Մատչելիության հղումներ

Վերլուծություն. Թրամփը պատռում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վաղեմի կանոնագիրքը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի շուրջ խաղաղության համաձայնագրի հասնելու ծրագրի ուրվագծերը դեռևս կարող են աննշան լինել, սակայն Եվրոպայի և Վաշինգտոնի միջև խզման գծերը արդեն սկսում են նշմարվել՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հասցեին Թրամփի աննախադեպ հռետորաբանությունից հետո:

Ֆրիդրիխ Մերցը, որ պատրաստվում է դառնալ Գերմանիայի հաջորդ կանցլերը, բացահայտ հոռետեսորեն է տրամադրված ՆԱՏՕ-ի դաշինքը ներկայիս ձևով պահելու հարցում:

«Դոնալդ Թրամփի՝ վերջին շաբաթվա հայտարարություններից հետո պարզ է, որ ամերիկացիները մեծ մասամբ անտարբեր են Եվրոպայի ճակատագրի նկատմամբ»,- խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո հայտարարել է նա, հավելելով, «Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես ենք մենք գնում դեպի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հունիսի վերջին, արդյոք մենք դեռ խոսելու ենք ՆԱՏՕ-ի մասին իր ներկայիս տեսքով, թե մենք ստիպված կլինենք շատ ավելի արագ ստեղծել անկախ եվրոպական պաշտպանական կառույց»:

Այս հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե որքան արագ է փոխվել իրերի դրությունը 2022 թվականի փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո: Ներխուժման նախօրեին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր, որ Ռուսաստանը «մեծ գին կվճարի», եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր զորքն ուղարկի Ուկրաինա։

«Կան բազմաթիվ հարցեր, որոնք բաժանում են մեր ազգը և մեր աշխարհը, բայց ռուսական ագրեսիային դիմակայելն այդ հարցերից չէ»,- հայտարարել էր Բայդենը՝ հավելելով․ - «Ամերիկայի ժողովուրդը միասնական է, Եվրոպան միասնական է, անդրատլանտյան համայնքը միասնական է: Այս երկրում մեր քաղաքական կուսակցությունները միասնական են: Ամբողջ ազատ աշխարհը միասնական է»:

Արևմուտքի միասնության և վճռականության մասին այդ ենթադրություններն այլևս չեն համապատասխանում իրականությանը: Անցյալ շաբաթ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները նախաձեռնեցին հանդիպումների առաջին փուլը, որտեղ Ուկրաինան ներկայացված չէր։ Սա մտավախություն առաջացրեց, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կփորձեն ինչ-որ գործարք կնքել թե՛ ուկրաինացիների, թե՛ նրանց եվրոպացի դաշնակիցների մեջքի ետևում։

Ավելին, Թրամփը կարծես պատռել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վաղեմի կանոնագիրքը՝ ուղիղ հարձակվելով Զելենսկիի վրա։ Նա օրեր առաջ առանց որևէ հիմք ներկայացնելու Ուկրաինայի նախագահին բնորոշեց որպես «առանց ընտրությունների բռնապետ» և ակնարկեց, որ հենց Զելենսկին, այլ ոչ թե Պուտինն է սկսել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ:

Այդ հայտարարությունները կարծես արտացոլում էին Պուտինի խոսույթը։ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան հեռարձակված ելույթում նա լկտիաբար հայտարարեց Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մասին՝ կիսաճշմարտություններից, խեղաթյուրումներից և բացահայտ ստերից հյուսելով մի խոսույթ, որով մեղադրեց Ուկրաինային և «հավաքական Արևմուտքին»՝ Ռուսաստանին ռազմական գործողությունների դրդելու համար։

Իսկ ներխուժման երրորդ տարելիցին Միացյալ Նահանգները ցնցեց բոլորին՝ Ռուսաստանի հետ դեմ քվեարկելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը դատապարտում է ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ: Վաշինգտոնը նաև մրցակցող բանաձև էր ներկայացրել, որը մեղմում էր Ռուսաստանի պատասխանատվությունը՝ պատերազմ սկսելու համար:

Որոշ առումներով մենք այս ամենին նախկինում էլ ենք ականատես եղել։ 2018 թվականին հանդիպելով Պուտինի հետ Հելսինկիում՝ Թրամփը վրդովմունք առաջացրեց Վաշինգտոնում՝ ակնարկելով, որ նա Ռուսաստանի նախագահի խոսքին ավելի է վստահում, քան սեփական հետախուզությանը, որը մեղադրել էր Ռուսաստանին 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար:

Թրամփի վարչակազմի կողմից Կրեմլի՝ Ուկրաինայի վերաբերյալ խոսույթի կրկնությունը, սակայն, կարծես թե ցույց է տալիս ավելի խորը խզում Ամերիկայի ու նրա դաշնակիցների հարաբերություններում:

Կիևից ու արևմտյան այլ մայրաքաղաքներից կոշտ արձագանքեցին Թրամփի վերջին հայտարարություններին։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը փետրվարի 24-ին՝ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում պարզորոշ ասաց, որ Փարիզը Ռուսաստանին դիտարկում է որպես «ագրեսոր», որը պատասխանատու է պատերազմ սկսելու համար։ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցին էլ Ուկրաինա ժամանեցին տասնյակ երկրների առաջնորդներ սատարման համար:

Դեռևս անորոշ է՝ Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի վերջին արտահայտությունները կոնկրետ ինչ քաղաքական քայլերի կվերածվեն։ Սակայն առնվազն խորհրդանշական մակարդակում Ռուսաստանի հանդեպ տրանսատլանտյան ուս-ուսի ու միասնական դիրքորոշումը հիմա առավել անորոշ է թվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG