Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է՝ ըստ ԶԼՄ-ի


Ադրբեջանի զինվորական դատարան, արխիվ
Ադրբեջանի զինվորական դատարան, արխիվ

Բաքուն ուշ երեկոյան որոշ մանրամասներ է հայտնել այսօր շարունակված դատավարությունից, որին մասնակցել է ութերորդ օրը հացադուլ անող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալության հաղորդմամբ՝ նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է հացադուլի պատճառով, հրավիրվել է բժիշկ, ընդմիջումից հետո նիստը շարունակվել է:

Նիստը լուսաբանող իշխանական լրատվամիջոցը փոխանցում է, որ Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչպես նաև չի պատասխանել մեղադրողների որևէ հարցի:

Արցախի նախկին պետնախարարն ընտանիքի միջոցով ավելի վաղ հայտնել է, որ հացադուլի միջոցով բողոքում է դատական ֆարսի դեմ:

Ծավալուն հայտարարությունում նա պատմել է իր իրավունքների կոպտագույն խախտումների, հոգեբանական ճնշումների մասին, նաև, որ զրկված է պաշտպանության իրավունքից, 422 հատորանոց ու սխալներով թարգմանված գործի նյութերին ծանոթանալու բավարար ժամանակ չեն տրամադրել, իսկ իր միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել իր հետ ու ստանալ գործի նյութերը:

Հայաստանում կամ Արցախում որևէ ռազմական գործողության չմասնակցած նախկին պետնախարարին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում: Բաքուն նրան մեղադրում է «Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու ու վարելու, վարձկանության» ու էլի 40-ից ավելի հանցագործությունների մեջ:

XS
SM
MD
LG