Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանում այսօր շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը


Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան

Բաքվի դատարանում այսօր շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։

Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազն ավարտել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը։

Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար։

Բաքուն Արցախի նախկին պետնախարարին մեղադրում է նաև արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձևակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։ Հայաստանում կամ Արցախում որևէ ռազմական գործողության չմասնակցած նախկին պետնախարարին մինչև ցմահ ազատազրկում է սպառնում:

Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել՝ այս կերպ բողոքելով դատական ֆարսի դեմ:

Նա բարձրաձայնել է իր իրավունքների կոպտագույն խախտումների, հոգեբանական ճնշումների մասին, նաև, որ զրկված է պաշտպանության իրավունքից, 422 հատորանոց ու սխալներով թարգմանված գործի նյութերին ծանոթանալու բավարար ժամանակ չեն տրամադրել, իսկ իր միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել իր հետ ու ստանալ գործի նյութերը:

Արցախի նախկին պաշտոնյան Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG