Մատչելիության հղումներ

Չնայած աշխատավարձերը բարձրացնելու հայտարարությանը՝ կոմբինատում գործադուլը շարունակվում է


Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում աշխատավարձերը բարձրացնելու ու աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով արդեն 11 օր է՝ գործադուլ է: Այսօր ընկերության մուտքի դիմաց դարձյալ ցույց էր։

Մի քանի տապալված բանակցությունից հետո ընկերությունն այսօր հայտարարեց աշխատավարձերը միջինը 20 տոկոսով ավելացնելու մտադրության մասին, նաև երաշխավորում են՝ օդափոխության ժամանակակից համակարգեր կտեղադրեն՝ ըստ էության հաստատելով դրանց հետ կապված աշխատակիցների բողոքները։

Գործադուլի մասնակիցները, սակայն, այս հայտարարությունից հետո էլ ակցիան շարունակում են, ասելով՝ դրական փոփոխություն են տեսնում ընկերության գործողություններում, բայց կոնկրետություն են ուզում:

«Մինչև 20 տոկոսը բոլորի համար համեմատելի չէ՝ մեկը քիչ փող է ստանում, մեկը՝ շատ: Պետք է բոլորինը համատեղ բարձրանա», - ասաց աշխատակիցներից մեկը:

«Մարդկանց ընդունեն աշխատանքի, ում հեռացրել են, չսադրեն, չվախեցնեն, որ աշխատանքից կհեռացնեն», - պահանջը ներկայացրեց մյուս աշխատակիցը:

Երեկ առաջին անգամ ընկերության սոցցանցի էջում հրապարակված հարցազրույցով գործադուլին անդրադարձավ կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Խուսափելով անուններ տալուց՝ պնդեց, թե տարբեր ուժեր ցանկանում են օգտագործել իրավիճակն իրենց շահերի համար, իսկ գործադուլավորների աշխատավարձերի բարձրացման պահանջը վերջնագիր որակեց։ «Ազատություն»-ը փորձեց պարզել՝ ինչ ուժերի նկատի ունի տնօրենը: Ընկերությունից, սակայն, այլ մանրամասներ չհայտնեցին։

Աշխատավարձերը 20 տոկոսով բարձրացնելու հայտարարությունից հետո կոնկրետ ի՞նչ քայլ պետք է անի կոմբինատը, որ գործադուլի մասնակիցներն աշխատանքի վերադառնան. ցույցերի ամենաակտիվ մասնակիցներից Շավարշ Մարգարյանը, որին ընկերությունն արդեն հեռացրել է գործից, այս պահին չի կարողանում հստակ պահանջներ թվարկել. «Նման գործելաոճը, որ հեռացրել են, սխալ էր, բայց դա հետևանքն է իրենց գործելաոճի, իրենք անտեսել են իրենց պարտականությունները երկար տարիներ, խաբել են»:

Գործադուլը համակարգող խորհրդից, սակայն, ավելի ուշ հայտնեցին՝ բանակցությունները վերսկսել են, միջնորդում է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը։ Պատգամավորի հետ առայժմ կապ հաստատել չի հաջողվել, ընկերությունից հաստատում են՝ Խաչատրյանը կոմբինատ է եկել, բայց թե ինչ օրակարգով ու լիազորություններով՝ չեն մանրամասնում։

Մինչ այդ Հայաստանի ամենամեծ ընկերությունը շարունակում է փաստացի կանգնած մնալ, ըստ կոմբինատի՝ օրական մոտ 400 միլիոն դրամ են կորցնում, պետությանն էլ 100 միլիոն դրամի չափով հարկ չի վճարվում։

Սակայն առայժմ կոմբինատում շուրջ 22 տոկոս բաժնեմաս ունեցող կառավարությունը գոնե հրապարակային մակարդակում կրավորական կեցվածք է դրսևորում, գործադիր իշխանությունը ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ հրապարակային գործողություններ չի ձեռնարկել, ընդհակառակը՝ հայտարարում են, որ չեն միջամտելու։

Գործադուլ անողներն, այնինչ, հենց իշխանություններից են քայլեր սպասում, ասում են՝ հենց նրանք պետք է միջնորդի դեր ստանձնեն։ Իրադարձություններն արդեն դուրս են եկել փոքրիկ Քաջարանի սահմաններից, կառավարության անգործության մասին արդեն սոցցանցերում են համատարած բարձրաձայնում։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG