50 դրամանոց մետաղադրամներ՝ Տիգրան Ավինյանին «աջակցելու» համար
Տրանսպորտի թանկացմանն ընդվզող «Չենք վճարելու» նախաձեռնությունն այսօր 50 դրամանոց մանրադրամներ էր հավաքում քաղաքապետ Ավինյանի համար։ Փետրվարի 1-ից մեկ ուղևորության համար 150 դրամ վճարել չցանկացող քաղաքացիներն իրենց բոյկոտը շարունակում են արտահայտել՝ ավտոբուսում 100 դրամ թողնելով։
Թանկացումն անհիմն համարող նախաձեռնության երիտասարդներն էլ որոշել են այսպես լրացնել քաղաքային բյուջեի այսպես կոչված «բացը»։
«Քաղաքային իշխանությունները՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, պնդում են, որ իրենք ունեն մեր 50 դրամանոցների անհրաժեշտությունը տրանսպորտային բարեփոխումներ իրականացնելու համար: Մենք այս դրամահավաքն ենք նախաձեռնել, որ ցույց տանք, որ չնայած նրան, որ անհիմն թանկացումներ են, այս տրանսպորտային բարեփոխումներն ունեն լուրջ խնդիրներ, այնուամենայնիվ Երևանի բնակիչները կարեկցող են Տիգրան Ավինյանի նկատմամբ, և որոշ քաղաքացիներ իրենց 50 դրամանոց կոպեկներով «աջակցում են»», - ասաց «Չենք վճարելու» նախաձեռնության անդամ Յուրի Մովսեսյանը։
«Ավինյան, սիրուն չի», «Ուսանող, միացիր» հեշթեգներով զարդարված տարրան հենց ամբողջությամբ լցվի, այդ ժամանակ էլ կմտածեն՝ ինչպես այն փոխանցել Երևանի քաղաքապետին, նշեց Յուրի Մովսեսյանը. «Պետք է այնպես անել, որ թեկուզ եթե ոչ ֆիզիկապես, բայց իհարկե, մենք նախընտրում ենք ֆիզիկապես հասնի Ավինյանին, որպեսզի նա իմանա, որ նույնիսկ դեմ քաղաքացիները նրան աջակցում են, որ սակագները վերանայի ու սարքի 100 դրամ»:
Քաղաքապետարանը տուգանքների մեխանիզմն է քննարկում
Քաղաքապետարանում, սակայն, հին սակագնին վերադառնալու մասին չեն մտածում, այլ՝ ինչպես տուգանել այն մարդկանց, ովքեր ավտոբուսում հենց100 դրամ են թողնում կամ առհասարակ երթևեկում են անվճար։
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը խոստովանեց, որ քաղաքային իշխանությունը դեռ չգիտի, միջոցներ է փնտրում. «Տուգանքների տրամաբանության, դրա չափի, մեխանիզմների, թե օրինակի համար ինչ տեխնիկական միջոցներով պետք է այդ փաստը ֆիքսվի, որ քաղաքացին անտոմս տրանսպորտից է փորձում օգտվել, տուգանքի չափի, ձևի, թե ովքեր են օրինակ՝ այդ ծառայությունն իրականացնելու: Դա անելու է մեր հասարակական կարգը, արդյոք այդ հաստիքացուցակը բավարար է, որպեսզի շուրջ 700-800 շարժակազմում ամենօրյա կտրվածքով անեն, ինչ պարբերականությամբ է դա տեղի ունենալու»:
«Այսինքն՝ կան մի շարք այսպիսի հարցեր, որոնք դեռ քննարկման փուլում են, և այս պահին ես չեմ կարող հստակ ասել, թե ինչ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանն արդեն կկիրառի այդ գործիքակազմը», - հավելեց նա:
Ենթադրվում է, որ նաև օրենքներ կփոփոխվեն, բայց սա արդեն քաղաքային իշխանության լիազորությունից դուրս է։ Կոստանյանը միայն շեշտեց՝ գործող օրենքներում սահմանված չէ՝ ով է իրավասու քաղաքացուն տուգանել այս դեպքում։
«Երևան ավտոբուս» ընկերության 8 հսկիչներն այսօր էլ շրջում են տրանսպորտում, բայց նրանց գործը տուգանելը չէ, այլ ընդհանուր երթևեկության կարգին հետևելը։
Երեկվանից էլ քաղաքապետարանի հասարակական կարգի վարչության աշխատակիցներն են տարբեր երթուղիներում ստուգայցներ իրականացնում։ Չվճարողներին կամ 100 դրամ տվողներին կարող են միայն հորդորել, այլ ոչ ստիպել իջնել ավտոբուսից։ Քաղաքապետարանի աշխատակիցն ընդունում է՝ բանավեճերից խուսափել դեռ չի լինում։
«Բայց որևիցե կոնֆլիկտ, որ վերածվի քաշքշուկի կամ ծեծկռտուքի, չէ», - նշեց նա:
Լուծված չեն նաև մի շարք տեխնիկական խնդիրներ։ Վալիդատորը միշտ չէ, որ կարդում է QR կոդը, չվացուցակ չկա, կանգառները կահավորված չեն։ Մեկ այլ հարց էլ բանկային քարտով վճարումների դեպքում է անհասկանալի մնում՝ ինչպե՞ս պետք է տուգանողը ստուգի՝ բանկային քարտով վճարումը կատարվել է, թե ոչ: Ավտոբուսում քարտով վճարելիս վալիդատորը կտրոն չի տրամադրում։ Այս հարցերի պատասխանները քաղաքային իշխանությունը դեռ չունի։