Չնայած տրանսպորտի 100 դրամ սակագինը պահպանելու նախագիծը երեկ քաղաքային իշխանությունը մերժեց, բայց ընդդիմադիր «Ազգային առաջընթաց»-ից վստահեցնում են՝ պայքարը շարունակելու են:
«Մենք շարունակելու ենք և կոչ ենք անում քաղաքացիներին բոյկոտել թանկացումը տրանսպորտի և նաև ինքներս էլ, իհարկե, մասնակցելու ենք այդ գործընթացին», - այսօր «Ազատությանն» ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը:
Նա պնդեց՝ իշխանության տրանսպորտային բարեփոխումները չեն կայացել, քանի որ չեն հաշվարկվել հնարավոր բոլոր սցենարները, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու թիմակիցները մի քանի անգամ ստիպված եղան փոփոխել նախագիծը:
Քաղաքապետ Ավինյանը, սակայն, կարծում է, որ ընդդիմության մանիպուլյացիաների հետևանքով քաղաքացիները չեն տեսնում քաղաքապետարանի «հսկայական աշխատանքը»:
Տրանսպորտի համար քաղաքացիների վճարումները, ըստ Թորոսյանի, նվազել են: Նա ապացույց է համարում այն, որ Երևանի քաղաքապետարանը մինչև այս պահը չի ներկայացրել, թե նոր սակագներ սահմանելուց հետո որքան գումար են հավաքել, և քանի փաթեթ է գնվել: Երեկ այս հարցին չպատասխանեց ոչ փոխքաղաքապետը, ոչ էլ տրանսպորտի վարչության պետը:
«Հավաքարգումը պակասել է, և դրա հստակ ապացույցն այն է, որ այսօր իրենք հսկիչներ են տարել, որ ավտոբուսներով շրջեն, որ մարդկանց ասեն՝ անպայման վճարեն ու վարորդներին ասեն, որ մի վարեք, եթե ինչ-որ մարդիկ չեն վարել», - նկատեց Արամ Թորոսյանը:
Հանրային տրանսպորտում հսկիչների ստուգումների մասին քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էր ֆեյբուքյան էջով տեղեկացրել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում, գրել էր խոսնակը:
Մինչ այս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ավտոբուսով է աշխատանքի գնացել ու գոհ մնացել հանրային տրանսպորտի աշխատանքից:
Երևանյան տրանսպորտից ամեն օր օգտվող մարդիկ մինչդեռ նկատում են՝ վարչապետը լուսադեմին է աշխատանքի գնում, իսկ իրենք կանգառներում ժամերով են սպասում:
«Գոհ չեմ հանրային տրանսպորտի աշխատանքից: 100 դրամը նորմալ էր, հատկապես թոշակառուների համար: Կանգառներում լիքը ժողովուրդ կա, չի հասցնում աշխատի տրանսպորտը», - ասաց նրանցից մեկը:
Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների համոզմամբ՝ իշխանությունը տեղի կտա, եթե ուղեվարձի հավաքագրումները նախկինի համեմատ զգալի պակաս լինեն: Իշխանությունը համատարած բոյկոտ չի տեսնում ու հայտարարում է, որ բարեփոխումները շարունակվելու են: