Ուկրաինայում անհրաժեշտ է հաստատել կայուն խաղաղություն, ինչը չպետք է նշանակի, որ Ուկրաինան հանձնվում է, իսկ հրադադարը պետք է կնքվի անվտանգության երաշխիքներով, ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ Սպիտակ տան ղեկավարի հետ զրույցից հետո տեսնում է ուկրաինական խնդրի կարգավորման ուղին:
Էմանյուել Մակրոնը, որը Վաշինգտոն է մեկնել՝ ներկայացնելու հակամարտության կարգավորման եվրոպական ծրագիրը, վստահեցրեց՝ Եվրոպան պատրաստ է իր դերն ունենալ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու հարցում, քանզի սա ողջ Եվրոպայի համար է գոյաբանական հարց:
«Այդ խաղաղությունը չի կարող նշանակել Ուկրաինայի կապիտուլյացիա, այդ խաղաղությունը չի կարող լինել հրադադար առանց երաշխիքների, այն պետք է ներառի Ուկրաինայի ինքնիշխանության պայմանները՝ Ուկրաինային հնարավորություն տալով իրեն հուզող հարցերի շուրջ բանակցել բոլոր դերակատարների հետ», - ընդգծեց Ֆրանսիայի նախագահը:
Դոնալդ Թրամփն, իր հերթին, ասաց՝ Ռուսաստանի նախագահը համաձայնել է Ուկրաինայում եվրոպական խաղաղապահների տեղակայման գաղափարին: «Այո՛, նա կհամաձայնի դրան, ես նրան տվել եմ այդ հարցը», - նշեց նա, թեև մինչ այդ Ռուսաստանի արտգործնախարարը նման ծրագրերն անընդունելի էր որակել:
«Եվրոպական զորքերը կարող են Ուկրաինա մտնել որպես խաղաղարարներ: Այնպես որ, երբ համաձայնագիրն ընդունվի, նրանք կարող են հետևել, որ ամեն ինչ պատշաճ կերպով կատարվի։ Չեմ կարծում, որ դա խնդիր կլինի», - հայտարարեց ԱՄՆ նախագահը:
Ըստ եվրոպական ծրագրի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն ոչ թե սահմանին, այլ Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների մոտ՝ ստանալով ԱՄՆ օդային և ծովային ուժերի պաշտպանությունը:
ԱՄՆ նախագահն ասաց, որ կարող է մի քանի շաբաթում կարող է վերջ դրվել պատերազմին, ապա տեղեկացրեց՝ Վաշինգտոնն ու Կիևը մոտ են ԱՄՆ-ին ուկրաինական հանքերը շահագործելու իրավունք տրամադրելու գործարքի ստորագրմանը, և ինքն առաջիկա շաբաթներին Սպիտակ տանը կհանդիպի Վլադիմիր Զելենեսկու հետ: «Որքան հասկանում եմ, նա կցանկանար գալ այստեղ և ինձ հետ ստորագրել այն, և դա հիանալի կլիներ»,- հավելեց նա:
Մակրոնն ավելի ուշ Fox News-ի հետ զրույցում կրկնեց Թրամփի պնդումը, որ պատերազմը հնարավոր է կանգնեցնել մի քանի շաբաթում: «Նախ՝ հրադադար: Կարծում եմ՝ դրան հնարավոր կլինի հասնել առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասաց Ելիսեյան պալատի ղեկավարը՝ հավելելով, որ մոտ 30 երկիր պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել: «Նրանցից շատերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին՝ մաս կազմելու ցանկացած տեսակի անվտանգության երաշխիքներ տրամադրելու այս գործարքին», - նշեց Մակրոնը:
Պատերազմի երրորդ տարելիցի առթիվ երեկ ՄԱԿ-ում երեք բանաձև է ընդունվել, որից երկուսի քվեարկության ժամանակ ԱՄՆ-ն աջակցեց Ռուսաստանին: Նախ՝ Վաշինգտոնը Գլխավոր ասամբլեայում դեմ քվեարկեց Եվրոպայի առաջարկած բանաձևին, որը դատապարտում է Մոսկվայի գործողությունները և աջակցում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Ապա ձեռնպահ մնաց իր իսկ առաջարկած բանաձևին քվեարկելուց, որում Եվրոպան Ռուսաստանին քննադատող փոփոխություններ էր մտցրել: Նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունվեց ԱՄՆ մշակած բանաձև, որը միայն կոչ է անում դադարեցնել պատերազմը, բայց չի քննադատում Ռուսաստանին:
Կրեմլը ողջունել է քվեարկության ժամանակ Վաշինգտոնի դիրքորոշումը: «ԱՄՆ-ը շատ ավելի հավասարակշռված դիրք է ընդունել, որն իսկապես ուղղված է ուկրաինական հակամարտությունը լուծելու փորձերին»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հույս հայտնելով, որ ամերիկացիների հետ շփումներից հետո եվրոպացի առաջնորդները ևս կփոխեն դիրքորոշումը: