Մատչելիության հղումներ

Կիևն ու Վաշինգտոնը իջեցնում են լարվածության աստիճանը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի ընդունում է ԱՄՆ նախագահի բանագնաց Քիթ Քելլոգին, Կիև, 20-ը փետրվարի, 2025թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի ընդունում է ԱՄՆ նախագահի բանագնաց Քիթ Քելլոգին, Կիև, 20-ը փետրվարի, 2025թ.

Միմյանց հասցեին հրապարակային քննադատություններից ու մեղադրանքներից հետո Կիևն ու Վաշինգտոնը կարծես իջեցնում են լարվածության աստիճանը։ Երեկ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի գլխավոր բանագնաց Քիթ Քելլոգը նրան որակել է խիզախ առաջնորդ, այն դեպքում, երբ երկու օր առաջ Դոնալդ Թրամփը Զելենսկուն բնորոշել էր որպես բռնապետ ու կատակերգակ։

«Ծավալուն ու դրական քննարկումներ ունեցա Զելենսկու՝ պատերազմի մեջ գտնվող երկրի մարտնչող ու խիզախ առաջնորդի ու նրա տաղանդավոր թիմի հետ», - X-ում գրել է Քելլոգը։

Զելենսկին, ի հերթին, Թրամփի բանագնացի հետ երեկվա դռնփակ հանդիպումից հետո հայտարարել է՝ հույս կա:

«Քելլոգի հետ խոսել ենք ռազմաճակատի իրավիճակի, Ռուսաստանում պահվող ուկրաինացի ռազմագերիների ազատ արձակման, անվտանգության երաշխիքների հուսալի և հստակ համակարգի անհրաժեշտության մասին, որպեսզի ապագայում նոր պատերազմ չսկսվի, և ռուսներն այլևս չկարողանան կյանքեր խեղել: Մենք բոլորս խաղաղության կարիք ունենք՝ Ուկրաինան, Եվրոպան, Ամերիկան», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը անանուն մնալու պայմանով France-Presse-ին ասել է, որ չնայած Զելենսկու և Թրամփի միջև առկա լարվածությանը, կողմերը շարունակում են բանակցել գործարքի շուրջ, որով Ուկրաինան կարող է Ամերիկային հանձնել բնական պաշարների, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների շահագործման իրավունքը՝ մինչ օրս տրամադրված ամերիկյան աջակցության դիմաց։

Զելենսկին այս գործարքը չի մերժում, բայց պնդում է, որ Վաշինգտոնը դրա դիմաց պետք է նաև ապագայում անվտանգության հստակ երաշխիքներ տա։

«Տնտեսական և անվտանգային շահերը միշտ պետք է զուգահեռ ընթանան: Իսկ համաձայնագրերի մանրամասները կարևոր են։ Որքան լավ ձևակերպվեն մանրամասները, այնքան լավ կլինի արդյունքը», - ընդգծում է Ուկրաինայի նախագահը:

Reuters-ը տեղեկացնում է, որ պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ Միացյալ Նահանգները հրաժարվել է համահեղինակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծը, որը նվիրված է Ուկրաինա ռուսական ներխուժման երրորդ տարելիցին և դատապարտում է ռուսական ագրեսիան:

Մինչ Եվրոպայից քննադատում են Թրամփի վարչակազմին՝ ծանր պահին դաշնակիցներին միայնակ թողնելու համար, պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ պաշտպանել է Թրամփի քաղաքականությունը։ «Ես ինքս համաձայն չեմ Վլադիմիր Պուտինի արարքների մեծ մասի հետ, սակայն ռուսների հետ պետք է խոսել»,- ընդգծել է պետքարտուղարը։

«Մենք, ի վերջո, պետք է կարողանանք խոսել մի պետության հետ, որը, որոշ դեպքերում, ունի ամենամեծ մարտավարական միջուկային սպառազինությունն աշխարհում և ռազմավարական միջուկային զենքի երկրորդ ամենամեծ, եթե ոչ ամենամեծ պաշարն աշխարհում», - ասել է Ռուբիոն:

Այս ֆոնին, հաջորդ շաբաթ Վաշինգտոն կմեկնեն Եվրոպայի առաջատարների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները։ Էմանյուել Մակրոնն ասել է, որ պատրաստվում է Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը մի քանի խորհուրդ տալ նրան։

«Ես պատրաստվում եմ նրան հիմնականում ասել հետևյալը. Դուք չեք կարող թույլ լինել նախագահ Պուտինի հետ հարաբերություններում: Դա Ձեզ բնորոշ չէ, դա հակասում է Ձեր էությանը: Դա չի բխում Ձեր շահերից: Ինչպե՞ս կարող եք վստահելի լինել Չինաստանի հետ հարաբերություններում, եթե թույլ եք Պուտինի հետ հարաբերություններում», - հայտարարել է Մակրոնը:

Ակնկալվում է, որ այդ հանդիպմանը կքննարկվի նաև՝ ինչ կարող է անել Եվրոպան Ուկրաինայի անվտանգությանը նպաստելու համար։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների, Փարիզում կայացած երկու հանդիպումներից հետո եվրոպացիները ծրագիր են մշակել, որով նախատեսվում է մոտ 30 հազար զինվոր տեղակայել, բայց ոչ թե սահմանագծին, այլ՝ Ուկրաինայի հիմնական ենթակառուցվածքների մոտ, նրանց տրամադրելով արևմտյան օդային և ծովային ուժերի պաշտպանություն:

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, թե Ուկրաինային դրանից առնվազն երեք անգամ ավելի շատ զինվոր է անհրաժեշտ, սակայն եվրոպացիներն իրենք էլ կախված են Նահանգներից, իսկ Ամերիկան հայտարարել է՝ զորք չի մտցնի Ուկրաինա, բայց կարող է այլ աջակցություն ցուցաբերել:

Երկուշաբթի օրը լրանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարին, ինչի առթիվ Ուկրաինա կայցելեն մի խումբ եվրոպացի առաջնորդներ՝ վերահաստատելու «աջակցությունը ուկրաինացի հերոս ժողովրդին և ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկուն»:

Մինչ այդ նրանք ստիպված են ներքին տարաձայնությունները հաղթահարել։ Հունգարիան կրկին հայտարարել է, թե կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

«Մենք պետք է ժամանակ տանք՝ ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքը տեսնելու համար», - ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Այս ընթացքում ռուսական զինուժն օգտվում է ռազմաճակատում իր ունեցած առավելություններից և առաջ է շարժվում Ուկրաինայի ամենամեծ և ամենախոշոր արդյունաբերական շրջաններից մեկի՝ Դնեպրոպետրովսկի ուղղությամբ: Ռուսական զորքն այժմ այդ շրջանի սահմանից ընդամենը մոտ 5 կմ է հեռու:

Եթե ռուսական բանակը Դոնեցկի արևելյան շրջանից անցնի Դնեպրոպետրովսկ, դա մեծ հարված կլինի Ուկրաինայում տիրող բարոյահոգեբանական վիճակին, քանզի դա կլինի արդեն հինգերորդ շրջանը, որը կենթարկվի ռուսական մասնակի օկուպացման և է՛լ ավելի կընդլայնի Ռուսաստանի վերահսկողությունը պատերազմից տուժած երկրի նկատմամբ: Դա կարող է նաև թուլացնել Կիևի դիրքերը տարածքների շուրջ բանակցություններում, որոնք կարող են ընթանալ խաղաղության համաձայնագրի բանակցությունների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG