Ուղիղ մեկ շաբաթ առաջ տրանսպորտային բարեփոխումներն արդյունավետ ու արդարացված գնահատող Երևանի քաղաքապետն այսօր գործակարգավարական նիստի ժամանակ մեղադրեց՝ նոր սակագները բոյկոտող և չվճարող քաղաքացիները խոչընդոտում են տրանսպորտի զարգացմանը և ուզում են, որ եղած ավտոբուսների վիճակը վատթարանա, նոր տրոլեյբուսները չգնվեն, սպասված եկամուտները չհավաքագրվեն։
«Բոլոր այն մարդիկ, ովքեր այսօր մտնում են ավտոբուս և չեն վճարում, իրենք աջակցում են այն օրակարգի համար, որ Երևան քաղաքում, օրինակ, այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն», - ասաց Ավինյանը և նշեց, - «թվերից ակնհայտ է, որոշ քանակ քաղաքացիների, այնուամենայնիվ, շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար, իհարկե, քանակը մեծ չի»:
Տիգրան Ավինյանն իր սեղանին դրված թղթերում ստուգեց չհավաքագրված եկամտի չափը, բայց այդպես էլ չբարձրաձայնեց: Քաղաքապետարանը մինչև օրս չի հրապարակել՝ որքան գումար է հավաքագրվել փետրվարի 1-ից հետո, երբ տրանսպորտը թանկացավ։ Հունվարին, օրինակ, այդ թիվը պարբերաբար հրապարակվում էր:
Շաբաթվա վերջին միայն մամուլի խոսնակը հայտնեց, որ հունվարի 1-ից փետրվարի 13-ը 123 հազար 293 տոմսային փաթեթ է ձեռք բերվել, որից 20 հազար 889-ը՝ արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ունեն։ Ավինյանն այսօր բարոյական պատասխանատվության կոչ արեց բոյկոտողներին՝ հիշեցնելով արտոնություններից օգտվողների մասին.
«100 դրամ էի վճարում, հիմա 150 դրամ եմ վճարում, բայց, այնուամենայնիվ, զոհված զինծառայողների ծնողներն անվճար են երթևեկում, 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք անվճար են երթևեկում», - ներկայացրեց քաղաքապետը:
Համացանցում վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել մի տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է՝ ինչպես է վարորդը հրում ավտոբուս մտնող ձեռնափայտով մարդուն։ Տղամարդը միայն սկզբից է ասում, որ արտոնություն ունի, հետո, սակայն չի վիճում ու իջնում է։
Արտոնությունների մասին պարբերաբար բարձրաձայնող Երևանի քաղաքապետն էլ էր տեսել այդ կադրերը: Վարորդի արարքը չքննադատեց, բայց կոնկրետ դեպքի համար խոսքում զղջանքի նոտաներ կային։ Այդուհանդերձ Ավինյանն իր աջակցությունը հայտեց վարորդներին՝ հայտարարելով, որ վերջիններս իրավունք ունեն հրաժարվել վարել, եթե ուղևորը չի վճարում։ Մի բան, որ տևական ժամանակ քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ միաբերեն հերքում էին, թե վարորդի վրա ճնշում չկա, թե վարորդն այլևս գործ չունի վճարումների հետ։
«Ավտոբուսների վարորդները հրաժարվում են վարել, որովհետև իրենց աշխատանքային պայմանագրով նախատեսված է, որ իրենք պետք է հետևեն, որպեսզի վճարումները կատարվեն», - ընդգծեց նա:
Երևանի քաղաքապետարանը չբացատրեց՝ ինչ փոխվեց այս ընթացքում, երբ մի քանի օր առաջ հենց իր աշխատակիցները վստահեցնում էին, որ վարորդը չի կարող չվարել ավտոբուսը չվճարման պատճառաբանմամբ։
«Լիազորություն չունեն բռնի կերպով կամ այլ կերպով քաղաքացուն իջեցնելու: Դեպքեր, իհարկե, եղել են, որ վարորդն ասել է՝ ես չեմ քշի մինչև վճարումը չիրականացնեք, բայց այստեղ էլ գալիս է մյուս քաղաքացիների իրավունքները, որոնք վճարել են», - նշել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ֆեյսբուքյան իր տեսաուղերձով կոչ է անում շարունակել պայքարը՝ քաղաքացիներին հորդորելով չվիճել վարորդների հետ։ Ու մինչ ընդդիմությունը շարունակում է պայքարել 100 դրամ սակագինը պահպանելու համար, Երևանի քաղաքապետն այսօր անցավ ավելի կոշտ քայլերի
«Արդարացումների ժամանակն էլ անցավ, որ մենք բոյկոտում ենք, ես առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառման», - հայտարարեց Ավինյանը:
Տևական ժամանակ է, սակայն, քաղաքապետարանը չի հստակեցնում՝ որոնք են լինելու բոյկոտող քաղաքացիներին տուգանելու միջոցները։ Քաղաքային իշխանությունը գործող օրենքներով այդպիսի լծակներ չունի։