Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ պատրաստ չէ ստորագրել համաձայնագիրը, որով ԱՄՆ-ին ուկրաինական օգտակար հանածոների, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների արդյունահանման իրավունք կտրվի՝ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի երեք տարիներին ԱՄՆ տրամադրած օգնության դիմաց, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ուկրաինայի ղեկավարությունում իր աղբյուրին:
«Ուկրաինայի նախագահը պատրաստ չէ ընդունել նախագիծն իր ներկայիս տեսքով: Մենք դեռ փորձում ենք փոփոխություններ կատարել և կառուցողականություն ավելացնել»,- AFP-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցն ավելի վաղ ասել էր, որ Զելենսկին «շուտով» կստորագրի համաձայնագիրը։ Ինքը՝ Դոնալդ Թրամփը, շաբաթ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն «բավականաչափ մոտ է համաձայնագիրը» ստորագրելուն։ Նա կրկնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերադարձնել միլիարդավոր դոլարները, որ տրամադրվել են որպես ռազմական օգնություն։ Միաժամանակ ասել է, որ գործարքն ուկրաինական պատերազմն ավարտելու ջանքերի մաս է կազմում:
ԱՄՆ-ն խստացրել է համաձայնագրի պայմանները
The New York Times-ը մանրամասներ է ներկայացրել խնդրո առարկա համաձայնագրից՝ նշելով որ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է համաձայնագրի նոր տարբերակը, սակայն դրանում որոշ դրույթներ ավելի խիստ են, քան նախորդ տարբերակում, որը, ըստ Կիևի՝ շատ մեծ բեռ է դնում ուկրաինական կողմի վրա:
Նոր համաձայնագրով պահանջվում է, որ Ուկրաինան հրաժարվի բնական ռեսուրսներից իր եկամուտների կեսից, այդ թվում՝ օգտակար հանածոներից, գազից և նավթից, ինչպես նաև նավահանգիստներից և այլ ենթակառուցվածքներից ստացվող եկամուտներից: Այս պահանջը կար նաև գործարքի նախորդ տարբերակում, որը հայտնի դարձավ փետրվարի 14-ին։
Փաստաթղթի նոր տարբերակում ասվում է, որ Ուկրաինայի ռեսուրսներից ստացվող եկամուտները կուղղվեն մի հիմնադրամ, որտեղ ԱՄՆ-ն կունենա 100 տոկոս ֆինանսական մասնաբաժին, իսկ Ուկրաինան փոխանցումներ կանի հիմնադրամին այնքան, մինչև գումարի չափը հասնի 500 միլիարդի։ Հենց այսքան է Կիևից պահանջում Դոնալդ Թրամփը։
The New York Times-ը նաև գրում է, որ նոր տարբերակը դեռ չի նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ և ռուսական ռազմական ներխուժմանը դիմակայելու նրա հետագա ջանքերին աջակցելու որևէ կոնկրետ պարտավորություն: Նախագծում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն մտադիր է երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ ստանձնել, որպեսզի Ուկրաինային օգնի տնտեսապես զարգանալ։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը Financial Times-ում գրել է, որ Վաշինգտոնի և Կիևի միջև տնտեսական գործընկերությունն օգուտ կբերի երկու երկրներին: Ինչպես գրում է Բեսենտը, ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինայի կառավարության՝ բնական ռեսուրսներից, ենթակառուցվածքներից և այլ ակտիվներից ստացվող եկամուտներն ուղղել Ուկրաինայի երկարաժամկետ վերականգնմանն ու զարգացմանն ուղղված հիմնադրամին։ Այս ապագա ներդրումներում ԱՄՆ-ն կունենա տնտեսական իրավունքներ և կառավարման գործառույթներ, ավելացնում է Բեսենտը։
ԱՄՆ-ն փորձում է արգելափակել Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը
Միացյալ Նահանգները փորձում է արգելափակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը դատապարտում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի համար։ Փոխարենը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է արել ՄԱԿ-ի անդամներին աջակցել ԱՄՆ-ի հեղինակած բանաձևի նախագծին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցները նշել են, որ «ապշած են ԱՄՆ-ի պնդումներից» և Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանին դատապարտելու դժկամությունից: Ինչպես նշում է Bloomberg-ը, ամերիկյան բանաձևի նախագծում չեն հիշատակվում Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները, որոնք եղել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների աջակցությունն ստացող նախկին բանաձևերում։ Փաստաթութղը նաև ցավակցություն է հայտնում «ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում մարդկային ողբերգական կորուստների» կապակցությամբ և «կոչ է անում շուտափույթ դադարեցնել հակամարտությունը և կայուն խաղաղություն հաստատել»։
Թեև դաշնակիցներն աջակցում են հակամարտությունը երկարաժամկետ կարգավորելու Թրամփի մղումներին, կայուն խաղաղություն չի լինի առանց Ուկրաինայի ինքնիշխանության երաշխիքների և ագրեսոր երկրին պատասխանատվության ենթարկելու, ասել է աղբյուրներից մեկը։
ԵՄ-ի և Ուկրաինայի պատրաստած բանաձևում երկրները պահանջում են Ռուսաստանից «Ուկրաինայի տարածքից անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր ողջ զինուժը»։ Փաստաթուղթը պատրաստվել է 2025-ի փետրվարի 24-ին՝ պատերազմի սկսվելու երրորդ տարելիցի առթիվ։ ՄԱԿ-ը նման բանաձևեր է ընդունել նախորդ երկու տարիներին, իսկ ԱՄՆ-ն մշտապես հանդես է եկել որպես համահեղինակ։ Այժմ բանաձևի հեղինակներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Շվեյցարիան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան։
ԱՄՆ-ն և ՌԴ-ն նոր բանակցություններ կվարեն առաջիկա երկու շաբաթում
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ անցած շաբաթ Սաուդյան Արաբիայում հանդիպումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոր բանակցություններ կվարեն առաջիկա երկու շաբաթում: Նոր հանդիպման վայրը, ըստ Ռյաբկովի, դեռ ճշտվում է։
Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է, որ բանակցություններն ընթանում են երկու ուղղությամբ՝ քննարկել Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները և երկկողմ հարաբերությունների վերականգնման հարցերը, այդ թվում՝ «ռազմավարական կայունությունը և սպառազինությունների վերահսկումը»։ Ռյաբկովն ասել է, որ Մոսկվան «դրական տեղաշարժեր» է տեսնում Վաշինգտոնի դիրքորոշման մեջ։
Ռիադում կայացած բանակցություններից հետո հաղորդվել էր, որ պատվիրակությունները քննարկել են Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Թե երբ այն տեղի կունենա, դեռ պարզ չէ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս ասել էր, որ նման հանդիպման անցկացումը կախված է Ուկրաինայում խաղաղ բանակցություններում առաջընթացից։
Հակամարտությունը կարգավորելու՝ Եվրոպայի ջանքերը
Այս ֆոնին, Եվրոպան իր հերթին ջանքեր է գործադրում՝ հասկանալու, թե ինչ կարող է անել Եվրոպան Ուկրաինայի անվտանգությանը նպաստելու համար։ Հենց այս նպատակով երկուշաբթի Վաշինգտոն կմեկնեն Եվրոպայի առաջատար երկրների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների, Փարիզում կայացած երկու հանդիպումներից հետո եվրոպացիները ծրագիր են մշակել, որով նախատեսվում է մոտ 30 հազար զինվոր տեղակայել, բայց ոչ թե սահմանագծին, այլ՝ Ուկրաինայի հիմնական ենթակառուցվածքների մոտ, նրանց տրամադրելով արևմտյան օդային և ծովային ուժերի պաշտպանությունը:
Զելենսկին ավելի վաղ ասել էր, թե Ուկրաինային դրանից առնվազն երեք անգամ ավելի շատ զինվոր է անհրաժեշտ, սակայն եվրոպացիներն իրենք էլ կախված են Նահանգներից, իսկ Ամերիկան հայտարարել է՝ զորք չի մտցնի Ուկրաինա, բայց կարող է այլ աջակցություն ցուցաբերել: