Մատչելիության հղումներ

Ռադան վերահաստատեց Զելենսկու լեգիտիմությունը Ուկրաինայի նախագահի պաշտոնում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայում, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայում, արխիվ

Ուկրաինայի խորհրդարանը երկրորդ փորձից այսօր կողմ քվեարկեց բանաձևին, որով վերահաստատեց նախագահ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմությունը իր պաշտոնում: Անհրաժեշտ 226-ի փոխարեն բանաձևն ստացավ 268 ձայն, թեև երեկ այն չէր ստացել անհրաժեշտ նվազագույն թվով ձայները, երբ դահլիճում ներկա պատգամավորներից 54-ը չմասնակցեց քվեարկությանը, ընդ որում նրանցից 38-ը՝ Զելենսկու կուսակցությունից: Թե ինչու չէին մասնակցում, բացատրություններ չհնչեցին:

Իսկ այսօր ընդունված բանաձևում ասվում է. - «Գերագույն Ռադան ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընտրվել է ազատ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով։ Նրա մանդատը կասկածի տակ չի դրվում ուկրաինացի ժողովրդի կամ Գերագույն Ռադայի կողմից»։

Փաստաթղթում նաև նշվում է՝ Զելենսկին կմնա իր պաշտոնում այնքան, մինչև նորընտիր նախագահն ստանձնի պաշտոնը՝ Սահմանադրության համաձայն։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային անցած տարվա գարնանը, սակայն օրենքն արգելում է ռազմական դրության ժամանակ ընտրություններ անցկացնել: Զելենսկու հետ բանակցել հրաժարվելուց Ռուսաստանը հենց սա է մատնացույց անում՝ պնդելով, թե նա լեգիտիմ նախագահ չէ: Վաշինգտոնը ևս կարծում է, որ Ուկրաինայում ընտրություններ պետք է անցկացվեն:

Ու մինչ Կիևում Զելենսկուն վստահություն էին հայտնում, Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր խորհրդարանում հայտարարեց, որը ժամանակն է ուժեղացնել եվրոպական երկրների անվտանգությունը, և մինչև 2027 թվականը երկիրը կավելացնի իր պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2.5 տոկոսը, մի բան, որ վերջին շրջանում է ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է անում ԱՄՆ նախագահը: Փոխարենը Մեծ Բրիտանիան կկրճատի արտաքին օգնությանն ուղղված ծախսերը՝ 0.5 տոկոսից մինչև 0.3 տոկոս, ասաց Քիր Սթարմերը:

Համաձա՞յն է, որ Մեծ Բրիտանիան պետք է առաջատար դեր ստանձնի Եվրոպայում և կանգնի Ուկրաինայի կողքին, այս հարցին Սթարմերն այսպես պատասխանեց. - «Մենք պետք է ակտիվանանք և առաջնորդող դեր ունենաք Եվրոպայում, բայց մենք պետք է դա անենք ԱՄՆ-ի հետ միասին, քանի որ ամեն ինչից առավել անհրաժեշտ է տևական խաղաղություն»:

Մինչ այդ, Վաշինգտոնում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը Թրամփը երեկ հայտարարեց՝ Ռուսաստանի նախագահը դեմ չէ, որ հրադադարից հետո եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայվեն Ուկրաինայում, հավելելով, թե ինքը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ: Մինչդեռ Կրեմլն այսօր հակառակը պնդեց՝ դեմ է խաղաղապահների ներկայությանը, և հիշեցրեց Ռուսաստանի արտգործնախարարի ավելի վաղ արած հայտարարությունը, որ ցանկացած նման բան անընդունելի է: «Դրան ավելացնելու բան չունեմ», - ասել է Կրեմլի խոսնակը:

Վլադիմիր Պուտինն, իր հերթին, երեկ հայտարարեց՝ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում Եվրոպայի ներգրավմանը: Եթե եվրոպացիներն ուզում են վերադառնալ, ապա դա ողջունելի է:

«Նրանց մասնակցությունը բանակցային գործընթացին, իհարկե, պահանջված է: Մենք երբեք չենք մերժել, մշտական քննարկումներ ենք ունեցել նրանց հետ: Ինչ-որ պահի Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելու ամենատարբեր գաղափարների ներքո իրենք հրաժարվել են մեզ հետ շփումից», - ասաց Ռուսաստանի նախագահը:

Պուտինը խոսեց նաև ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հազվագյուտ մետաղների հանքերի շահագործման հնարավոր գործարքի մասին՝ ասելով, որ դա իրենց գործը չէ, սակայն կարևոր է գնահատել, թե որքան պաշարներ ունի Ուկրաինան: Միչդեռ Ռուսաստանը, ըստ նրա, Ուկրաինայից ավելի շատ ունի նման ռեսուրսներ և պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG