Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է՝ Կիևը սկզբունքորեն դեմ չէ իր բնական հարստությունների մի մասը հանձնել ամերիկացիներին՝ 2022 թվականից ի վեր առաքված սպառազինության դիմաց։ Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News-ի եթերում երեկ երեկոյան հեռարձակված հարցազրույցում։
«Ուկրաինայի ընդերքն անչափ հարուստ է հազվագյուտ մետաղներով, նավթով և գազով։ Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինա ուղղված հարյուր միլիարդավոր դոլարների օգնությունը անհետ չկորչի։ Ուկրաինացիները կարող են խաղաղություն կնքել, կարող են և չկնքել, Ուկրաինան մի օր կարող է միանալ Ռուսաստանին, կարող է և չմիանալ։ Ես, սակայն, ասել եմ, որ ցանկանում ենք հետ ստանալ Ուկրաինային հատկացված այդ միջոցները։ Խոսքը 500 միլիարդ դոլարին համարժեք հազվագյուտ մետաղների մասին է։ Ուկրաինացիներն ըստ էության համաձայնել են դա անել։ Եթե դա տեղի ունենա, մենք գոնե չենք համարի, որ հիմար դրության մեջ ենք հայտնվել», - նշում էր Թրամփը:
Ավելի վաղ, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը չէր բացառել, որ այս շաբաթ ինքը բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ չհստակեցնելով, սակայն, դա դեմ առ դեմ հանդիպո՞ւմ է լինելու, թե՞ պարզապես հեռախոսազրույց։
«Ես կասեի, որ նա ցանկանում է խաղաղություն կնքել։ Մենք աշխատում ենք Զելենսկու հետ, և ես կարծում եմ, որ թե՛ նա և թե՛ Պուտինը հակված են խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ամեն դեպքում դա պետք է անել», - պնդում էր Թրամփը։
Դոնալդ Թրամփը նաև հավելել է, որ Ուկրաինայի հարցով Վաշինգտոնի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն այս շաբաթ մեկնելու է Կիև։
Ուկրաինայի նախագահի խոսքով էլ՝ ամերիկյան կողմի հետ ակտիվ բանակցությունները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին։
«Այս շաբաթ Թրամփի մի շարք շատ լուրջ թիմակիցներ կժամանեն Ուկրաինա։ Դա տեղի կունենա նույնիսկ մինչև Մյունխենի համաժողովի մեկնարկը։ Իսկ Մյունխենում արդեն, ես հանդիպումներ կունենամ Միացյալ Նահանգների փոխնախագահի և նախագահ Թրամփի մի շարք այլ թիմակիցների հետ», - նշում էր Զելենսկին։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, սակայն, Վաշինգտոնում չեն բացառում, որ արդեն մի քանի ամսից Կիևում իրենց հետ բանակցողը Զելենսկին չի լինի։ CNN-ի տեղեկություններով՝ հենց նման ենթատեքստ ուներ Ուկրաինայի հարցով Սպիտակ տան բանագնաց Քիթ Քելլոգի՝ ընտրություններ անցկացնելու կոչը։
«Ռազմական դրության պատճառով ընտրություններն Ուկրաինայում հետաձգվել են։ Այդ քայլի արդարացված լինելու օգտին է խոսում այն հանգամանքը, որ ռմբակոծությունների տակ գտնվող և արտերկրում՝ փախստականի կարգավիճակում գտնվող միլիոնավոր քաղաքացիներ ունեցող երկիրը չի կարող ազատ և արդար ընտրություններ կազմակերպել»,- գրում է CNN-ը՝ հավելելով. - «Կրակի դադարեցումը, սակայն, կարող է Զելենսկուն մի կողմ քաշվելու և մեկ այլ գործչի համար ճանապարհ հարթելու հնարավորություն ընձեռել։ Եվ հենց այդ գործիչն է, որ ի վիճակի կլինի ավելի համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ»: Ամերիկյան լրատվամիջոցը ենթադրում է, որ այդ մարդը Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, այժմ Լոնդոնում դեսպան Վալերի Զալուժնին է լինելու։
«Գեներալ Զալուժնին կարող է օգտվել այն լոյալությունից, որ նրա նկատմամբ տածում են Ուկրաինայի զինված ուժերը, Մոսկվայի հետ համաձայնագիր կնքելու ընթացքում՝ համաձայնագիր, որն, ամենայն հավանականությամբ, Կիևի համար իդեալական չի լինի», - նշում է CNN-ի հոդվածագիրը։