Երևանյան թանկացած տրանսպորտն ամենևին էլ որակի մասին չէ. մայրաքաղաքում երթևեկողներների զգալի մասն այսօր հենց այս հարցն էր բարձրացնում՝ ինչի՞ համար են ավելի շատ վճարում՝ որ հիմա էլ նո՞ր ավտոբուսներով գրկախառնված երթևեկեն ու կրկին ժամերով սպասե՞ն։
Հիմնականում առավոտյան ու երեկոյան ժամերին կրկին դժվար է մի ոտքի տեղ գտնել ավտոբուսում ու գոնե, ի վերջո, քաղաքակիրթ պայմաններում երթևեկել։
Ոմանք այսօր էլ շարունակում էին բոյկոտել տրանսպորտի թանկացումը. երթևեկողները, սակայն, ավելի հուսահատ էին։ Գոհ չեն, ավելին՝ քննադատում են թանկացումը, բայց, ոմանք խոստովանեցին՝ ստիպված QR կոդերը գնել են։
Ի դեպ, եթե նախորդ օրերին վարորդները հիմնականում լուռ էին, չէին արձագանքում չվճարողներին, երեկվանից արդեն ահազանգեր կան, թե հորդորում են չվճարողներին իջնել։ Արդյոք հրահա՞նգ ստացել են քաղաքապետարանից. իրենք վարորդները լուռ վարում էին՝ առանց միկրոֆոնին ուշադրություն դարձնելու, քաղաքապետարանից «Ազատությանը» պատասխանեցին, որ վարորդների վրա որևէ ճնշում չկա։ Բայց քաղաքապետարանում չվճարողներին տուգանելու մասին են մտածում՝ նախաձեռնել են փոփոխություններ կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որի շրջանակում նաև առաջարկել են սահմանել տուգանքի մեխանիզմ»։ Հրապարակված նախագիծ առայժմ չկա:
3-րդ փորձից միայն մեզ հաջողվեց 150 դրամ վճարել եռակի թանկացած տրոլեյբուսից օգտվելու համար։ Երթևեկողներից մեկը խորհուրդ տվեց ամեն դեպքում ստուգել հաշիվները՝ չբացառելով, որ գումարը գուցե արդեն գանձվել է մեկի փոխարեն երեք անգամ։
Միասնական տոմսի գաղափարը որպես բարեփոխում ներկայացնող քաղաքային իշխանությունը դեռ չի բարեփոխել կանգառները. չկա որևէ չվացուցակ, թվատախտակ, երթևեկողը պետք է գուշակի՝ որ տրանսպորտը ուր և երբ է գնում-գալիս։
«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.