«Դու մի խոսա, դու ի՞նչ ես խոսում, հեսա գլուխդ կջարդենք. երեկվանից ահավոր գրոհ են սկսել էս շարժման վրա». - աշխատավարձի բարձրացման պահանջով արդեն 7-րդ օրը գործադուլի դուրս եկած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն ահազանգում են՝ ընկերության միջին օղակից սկսել են ճնշումներ գործադրել իրենց նկատմամբ, մեկին սպառնում են հեռացնել աշխատանքից, մյուսին ֆիզիկական հաշվեհարդարով են վախեցնում։
«Աշխատանքից հեռացնելը առաջին սպառնալիքն է, բայց չէ, նենց դեպքեր կան, որ մարդուն ֆիզիկական բռնության սպառնալիքներ են հասնում, այսինքն՝ որ ֆիզիկապես բռնության կենթարկեն, թեկուզ չի եղել դեռ դեպքեր նման, փառք Աստծո, դեռ չեն հասել դրան, բայց սպառնալիքները կան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շավարշ Մարգարյանը, ով տնտեսական գծով վարպետ է աշխատում կոմբինատի քար ջարդելու արտադրամասում:
Հարցին՝ այդ սպառնալիքները կոբինատի ղեկավար կազմի՞ց են հնչել, նա արձագանքեց. - «Ղեկավար չէ, միջին օղակներից, այսինքն՝ ղեկավարությունը չգիտեմ ... Այո, ես երեկ ղեկավարությանն էլ հանդիպման ժամանակ ասել եմ, որ «գիտե՞ք, ձեր ժողովից հետո ձեր միջին օղակները սկսել են մարդկանց սպառնալիքներ»: Ուզում եմ բարձրաձայնեմ, որ իրենք էլ հասկանան, որ նման ձև շարունակվի, ինձ թվում է հետևանքներ կլինեն, այսինքն՝ մենք չենք թողնի, որպեսզի մեր ընկերներին սկսեն շարունակական սպառնալիքներ, մենք բոլորի թասիբը պահելու ենք»:
Գործադուլի դուրս եկած աշխատակիցներին, ի դեպ, կոմբինատի ղեկավարությունն արդեն ծանուցումներ է ուղարկել՝ բացատրություններ պահանջելով աշխատանքի չներկայանալու կամ կոմբինատի աշխատանքները խափանելու գործողությունների վերաբերյալ։ Շավարշ Մարգարյանը նշում է, որ իրենից կոնկրետ բացատրություն են պահանջել, թե ինչու է փակել բաց հանք ու կոմբինատ տանող ճանապարհը. - «Պիտի բացատրագիր գրեմ, ինձ թվում է՝ էդ հենց գործընթացն է, որ պիտի ինձ հանեն գործից»:
Պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ երկու տասնյակից ավելի աշխատակիցների ծանուցումներ ուղարկել են: Չբացառեց, որ գործադուլի դուրս եկածները կարող են աշխատանքից հեռացվել, բայց հնարավոր է բացատրագրերով էլ հարցը փակվի։
«Ծանուցումները և բացատրագիր պահանջելը աշխատանքից ազատման գործընթացի մի մա՞ս են կազմում», - «Ազատության» այս հարցին խոսնակը պատասխանեց. - «Ամենևին մեկը մյուսի հետ կարող է կապ չունենալ և գուցե կապ կարող է ունենալ»:
Ինչ վերաբերում է գործադուլ անողների հասցեին հնչող ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների մասին պնդումներին, ապա կոմբինատի խոսնակը հորդորում է աշխատակիցներին այդ հարցով դիմել ոստիկանություն. - «Եթե եղել է էդ տեսակ բան, որը ոչ, մի քիչ չեմ վստահում, ոչ էլ բացառում եմ, եթե եղել է՝ պետք է դիմեն իրավապահ համակարգին, ես դրան բացատրություն չունեմ, և էդ տեսակ լիազորություն որևէ մեկին, բնականաբար, ընկերությունը չի կարող տալ: Դա միջանձնային խնդիր է»:
Կոմբինատի ղեկավարները երկու անգամ հանդիպել են գործադուլավորների հետ, կողմերը, սակայն, այդպես էլ համաձայնության չեն հասել: Այսօր Պղնձամոլիբդենայինը հայտարարել է՝ փոքրաթիվ՝ մոտ 70 անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը, և այդ հիմքով դիմել են իրավապահներին:
«Բնականաբար մտահոգված ենք». Պապոյան
Մինչ իրավիճակը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում օր-օրի լարվում է, Կառավարությունը, որ կոմբինատի մոտ 22 տոկոսի բաժնետերն է, առաջին անգամ այսօր արձագանքել է՝ չեն միջամտելու։ Ինչպես էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, հարցի լուծումը արհմիության և հանքարդյունաբերության համալիրի աշխատակիցների տիրույթում է։ Ամեն դեպքում, նախարարը շատ է ուզում, որ մեկ օր շուտ վերսկսվի հանքարդյունաբերությունը։
«Բնականաբար մտահոգված ենք, որովհետև Հայաստանի արդյունաբերության առաջատարը եթե մեկ շաբաթ չի աշխատում, դա ակնհայտորեն ազդելու է, բնականաբար, տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Մեզ համար այս առումով ամենակատարյալ տարբերակը կլինի՝ հնարավորինս շուտ գործարանը սկսի աշխատանքը», - հայտարարեց նախարարը:
Ծեծկռտուք Քաջարանում. գործադուլավորները պնդում են՝ իրենց հետ կապ չունի
Ի դեպ, երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Քաջարանում ծեծկռտուք է եղել, 8 մարդ բերման էր ենթարկվել: Այսօր արդեն ոստիկանությունը տեղեկացրեց, որ 3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն մանրամասնեց՝ քրեական վարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածով, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով։ Կոմիտեն չի ասում՝ ովքեր են ձերբակալվածները և արդյոք նրանք կոմբինատի հետ կապ ունեն։ Ամեն դեպքում, գործադուլի համակարգող խմբի անդամ Վահե Մխիթարյանը պնդում է՝ միջադեպն իրենց հետ կապ չունի:
«Սպասելու ենք, որ վարչապետը վերադառնա»
Մինչ կպարզվեն խուլիգանության դրդապատճառները, արդեն 7 օր գործադուլը շարունակող կոմբինատի աշխատակիցները սպասում են ոչ միայն ղեկավարության կառուցողական մոտեցմանը, այլև վարչապետ Փաշինյանի արձագանքին։ Կարծում են՝ երբ նա ԱՄՆ-ից վերադառնա, գուցե ծանոթանա իրենց խնդիրներին և որևէ կերպ միջամտի։
«Սպասելու ենք, որ վարչապետը վերադառնա, որպեսզի ինքն էլ մեծ ակցիայի ժամանակ հասկանա, որ ինչ մեծ խնդիր է, ինչքան մարդ է տուժում էդ ամեն ինչից, որպեսզի վերջապես ուշադրություն դարձնի էդ խնդրին», - ասաց Շավարշ Մարգարյանը:
Մարգարյանն անընդունելի է համարում իրենց հասցեին հնչող մեղադրանքները, թե գործադուլով աղետալի վիճակի առաջ են կանգնեցում Սյունիքի մարզը։ Ասում է՝ իրենց պայքարը բանվորի խախտված իրավունքների մասին է, այն մարդկանց, ովքեր իրենց առողջության հաշվին աշխատելով փոշու և աղմուկի մեջ՝ ընդամենը 200 հազար դրամ են վաստակում. - «Շան քթից ջուր են խմում՝ սենց արտահայտություն կա, բայց էդ 250 հազարն են տանում, այսինքն՝ էդ ահավոր պայմաններում աշխատում են, ստանում են էդ գումարը: Աշխատավարձի վերանայումը մեր համար բոլորիս պարզ է, որ դա մեկ-երկու օրվա ընթացքում չի կատարվում: Մենք պատրաստ ենք համբերել, բայց մենք ուզում ենք գրավոր երաշխիքներ, որ դա կատարվելու է: Որովհետև էս վեց ամսվա ընթացքում մենք մի քանի անգամ բանավոր երաշխիք ստացել ենք, ու դա չի կատարվել»:
Մինչդեռ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է ռուս միլիարդատեր Տրոցենկոյին փոխկապակցված անձանց, այսօր խոստացել է աշխատավարձերի փոփոխության ծրագիրը քննարկել արտադրության վերականգնումից հետո: