Չնայած թանկացած հանրային տրանսպորտից օգտվող մարդկանց դժգոհություններին և մտահոգություններին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահ է՝ մանիպուլյացիաների հետևանքով մարդիկ չեն տեսնում քաղաքապետարանի «հսկայական աշխատանքը»։
«Արդարացված են այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տրանսպորտային համակարգում», - այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց նա, - «1990-ականների վերջից 100 դրամ ուղևորափոխադրման վճար ենք ունեցել, հիմա ուզում են մարդիկ համոզել, որ նոր՝ 18 մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8.5 մետրանոց այս նոր պարկով հնարավոր է 65 դրամով մարդկանց տեղափոխել: Ասում են՝ դա է ինքնարժեքը»:
Երբ խորհրդակցության ժամանակ քաղաքապետը սրտնեղեց, թե մարդիկ որտեղից են վերցնում այս թվերը, երբ, իր պնդմամբ, մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 200 դրամ է, «Երևան ավտոբուս»-ի ղեկավար Բեգլար Կիրակոսյանը շտապեց հիշեցնել, որ որոշ վարորդների աշխատաժամը հունվարի 1-ից 750 դրամով բարձրացել է նաև։
Վարորդների կյանքը բարելավվում է ամեն օր, վստահեցրեց քաղաքապետը: «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Այվազյանն էլ շտապեց հիշեցնել, որ լուծել են բիոզուգարանների հարցը։
Ու մինչ Ավինյանն այսօր վարորդներն հորդորում էր համբերատար լինել, թանկացումներն անհիմն համարող «Չենք վճարելու» նախաձեռնությունը երեկ մի տեսանյութ էր տարածել՝ ինչպես է հերթական վեճը ծագում ավտոբոսում, երբ վարորդը փաստացի հրաժարվում է վարել, եթե ուղևորները չվճարեն։
«Հրամայված է, որ ով չի վճարում, մի քշի», - տեսանյութում ասում է վարորդը՝ հավելելով, որ նման կարգադրություն իր «վերադասն է արել»:
Չնայած վարորդի այս խոստովանությանը՝ Երևանի քաղաքապետարանից այսօր էլ պնդեցին՝ նրանց վրա ճնշում չեն գործադրել։ Այդուհանդերձ, հենց գործակարգավարականի ժամանակ ընդունեցին, որ փոփոխությունները կարծես այնքան էլ ջերմ չեն ընկանվել հասարակության մի զգալի խմբի կողմից: Օրինակներից մեկի մասին էլ ակնարկեց Ավինյանը: Ըստ նրա՝ մի քանի օր առաջ 31 ավտոբուսում ուղևորներից մեկը վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ կոտրել էր ավտոբուսի կողային ապակին։
«Չենք վճարելու» նախաձեռնության անդամ Յուրի Մովսեսյանն էլ իր դիտարկումներն է հասցրել անել իրազեկման ակցիաների ժամանակ՝ չբացառելով սադրանքի տարբերակը. «Գործն իր հանգամանքներով չի բացահայտվել, ու շատ սխալ է, որ արդեն իսկ անմեղության կանխավարկածը կասկածի տակ է դնում:
Երբեմն նույնիսկ թաղապետարանի աշխատակիցներ են լինում շատ պատահմամբ ավտոբուսի ներսում և փորձում են հրահրել սադրանքներ»:
Տրանսպորտի թանկացումն ուժի մեջ մտավ փետրվարի 1-ին, մինչ այս պահը քաղաքային իշխանությունը հավաքված գումարի մասին տվյալներ չի հրապարակել: Վաղը ավագանու նիստում իշխող ուժը միասնական տոմսային համակարգում նոր փոփոխությունների փաթեթ կներկայացնի։ Ենթադրվում է, որ որոշ փաթեթների տևողությունը կավելանա, մեկի գինն էլ կնվազի: Բայց բողոքի ակցիաների վրա դա չի ազդի, պնդում է տրանսպորտի թանկացման դեմ շարժման ներկայացուցիչը՝ խոստանալով քաղաքային իշխանություններին առաջիկայում ավելի ստեղծարար մեթոդներ կիրառել։