Մատչելիության հղումներ

Վարորդների ու ուղևորների վեճեր․ «Մայր Հայաստան»-ը պարզաբանումներ է պահանջում


Վերջին օրերին համացանցում բազմաթիվ տեսանյութեր են հայտնվում, որոնցում ավտոբուսների վարորդները կոնֆլիկտի մեջ են մտնում ուղևորների հետ՝ 100-ից 150 դրամ դարձած ուղեվարձը բոյկոտելու ու չվճարելու պատճառով: Որոշ վարորդներ անգամ հրաժարվում են վարելը, մինչև ուղևորները չվճարեն:

Սակայն, արդյո՞ք վարորդներն իրավունք ունեն նման կերպ արձագանքելու. այսօր ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության մի քանի անդամներ եկել էին «Երևան ավտոբուս» ընկերության Ջրվեժի հավաքակայան՝ պարզելու, թե ինչու են վարորդները նման կերպ արձագանքում, արդյոք նրանց տրվո՞ւմ է նման գործողությունների իրավունք, և արդյոք ուղևորների նկատմամբ կոպիտ վարք դրսևորածները որևէ կերպ պատժվել են, թե ոչ:

Ավագանու անդամները նաև օրեր առաջ արդեն դիմել էին ընկերությանը՝ ստանալու վարորդների հետ կնքված պայմանագրի օրինակը: Պայմանագիրը նրանց չէր ուղարկվել, սակայն պարզվեց՝ ավագանու անդամներին դիմավորող մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանն իր հեռախոսում դրա օրինակն ունի:

«Երևան ավտոբուս»-ի ո՛չ տնօրենը, ո՛չ փոխտնօրենը տեղում չէին, հանդիպումը ներսում առանց լրագրողների մամուլի խոսնակի հետ էր: Հանդիպումից ավագանու անդամները դուրս եկան պայմանագրի օրինակով: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ընթերցեց՝ վարորդներն իրավունք ունեն միայն զգուշացնել, որ վճարումը կանխիկով չէ, այլ օրենքով սահմանված եղանակներով:

«Անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել, որպեսզի ուղևորավարձը վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, և 3.2.9 կետը չթույլատրել ուղևորավարձի առձեռն վճարում: Այս երկու կետից զատ, ուղևորին այլ բան հարկադրել՝ կլինի վճարելը, ավտոբուսից իջնելը կամ սպառնալ, որ վճարի, թե չէ, չեմ քշում, վարորդն իրավունք չունի», - ասաց նա:

Բայց ավագանու ընդդիմադիր անդամներն ասում են՝ վարորդները վեճի մեջ են մտնում ուղևորների հետ ու երբեմն հրաժարվում են անգամ վարելուց, բացի այդ, ըստ Մանուկ Սուքիասյանի՝ ավտոբուսներում վարորդների կողքին երբեմն հայտնվում են նաև այլ անձինք՝ քաղաքապետարանի կամ թաղապետարանի աշխատողներ, որ ստիպում են վճարել, սակայն դրա իրավունքը չունեն:

Օրերս «Արմենպրես»-ն էր տեսանյութ պատրաստել այն մասին, որ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության բաժնի աշխատակիցները ստուգայցեր են անում և միջամտում, երբ քաղաքացիները հրաժարվում են վճարել:

«Երևան ավտոբուս» ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանն ասաց, որ տեղեկություն չունեն թաղապետարանի կամ քաղաքապետարանի աշխատակիցների ստուգայցերի մասին:

«Ուղեվարձը չվճարող քաղաքացիներին բարեկրթության սահմաններում հորդորել, ուղղորդել, անհրաժեշտության դեպքում նաև օգնել վճարում իրականացնել», - նշեց նա:

Աղմուկ էր հանել նաև միջադեպը, երբ վարորդը հրում է անվճար երթևեկելու արտոնություն ունեցող՝ ձեռնափայտով ուղևորին՝ փաստացի ստիպելով, որ նա իջնի ավտոբուսից: Գեղամ Ասատրյանն ասաց՝ այդ վարորդին նկատողություն են հայտարարել:

«Ազատության» տեսախցիկը նախորդ օրերի համեմատությամբ այսօր ավելի հանգիստ իրավիճակ ֆիքսեց կանգառներում:

«Ազատության» փոքր հարցման ժամանակ վարորդները պնդում էին, որ ցուցումներ չեն ստացել, թե ինչ անել, երբ ուղևորները չեն վճարում:

Այդուհանդերձ, քաղաքապետարանում այժմ քննարկում են օրենսդրական հնարավոր փոփոխություններրը, որոնք հնարավորություն կտան տուգանել չվճարող ուղևորներին:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Որոշ վարորդներ անգամ հրաժարվում են վարելը մինչև ուղևորները չվճարեն
please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG