Հայաստանի ամենամեծ ընկերությունում արդեն ավելի քան տասն օր է՝ գործադուլ է․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պնդում է, որ օրական 400 միլիոն դրամ է կորցնում, պետությանն էլ 100 միլիոն դրամի չափով հարկ չի վճարվում։ Սակայն Կոմբինատում շուրջ 22 տոկոս բաժնեմաս ունեցող կառավարությունը մինչ այս պահը գոնե հրապարակային մակարդակում կրավորական կեցվածք է դրսևորել, իրավիճակը հարթելու ուղղությամբ առայժմ հրապարակային գործողություններ չեն ձեռնարկել:
Գործադուլ անողներն, այնինչ, հենց իշխանություններից են քայլեր սպասում, ասում են՝ հենց նրանք պետք է միջնորդի դեր ստանձնեն։
Իրադարձություններն արդեն դուրս են եկել փոքրիկ Քաջարանի սահմաններից, կառավարության անգործության մասին արդեն սոցցանցերում են համատարած բարձրաձայնում։ Իսկ կոնֆլիկտը հարթելու նշաններ չկան, ընդհակառակը երկկողմ մեղադրանքները միայն սրվում են։
Կոմբինատի ղեկավարությունն անցած շաբաթավերջին որոշեց ամենաակտիվ ցուցարարներին ազատել աշխատանքից, հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել, ինչի հիման վրա Քննչական կոմիտեն ինքնիրավչության հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնել, ակտիվ ցուցարարները Քննչական են հրավիրվում։
Գործադուլը համակարգող խորհուրդն էլ կոմբինատի այս քայլերից հետո արդեն ընկերության ղեկավար կազմի փոփոխություն է պահանջել՝ պնդելով, թե ներկայիս տնօրինության հետ բանակցել չեն պատրաստվում։
Կողմերը միմյանց անօրինական գործողությունների մեջ են մեղադրում, մինչ այդ երկրի ամենախոշոր հարկատուն փաստացի արտադրանք չի տալիս։
Ի՞նչ է կատարվում կոմբինատում
Գործադուլի մասնակիցները հավաքվում են դեպի հանքավայր տանող մի հատվածում, վրան են տեղադրել, խարույկ են վառում, ցույցերի ժամանակ էլ տեղափոխվում են արդեն կոմբինատի գլխավոր մուտքի դիմաց։
Ըստ էության աշխատանքը չեն վերսկսում այն աշխատակիցները, առանց որոնց արտադրությունը վերակագնել չի ստացվում, տարբեր բաժիններում աշխատող շատ քաղաքացիներ գնում են, ներկան ստանում, բայց փաստացի պարապուրդի են մատնված, արտադրական շղթայում գործն իրենց չի հասնում։ Զրույցներ կան, թե ղեկավար անձնակազմն է փորձել տեխնիկան շարժի գցել, հոնքը շտկելու փոխարեն աչքն են վնասել:
Վերջին օրերին «Ազատությունը» նաև ներկա ստացողների հետ է զրուցել, որոնք տեսախցիկների առաջ և հետևում աջակցություն են հայտնում գործադուլին:
Ինչո՞ւ հիմա
Բողոքող քաղաքացիներն ասում են՝ վերջին անգամ իրենց աշխատավարձը բարձրացել է 2018 թվականին, մեր այն հարցին թե ինչո՞ւ են տարիների լռությունից հետո ձայն բարձրացնում, արձագանքում են՝ նոր բան չէ, իրենք ամիսներ շարունակ պայմանների մասին խոսել են, բայց դրական տեղաշարժ չի եղել և իրենց այլ տարբերակ չի մնացել, քան այսպիսի գործողության դիմելը։
Գործադուլի մասնակիցները նեղսրտում են այն կարծիքներից, թե իրենց ակցիան քաղաքական երանգ ունի, բայց հենց իրենք տարբեր զրույցներում բացահայտ դժգոհություն են հայտնում կոմբինատում ռուսական մեծ ներկայությունից, ակցիաների ընթացքում ուղիղ կոչեր են հնչում՝ մենք ենք տերը մեր հանքի:
Կոմբիտանի բաժնեմասերի մեծամասնությունը՝ մոտ 60 տոկոսը պատկանում է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցված անձանց ու ընկերություններին: Քաջարանում այս ակցիաները հայ-ռուսական սրված հարաբերությունների ֆոնին են ընթանում, չնայած այս համընկնումներին՝ գործադուլ անողները պնդում են՝ սա զուտ աշխատանքային հարց է:
Ինչ են խոսում քաղաքում
Քաջարանցիները, եթե անգամ կոմբինատից չեն, աշխատող բարեկամ կամ ծանոթ ունեն, մեզ հետ զրույցներում բողոքի ակցիաներին աջակցություն են հայտնում, ասում են՝ բանվորների պահանջն արդար է, բայց և ընդգծում են՝ փոխզիջման անհրաժեշտություն կա։