Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի թանկացումը բոյկոտող և 100 դրամից ավելի չվճարող քաղաքացիներին տուգանելու միջոց է փնտրում։ Հստակ մեխանիզմ դեռ չկա, բայց տարբերակներ են քննարկվում։
«Այն իշխանությունը, որը ասում էր ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, և այդպես եկավ իշխանության, ի՞նչ ասեմ, եթե նրանք նման մտադրություն ունեն, ապա ցավակցում եմ իրենց, որովհետև իրականում նման վարքագիծը կնշանակի ճահիճը ընկած անկանոն շարժումներ անող մարդու վարքագիծ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:
Աբգարյանը, որ նախկին քաղքապետ Հայկ Մարությանի հետ միասին շարունակում է պայքարել թանկացման դեմ, տեղյակ չէր իշխանության մտադրության մասին։
Երեկ քաղաքապետարանից էին «Ազատությանը» փոխանցել, որ տարբեր գերատեսչություններին առաջարկներ են ներկայացրել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար, որոնց շրջանակում նաև առաջարկել են սահմանել նոր տուգանք:
«Է՛լ ավելի կխորացնեն այդ անջրպետը, որը առաջացել է իրենց և ժողովրդի միջև, որ նրանք չեն ուզում հասկանալ ժողովրդի իրավիճակը, է՛լ ավելի կբարձրացնի ագրեսիայի տոկոսը, և բնավ դա իրենց ի օգուտ չի գնալու, կարծում եմ: Բացի այդ, ես շատ դժվար եմ պատկերացնում՝ մեր հասարակության մեջ հսկիչը ոնց է կարողանալու մոտենալ տատիկին, պապիկին, տուգանի կամ իջեցնի ավտոբուսից, մենք այդ հասարակությունը չենք, թող դա չմոռանան: Եվ մեր ավտոբուսները, եթե դուք նստեք երեկոյան, առավոտյան ժամերին, որևէ հսկիչ մտնել չի կարող նույնիսկ, որ անցնի, ուր մնաց տոմսերը ստուգի», - ընդգծեց Աբգարյանը՝ շարունակելով. - «Թող իրենց Եվրոպայի տեղ չդնեն, որտեղ մարդիկ նստած են երթևեկում, և, այո, հսկիչները խմբերով էլ կարող են մտնել և հանգիստ անցնել շարքերով, ստուգել: Մենք չունենք այդ պայմանները, թող նախ և առաջ նորմալ տրանսպորտ ապահովեն»:
Հրապարակված նախագիծ առայժմ չկա: Քաղաքապետարանից խոստացան հաջորդ շաբաթ որոշ փակագծեր բացել՝ շտկումներ անելուց հետո։ Չկա նաև հստակ պարզաբանում՝ արդյոք միայն այս օրենքում փոփոխություն անելով հնարավոր կլինի նոր տուգանք սահմանել։ Չպե՞տք է արդյոք նոր տուգանքը նաև ամրագրված լինի Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում և՛ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, և՛ ավագանու իշխող խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը խոստովանել էին, որ դեռ հստակ մեխանիզմ չեն մշակել, բայց և պնդել՝ քաղաքային իշխանությունը թույլ չի տա մարդկանց շարունակաբար անտոմս երթևեկել։
«Էդ մեթոդների մասին պատեհ ենք համարում խոսել, երբ որ մենք վստահ լինենք, որ պատշաճ, ամբողջությամբ համակարգը անխափան աշխատում է: Էս կոշտ մեթոդների մասին մենք հիմա դեռևս ժամանակավրեպ ենք համարում խոսել», - ասել էր Գրիգորյանը:
«Եվ կտեսնենք, որ անցանք էս մի քանի օրը, և կտեսենք, որ արդեն կան միտումնավոր չվճարող մարդիկ, և պարտաճանաչ քաղաքացին ուղղակի վատ դրության մեջ է հայտնվելու՝ տեսնելով, որ ինչ-որ մեկը ուղղակի չի վճարում, էդտեղ արդեն, բնականաբար, պետք է վրա հասնեն որոշակի գործունեություններ», - նշել էր Գալջյանը:
«Ով ուզում է բոյկոտի՝ մի ամաչեք, էդտեղ ամաչելու բան չկա: Ավելի ամոթ է անել մի բան, որ կողքինիդ վնաս տաս դրանով, իսկ մարդիկ կան, որ իսկապես չեն կարողանում էս գումարները վճարել». - այսօր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը եռակի թանկացած տրոլեյբուսում էր հորդորում չհուսահատվել։
Վերջին օրերին «Ազատության» հետ զրույցներում քաղաքացիներից ոմանք թեև դժգոհում էին թանկացումներից, բայց ասում էին՝ գնում են QR կոդը՝ ավելորդ վեճերից խուսափելու համար.
«Հա բա ի՞նչ անենք, կարող է՞ խայտառակ լինենք, ավտոբուսի մեջ ասեմ չեմ վճարում, վարորդն էլ անպատվի, ի՞նչ պիտի անեմ ... Դե բա ուզի-չուզի կվիրավորի, մարդն էլ կվիրավորվի, հո բա՞ն չի: Մեկին ասում է՝ «իջի չունես, չես կարում», էն մեկը երեսը պնդած անցում է, հո տենց չի՞ ... », - մասնավորապես ասաց մի կին:
Հաջորդ շաբաթվա սկզբին՝ փետրվարի 11-ին տեղի կունենա ավագանու հերթական նիստը։ Արդեն իսկ ազդարարվել է, որ միասնական տոմսական համակարգի փոփոխությունների նոր փաթեթ է ներկայացվելու, ենթադրվում է, որ որոշ փաթեթների տևողությունը կավելանա, մեկի գինն էլ կնվազի: Ընդդիմությունը, սակայն, առաջարկվող փոփոխությունների փաթեթը մինչև օրս չի ստացել։