Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների նոր վարչակազմի միջև լարվածությունն այսօր դարձավ հրապարակային, երբ երկու երկրների ղեկավարներն անցան միմյանց հասցեին բացահայտ քննադատության ու մեղադրանքների։ Նախ՝ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, թե Զելենսկին կարող էր Ռուսաստանի ագրեսիան կանխել և Մոսկվայի հետ գործարք կնքել տարիներ առաջ դեռ՝ առանց մարդկային ու տարածքային լուրջ կորուստների։
Ուկրաինական քաղաքները հողին են հավասարվել, վիճակն ավելի վատ է, քան Գազայում, երեկ պնդեց Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նաև ասել է, թե հիասթափված է, որ Զելենսկին բողոքում է, որ հրավիրված չի եղել բանակցություններին:
«Լսել եմ, որ նրանք վրդովված են, որ տեղ չեն ունեցել բանակցությունների սեղանի շուրջ, բայց նրանք այդ տեղն ունեին երեք տարի և դրանից շատ ավելի առաջ: Դուք երբեք չպետք է սկսեիք, դուք կարող էիք գործարք կնքել»,- նշել է ԱՄՆ նախագահը։
«Ուկրաինայում պետք է նախագահական նոր ընտրություն անցկացվի»
Թրամփը նշել է, որ Ուկրաինայում պետք է նախագահական նոր ընտրություն անցկացվի, մի բան, որ Ռուսաստանը կրկնում է տևական ժամանակ։ Միացյալ Նահանգների նախագահը, սակայն, պնդել է, որ դա ոչ թե Մոսկվայի պահանջն է, այլ՝ Ուկրաինայի ժողովրդի․ Զելենսկու վարկանիշը շատ ցածր է, ընդամենը 4 տոկոս, ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ չհստակեցնելով, թե որ սոցհարցումներն են դրանք վկայել:
«Չէ՞ որ Ուկրաինայի ժողովուրդը պետք է ասի, որ, գիտե՞ք, երկար ժամանակ է, ինչ ընտրություններ չեն անցկացվել: Դա միայն Ռուսաստանից բխող պահանջ չէ։ Դա նաև ես եմ ասում և նաև շատ այլ երկրներ: Գիտեք, մարդիկ հոգնել են դրանից։ Մարդիկ ցանկանում են տեսնել, որ ինչ-որ բան է կատարվում», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Զելենսկին արձագանքել է՝ Թրամփի նշած 4 տոկոսն ապատեղեկատվություն է
Ժամեր անց Զելենսկից արձագանքեց Թրամփի քննադատությանը՝ ասելով, թե կցանկանար, որ Թրամփի վարչակազմն առավել ճշմարտացի լիներ իր հայտարարություններում։ Պատերազմող երկրի ղեկավարը կրկին պնդեց՝ Կիևը չի համաձայնի որևէ կարգավորման, որին Ուկրաինան չի մասնակցի, ապա վստահեցրեց, որ վերջին սոցհարցման համաձայն՝ իր վարկանիշը 57 տոկոս է, իսկ Թրամփի նշած 4 տոկոսն ապատեղեկատվություն է, որն ԱՄՆ-ին տրամադրել է Ռուսաստանը:
«Ցավոք, նախագահ Թրամփը, ում մենք շատ ենք հարգում, իսկապես հարգում ենք որպես մի պետության առաջնորդ, որը մշտապես աջակցում էր մեզ, ապրում է այս ապատեղեկատվական տարածքում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինձ փոխարինել հենց հիմա, ես կասեի, որ դա հենց հիմա չի լինի», - շեշտել է նա:
Զելենսկին այսօր նաև հայտարարեց, թե պատրաստ էր ամերիկյան ընկերություններին իրավունք տալ՝ ուկրաինական հազվագյուտ մետաղների արդյունաբերության, եթե դրա դիմաց Վաշինգտոնը Կիևին անվտանգության երաշխիքներ առաջարկեր։ Թրամփի վարչակազմը, սակայն, ըստ Զելենսկու, նման պարտավորություն չի ստանձնել:
«Ես չեմ կարող վաճառել իմ երկիրը»,- ասել Ուկրաինայի ղեկավարը։
Վաշինգտոնում չգիտեն, թե որտեղ են ծախսվել Ուկրաինային հատկացված գումարները
Թրամփը երեկ նաև հարց էր բարձրացրել՝ ինչո՞ւ պետք է Ամերիկան եվրոպացիներից երեք անգամ ավելի շատ զենք-զինամթերք մատակարարի Ուկարինային, այն դեպքում, երբ հակամարտությունը Եվրոպայի տարածքում է ծավալվում։ «Այս անհավասարությունը պետք է շտկվի», - ասել էր Թրամփը՝ դժգոհելով, որ Վաշինգտոնում չգիտեն, թե որտեղ են ծախսվել այդ գումարները:
«Բայց ո՞ւր է այդ ամբողջ գումարը, որ տրվել է: Ո՞ւր է այն գնում ... Ես երբեք չեմ տեսել, որ նման հաշվարկներ արվեն: Հարյուր միլիարդավոր դոլարներ ենք տալիս։ Ես ոչ մի հաշվետվություն չեմ տեսնում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Զելենսկին հակադարձել է, որ արդեն երեք տարի շարունակվող պատերազմն արժեցել է 320 միլիարդ դոլար, որից 120 միլիարդը ուկրաինացիներն են վճարել:
Պուտինը բարձր է գնահատում ամերիկյան կողմի հետ բանակցությունները
Թրամփ-Զելենսկի այս հեռակա բանավեճից ժամեր անց խոսեց նաև Ռուսաստանի նախագահը, որը բարձր գնահատեց Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նոր վարչակազմի հետ վերջին հանդիպումը: Խոսելով Ուկրաինայի մասին՝ Պուտինն ասել է՝ Կիևը ևս պետք է մասնակցի բանակցություններին։
«Մեր հեռախոսազրույցում նախագահ Թրամփն ասաց, որ կարգավորումը պետք է լինի Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ»,- ասել է նա, չհստակեցնելով՝ Կիևը որ փուլում պետք է միանա հանդիպումներին, դա տեղի կունենա Զելենսկու պաշտոնավարման օրո՞ք, թե՞ նախագահական նոր ընտրություններից հետո։
Մեկ բան հստակ է՝ թե՛ Թրամփը, թե՛ Պուտինը գոհ են իրենց արտգործնախարարների հանդիպումից և պատրաստ նաև անձամբ հանդիպել:
«Արդյունք կա՛․ առաջինը, մենք պայմանավորվեցինք վերականգնել դիվանագիտական գերատեսչությունների աշխատանքը նորմալ ռեժիմով։ Դիվանագետների մշտական վտարումը Մոսկվայից ու Վաշինգտոնից ոչ մի լավ բանի չի բերում։ Երկրորդը՝ իմ կարծիքով առաջին քայլն ենք արել, որպեսզի վերականգնենք փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ուղղություններով», - հայտարարել է Կրեմլի ղեկավարը։
Այս շարքում, ըստ Պուտինի, կողմերը քննարկել են ոչ միայն ռուս-ամերիկյան տնտեսական, այլև էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունից մինչև Սիրիա, որտեղ դեռ ռուսական բազաներ կան տեղակայված։ Թե երբ են հանդիպելու Թրամփն ու Պուտինը, դեռ հստակ չէ: Ամերիկյան լրատվամիջոցները չեն բացառում, որ երկու գերտերությունների ղեկավարները դեմ առ դեմ կբանակցեն մինչև այս ամսվա վերջ։