Երևանի ավագանին 33 կողմ, 17 ձեռնպահ ձայներով հավանություն տվեց տրանսպորտի նոր փաթեթին, տոմսային համակարգի արտոնություններին առնչվող նախագծին։
Ըստ այդմ՝ 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ, 300 դրամ արժողությամբ տոմսի 90 րոպեի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե:
Նախագծի համաձայն՝1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 -ից 45 օր:
Բացի այդ, արտոնյալ տոմսեր կտրամադրվեն նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին։ Անվճար երթևեկելու իրավունք կունենան նաև հաշմանդամություն ունեցող երեխաները, 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիները՝ անկախ երեխաների տարիքից:
Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:
Բացի այդ, այսօր ավագանին նաև կքննարկի «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած նախագիծը: Ընդդիմությունը քաղաքացիների ստորագրահավաքի հիմքով առաջարկում է սակագնային փաթեթների մեջ ներառել մեկ ուղևորության համար100 դրամ արժեքի տարբերակը:
Չնայած թանկացած հանրային տրանսպորտից օգտվող մարդկանց դժգոհություններին և մտահոգություններին՝ Երևանի քաղաքապետը երեկ ասաց՝ մանիպուլյացիաների հետևանքով մարդիկ չեն տեսնում քաղաքապետարանի «հսկայական աշխատանքը»։
«Չենք վճարելու» նախաձեռնության անդամ Յուրի Մովսեսյանն էլ երեկ պնդել էր, որ նոր փաթեթը բողոքի ակցիաների վրա չի ազդի՝ խոստանալով քաղաքային իշխանություններին առաջիկայում բոյկոտի նոր մեթոդներ կիրառել։