Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը դեռ չի հաշվել՝ քանի հոգի է միասնական տոմսային փաթեթ գնել


Երևանի քաղաքապետարանը դեռ չի հաշվել՝ քանի հոգի է միասնական տոմսային փաթեթ գնել տրանսպորտի թանկացումից հետո։ Չի հրապարակվել նաև, թե օրական որքան եկամուտ է «Երևանի ավտոբուս» ընկերությունը հավաքագրել փետրվարի 1-ից մինչև օրս, երբ 1 ուղևորության տոմսի գինը համատարած դժգոհության ֆոնին դարձավ 150 դրամ։

Այսօր, երբ ավագանին քննարկում էր իշխանության առաջարկած հերթական փոփոխությունների փաթեթը, ո՛չ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ո՛չ Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը չկարողացան այդպես էլ մի կոնկրետ թիվ նշել։

Ուշագրավ մեկ այլ թիվ էլ այսօր նշեց Ավինյանը տրանսպորտի ինքնարժեքի վերաբերյալ։ Ընդդիմության 65 կամ 100 դրամ ուղեվարձի առաջարկը մանիպուլյացիա որակող քաղաքապետը երեկ ասել էր, որ մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 200 դրամ է։ Այսօր՝ հունվարի ուսումնասիրությունները վերլուծելուց հետո այլ թիվ ներկայացրեց. - «Հունվար ամսվա վրա բաժանենք էդ ամսվա մեր ծախսը, կստանանք 313 դրամ մեր ինքնարժեքը, հետևապես, այո, այդ թվերը ոչ միայն կարող են նվազել, այլ կարող են նաև աճել: Ինքնարժեքը պետք է միջինացված արդեն իսկ նոյեմբերից հաշված սկսենք իրական թվերի բերել: Նոյեմբերին, այո, 203 դրամ էր, հունվարի 313 դրամ է ստացվում»:

Երևանի ավագանին հավանություն տվեց տրանսպորտի փաթեթների փոփոխության առաջարկին

Ու թեև դեռ վերջնական հստակ թիվ չկա 1 ուղևորության ինքնարժեքի վերաբերյալ, քաղաքային իշխանությունն այսօր փաթեթների փոփոխություններ առաջարկեց, որն ընդունվեց 33 կողմ, 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Մարտի 1-ից 1 և 7 օրվա փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ, 300 դրամ արժողությամբ տոմսի ժամկետը 90 րոպեից կդառնա 180 րոպե, 1500 դրամով 10 ուղևորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 - ից 45 օր կդառնա: Բացի այդ, արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։ Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:

Այսօր ավագանին նաև քննարկում է «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը: Ստորագրահավաք անցկացրած ընդդիմությունն առաջարկում է մյուս փաթեթներին զուգահեռ պահպանել նախկին՝ 100 դրամ սակագինը: Ընդդիմադիրները պնդում են՝ իշխանության բարեփոխման ծրագիրը հիմնված չէ հստակ թվային հաշվարկի վրա։

«Չկան էդ թվերը, դե եկեք հանենք ստվերից, հնարավոր է միանշանակ ավելի էֆեկտիվ ֆինանսներն օգտագործել», - նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը։

«Ազգային առաջընթաց»-ից Իզաբելլա Աբգարյանն ասաց. - «Իրականում մեր նախագիծը հիմա նաև փրկօղակ է Երևանի բյուջեի համար, որպեսզի այն գումարները, որոնք երևանցիները թողնում են ավտոբուսում կամ պարզապես չեն վճարում, կրկին շարունակեն մուտք գործել բյուջե»:

Ավելի քան 2 ժամ ընթացող քննարկման ժամանակ իշխանական կոալիցիայի և ընդդիմության բանավեճը միայն թվերի շուրջ չէր. կարմիր թելի պես պտտվում էր խնդրի բարոյական կողմը. պատկերացումներն ու մոտեցումները նույն հարցի շուրջ, սակայն, հակադիր բևեռներում էին։

Իշխանությունն ընդամենը երեք ձայնի առավելությամբ կարողացավ տապալել ընդդիմության առաջարկը։ 30 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ «Ազգային առաջընթաց»-ի 100 դրամ սակագնի առաջարկը մերժվեց։

XS
SM
MD
LG