնման համար որոշակի ժամանակ պետք կգա, թե որքան՝ չհստակեցրին:

Գործադուլի 11-րդ օրը բողոքող աշխատակիցներն ու կոմբինատի ղեկավարությունը համաձայնության եկան:

Ընկերությունը երեկ ավելի վաղ հայտարարեց աշխատավարձերը միջինը 20 տոկոսով ավելացնելու մասին, նաև երաշխավորեց, որ օդափոխման ժամանակակից համակարգեր կտեղադրեն՝ սրանով էլ, ըստ էության, չհերքելով աշխատակիցների՝ այդ համակարգերի հետ կապված դժգոհությունները:

Ընկերությունից ավելի վաղ հաշվել էին, որ օրական իրենք մոտ 400 միլիոն դրամ են կորցնում, պետությանն էլ մոտ 100 միլիոն դրամի չափով հարկ չի վճարվում:

Այս ընթացքում ընկերությունը բավականին կոշտ էր արձագանքում, նույնիսկ գործադուլի ամենաակտիվ մասնակիցներին որոշեցին հեռացնել աշխատանքից՝ 8 անուններ հրապարակեցին, և արդեն դժգոհող աշխատակիցների պահանջների ցանկում նաև նրանց՝ իրենց հաստիքներին վերադարձնելն ավելացավ: Բայց երեկ նրանց վերականգնելու համաձայնություն ձեռք չի բերվել:

Հեռացված աշխատակիցներից Վահե Մխիթարյանն այսօր առավոտյան «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կվիճարկեն այս հարցը. - «Բնականաբար, որոշել ենք առաջնահերթ կերպով բողոքարկել և քննարկել վերադասության կարգով, իսկ եթե անհրաժեշտություն լինի՝ նաև դատական կարգով: Որովհետև, իմ կարծիքով, բոլորին էլ ակնհայտ է, որ այս ազատումները ոչ թե աշխատաիրավական հարաբերություններ են, այլ խնդիրը բարձրաձայնելու արդյունքն են»:

Ցույցերի ամբողջ ընթացքում գործադուլավորները պնդում էին ու պահանջում, որ Կառավարությունը պիտի միջնորդի, նրանք պիտի գան իրենց լսելու, բայց այդպես էլ գործադիրից և ոչ մի պաշտոնյա Քաջարան չեկավ:

Երեկ այս բանակցություններում միջնորդում էր նաև Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, նա էլ հայտնեց, որ Քաջարան էր եկել ոչ թե քաղաքական թիմի որոշմամբ, այլ սեփական նախաձեռնությամբ:

«Աշխատավարձի խնդիրը հետևյալ կերպ է գնալու՝ համահարթեցման միջազգային ծրագրի համապատասխան ուսումնասիրություն են անում, որ համահարթեցնեն աշխատավարձերը: Բայց կոմբինատի տնօրինությոնը, համաձայն իրենց խոստման, համահարթեցումը տարվելու է հետևյալ տարբերակով՝ բարձր աշխատավարձ ստացողներինը չի իջնելու աշխատավարձը, ցածրերն էլ ձգտելու են բարձրացնել դեպի բարձրին: Այսինքն՝ անջրպետը, որը որ կա աշխատավարձերի մեջ, քաղաքականություն են իրականացնելու, որպեսզի էդ անջրպետը հնարավորինս խորը չլինի», - «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Խաչատրյանը շարունակելով. - «Էս է, և կարող է մեկինը 20 բարձրանա, մեկինը ավելի շատ բարձրանա, մեկինը գուցե մի քիչ քիչ կբարձրանա: Հատուկ միջազգային ծրագիր կա աշխատավարձերի հաշվարկման, որը իր մեջ ներառում է և՛ մասնագիտական որակները, և՛ ստաժը»:

Արմեն Խաչատրյանը՝ ԶՊՄԿ-ում բանակցությունների մասին
please wait

No media source currently available

0:00 0:05:27 0:00

Մինչ երեկ կոմբինատը բավականին կոշտ հայտարարություններ էր տարածում, նաև հայտնել էին իրավապահ մարմիններին ուղարկված հանցագործության մասին երեք հաղորդումների մասին, Քննչական կոմիտեում ինքնիրավչության հոդվածով գործ է հարուցվել, և այս օրերին ցույցերի մասնակիցները հրավիրվում էին հարցաքննության, բայց այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց մասին տեղեկություն չկա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG