Մատչելիության հղումներ

Հեռակա սուր բանավեճ Թրափի և Զելենսկու միջև


Դոնալդ Թրամփ և Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Դոնալդ Թրամփ և Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Այսօր երեկոյան սպասվում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի գլխավոր բանագնաց Քիթ Քելլոգի հանդիպումը նախագահ Զելենսկու հետ: Ակնկալվում է, որ ի շարս այլ հարցերի, կքննարկվի նաև հազվագյուտ մետաղների ուկրաինական հանքերն Ամերիկայի շահագործմանը հանձնելու գործարքը: Վճռորոշ այս հանդիպման նախօրեին երկու երկրների առաջնորդները հրապարակավ քննադատել ու մեղադրել են իրար:

Երեկ նախ՝ գրավոր, հետո արդեն` նաև բարձրաձայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն բռնապետ որակելուց հետո Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը կրկնեց՝ նա կարող էր կանխել պատերազմը կամ գործարքի գնալ առանց տարածքային ու մարդկային կորուստների։ Ուղիղ մեկ ամիս առաջ Սպիտակ տուն մտած Թրամփն առիթը բաց չթողեց նաև քննադատելու նախկին վարչակազմին և Եվրոպային՝ պատերազմը չկանգնեցնելու համար:

«Բայդենը երբեք չի փորձել, Եվրոպան չի կարողացել խաղաղություն հաստատել, և Զելենսկին, հավանաբար, ուզում է… գուցե ուզում է շարունակել օգտվել կերակրատաշտից», - հայտարարեց Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահը նախօրեին պնդել էր՝ Զելենսկին ցածր վարկանիշ ունի և դրա համար է հրաժարվում ընտրություններ անցկացնելուց։ Չնայած Ուկրաինայի նախագահն ու եվրոպացի առաջնորդները հակադարձել էին Թրամփին՝ նա այս քննադատությունից ևս չհրաժարվեց:

«Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին խայտառակ է գործել, նրա երկիրն ավերված է, միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ են զոհվել՝ անիմաստ։ Նա մերժում է գնալ ընտրությունների, քանի որ վարկանիշն իրական ուկրաինական հարցումներով ցածր է», - պնդեց Միացյալ Նահանգների նախագահը:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեին անցած տարվա մարտին, սակայն հետաձգվել են, քանի որ 2022-ի փետրվարի 24-ին ռուսական զինուժի լայնամասշտաբ ներխումումից հետո ռազմական դրություն է հայտարարվել, որի ժամանակ արգելվում է ընտրություններ անցկացնել:

Թրամփն Ուկրաինային նաև մեղադրեց հազվագյուտ մետաղների գործարքը խափանելու համար, որով Վաշինգտոնը ցանկանում էր վերահսկողություն սահմանել Ուկրաինայի բնական պաշարների վրա՝ Կիևին տրամադրած աջակցության դիմաց:

«Զելենսկին հրաժարվել է ընդունել Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարին, որը մեծ դժվարություններով հասել էր այդ երկիր՝ գործարք կնքելու», - հայտարարեց Թրամփը՝ հավելելով, թե ամերիկացի պաշտոնյան ձեռնունայն է վերադարձել, քանի որ Զելենսկին նրան չի ընդունել, ասելով, թե քնած է։ Սպիտակ տան Ազգային ավտանգության հարցերով խորհրդականն էլ այսօր խորհուրդ է տվել Զելենսկուն օր առաջ համաձայնել:

«Կարծում ենք, որ ամերիկացի հարկատուներն արժանի են, որպեսզի հետ ստանան իրենց ներդրումների մեծ մասը: Այս ամենը հնարավորություն է Ուկրաինայի համար: Փոխարենը՝ մենք տեսնում ենք աճող հռետորաբանություն և դիմադրություն, որ նախագահը չի պատրաստվում հանդուրժել: Նրանք պետք է իջեցնեն քննադատության տոնը, սթափ նայեն իրավիճակին ու կնքեն այդ գործարքը», - ասել է Մայք Ուոլցը:

Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ-ն այժմ մտադիր է համաձայնագրի «պարզեցված» տարբերակը դնել Զելենսկու սեղանին։Այս փաստաթղթում, ըստ գործակալության դիվանագիտական աղբյուրների, չեն լինի կոնկրետ թվեր, այլ միայն՝ համագործակցելու մասին կողմերի մտադրություն: Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է ընդունել 500 միլիարդ դոլար գնահատվող այդ գործարքը, եթե դրա դիմաց Միացյալ Նահանգներն Ուկրաինային անվտանգության կայուն երաշխիքներ տա։

Ակնկալվում էր, որ կողմերն այս հարցում պարզություն կմտցնեն այսօր Ուկրաինայի նախագահի ու Թրամփի գլխավոր բանագնացի հանդիպումից հետո։ Վերջին պահին, սակայն, ուկրաինացիները հայտարարեցին, որ Սպիտակ տան խնդրանքով ստիպված են չեղարկել Զելենսկու և Քելլոգի համատեղ ասուլիսը։ Թե որն է դրա պատճառը, պաշտոնյաները դեռ չեն մանրամասնել։

Մինչ այդ, ամերիկացի գեներալը Կիևում հանդիպել էր Ուկրաինայի արտգործնախարարի հետ: Անդրեյ Սիբիգան X-ում գրել էր՝ քննարկել են «համապարփակ, արդար և կայուն խաղաղության» հասնելու ուղիները, ընդգծելով՝ «մենք կպայքարենք գոյության մեր իրավունքի համար մինչև վերջ»։

Սակայն բոլորը չէ, որ համաձայն են Թրամփի հայտարարություններին, նույնիսկ նրա կուսակցության ներսում: Թրամփի օրոք ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն զբաղեցրած Մայք Փենսը, մասնավորապես, քննադատել է իր նախկին ղեկավարին՝ X-ում գրելով, որ պատերազմը սկսել է ոչ թե Ուկրաինան, ինչպես Թրամփն էր ասել, այլ՝ Ռուսաստանը: «Խաղաղության ճանապարհը պետք է կառուցվի ճշմարտության վրա», - ընդգծել է Փենսը:

XS
SM
MD
LG