Այսօր՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցին, Կանադայի վարչապետը և եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ ժամանել են Կիև՝ համերաշխություն հայտնելու Ուկրաինային և քննարկելու աջակցությունը Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ քաղաքականության փոփոխության պայմաններում: Պաշտոնյաների շարքում ոչ ոք չկար Միացյալ Նահանգներից:
Նախ՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղեկցությամբ նրանք հարգանքի տուրք մատուցին պատերազմում զոհվածների հիշատակին: Ապա տեղի ունեցավ ֆորում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի:
Ռուսաստանի նախագահը չի նվիրի խաղաղություն, դրան պետք է հասնել ուժի, իմաստության և միասնության միջոցով, հայտարարեց Զելենսկին՝ հավելելով, որ Մոսկվայի ռազմավարական թիրախը ոչ միայն Ուկրաինան է, այլև ամբողջ Եվրոպան։
«Եվրոպայի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Եվրոպայի: Մենք՝ Ուկրաինան, Եվրոպան, ԱՄՆ-ի հետ միասին պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ Ռուսաստանի դիմաց», - ասաց Ուկրաինայի նախագահը:
Ուկրաինան արժանի է Եվրամիությանն անդամակցությանն ու ՆԱՏՕ-ի առաջարկած անվտանգության երաշխիքներին: «Եթե ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը Ուկրաինայի ... համար փակ մնա, մենք այլ ելք չենք ունենա, քան Ուկրաինայում կառուցել ՆԱՏՕ», - հավելեց նա:
Կանադայի վարչապետն, իր հերթին, հայտարարեց՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Ուկրաինան կարողանա արդար և տևական խաղաղության հասնել՝ մասնակցելով բանակցություններին: «Կանադան հենց այդ նպատակի վրա է կենտրոնացած», - ասաց Ջասթին Թրյուդոն:
Ուկրաինայի պատերազմը մնում է Եվրոպայի ապագայի համար ամենագլխավոր և ամենամեծ հետևանքներ ունեցող ճգնաժամը, իր հերթին, հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ Պուտինի նպատակը Ուկրաինայի կապիտուլյացիան է:
«Եվ մենք գիտենք, թե ինչ կարող է լինել հետո, քանի որ նման բան արդեն եղել է: Վտանգված է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի ճակատագիրը», - ընդգծեց Եվրահանձնաժողովի նախագահը:
Եվրոպացի պաշտոնյան հայտարարեց՝ Եվրոպայի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի դիմադրությունը հզորացնելը, և այդ նպատակով ԵՄ-ն Ուկրաինային ևս 3,.5 միլիարդ եվրոյի օգնություն կհատկացնի:
«Պետք է արագացնենք զենքի և զինամթերքի անհապաղ առաքումը: Եվ սա կլինի առաջիկա շաբաթների մեր աշխատանքի ամենակարևոր մասը», - ասաց ֆոն դեր Լայենը: Եվս 1 մլրդ եվրո հատկացնելու մասին հայտարարեց Իսպանիան:
Ֆորումին տեսակապով միացած Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց՝ վերջին մի քանի շաբաթներին ԱՄՆ նախագահը փոխել է գլոբալ երկխոսությունը, և դա հնարավորություն է ստեղծել:
«Եթե մենք ցանկանում ենք, որ խաղաղությունը պահպանվի, Ուկրաինան պետք է նստած լինի բանակցությունների սեղանի շուրջ, և ցանկացած կարգավորում պետք է հիմնված լինի ինքնիշխան Ուկրաինայի վրա, որն ապահովված է անվտանգության ուժեղ երաշխիքներով», - ընդգծեց Սթարմերը:
Միացյալ Թագավորության վարչապետը հայտարարեց նաև պատերազմի սկսվելուց ի վեր Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների ամենամեծ փաթեթի մասին՝ ավելի քան 100 սահմանափակում, որոնք թիրախում են ինչպես Ռուսաստանի ստվերային նավատորմը, այնպես էլ երրորդ երկրների անձանց, ընկերություններին, որոնք օգնում են Կրեմլին:
Զելենսկին պատրաստ է հրաժարական տալ, եթե դա խաղաղություն կբերի Ուկրաինային
Մինչ այդ, Վլադիմիր Զելենսկին երեկ հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ պատրաստ է անմիջապես հրաժարական տալ, եթե դա խաղաղություն կբերի Ուկրաինային:
«Եթե խոսքն Ուկրաինայում խաղաղության մասին է, և դուք իսկապես ցանկանում եք, որ լքեմ պաշտոնս, ես պատրաստ եմ դա անել: Երկրորդ՝ կարող եմ պաշտոնս փոխանակել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հետ, եթե նման հնարավորություն լինի», - ասաց Ուկրաինայի նախագահը:
Պատերազմող երկրի ղեկավարը նաև կրկնեց՝ պատրաստ է ուկրաինական հանածոների արդյունահանման իրավունքը Թրամփի առաջարկով հանձնել Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տա։ Ըստ Զելենսկու, տրամաբանական կլինի, որ ԱՄՆ-ն, իր բիզնես շահերը պաշտպանելու համար, զորք տեղակայի Ուկրաինայում՝ մի բան, որ Վաշինգտոնը մերժել է:
«Եթե կարծում եք, որ տնտեսական գործարքն անվտանգության երաշխիքների մաս է կազմում, ապա ինչո՞ւ չի կարող ձեր զորքը լինել այնտեղ, որտեղ բիզնես շահեր ունեք։ Տրամաբանական չէ՞», - նշեց Զելենսկին:
«Եվրոպան խոչընդոտում է ԱՄՆ և Ռուսաստանի ջանքերին». Պեսկով
Մինչ այդ, Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ փորձում է կարգավորել ուկրաինական հակամարտությունը, սակայն Եվրոպան խոչընդոտում է՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով: Ըստ Կրեմլի խոսնակի՝ հենց այդ պատճառով էլ Մոսկվան առայժմ Եվրոպայի հետ երկխոսությունը վերսկսելու նախադրյալներ չի տեսնում։
«Նրանք համոզված են, որ պատերազմը պետք է շարունակվի։ Եվրոպացիների այս համոզմունքը լիովին հակասում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղիներ գտնելու տրամադրություններին», - նշել էր Պեսկովը:
Մինչ եվրոպացի պաշտոնյաներն աջակցություն են հայտնում արդեն երեք տարի պատերազմող Ուկրաինային, Վաշինգտոնում այսօր կայացել է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Էմանյուել Մակրոնը Դոնալդ Թրամփին պետք է ներկայացնի Ուկրաինային աջակցության եվրոպական ծրագիը: Այն նախատեսում է մոտ 30 հազար զինվոր տեղակայել Ուկրաինայում, բայց ոչ թե սահմանագծին, այլ՝ երկրի կարևոր ենթակառուցվածքների մոտ՝ նրանց տրամադրելով արևմտյան օդային և ծովային ուժերի պաշտպանությունը:
Ուկրաինական կողմի տվյալներով՝ պատերազմի հետևանքով առնվազն 46 հազար ուկրաինացի զինվոր սպանվել է, վիրավորվել՝ մոտ 380 հազարը։ Արևմտյան լրատվամիջոցների հաշվարկներով՝ դեկտեմբերի դրությամբ ռուսական կողմից սպանվածների և վիրավորների թիվը գերազանցում է 700 հազարը: Սեփական կորուստների մասին ճշգրիտ տվյալներ Մոսկվան մինչ օրս չի հրապարակել։