Մատչելիության հղումներ

Թրամփը վճռական է «վերադարձնելու» Կիևին հատկացված գումարը հնարավոր գործարքի շրջանակում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս ելույթով պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում, 22-ը փետրվարի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս ելույթով պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում, 22-ը փետրվարի, 2025թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 22-ին հայտարարել է, որ ցանկանում է՝ Ուկրաինան վերադարձնի միլիարդավոր դոլարները, որոնք ԱՄՆ-ն ուղարկել է՝ օգնելու պաշտպանվել Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից:

«Ես ուզում եմ, որ նրանք մեզ ինչ-որ բան տան այդ ամբողջ գումարի համար: Մենք խնդրում ենք հազվագյուտ մետաղներ և նավթ», - ասել Է Թրամփը համաժողովում, - «Ես փորձում եմ վերադարձնել գումարը կամ ապահովել անվտանգությունը»:

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը այս շաբաթվա սկզբին այցելել էր Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ապա հայտարարել, որ Ուկրաինայի նախագահը հասկանում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը «վճռորոշ նշանակություն ունի»:

Թրամփը երեկ նաև ասել է, որ կարծում է՝ գործարքը կարող է իրականացվել:

Ըստ նախնական հաղորդումների՝ Զելենսկին հրաժարվել է ստորագրել նախնական գործարքը, սակայն երեկ վկայակոչելով անանուն ուկրաինացի պաշտոնյաներին՝ լուրեր շրջանառվեցին, որ նա այժմ լրջորեն քննարկում է համաձայնագրի վերանայված տարբերակը:

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը անանուն մնալու պայմանով France-Presse-ին ավելի վաղ ասել է, որ չնայած Զելենսկու և Թրամփի միջև առկա լարվածությանը, կողմերը շարունակում են բանակցել գործարքի շուրջ, որով Ուկրաինան կարող է Ամերիկային հանձնել բնական պաշարների, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների շահագործման իրավունքը՝ մինչ օրս տրամադրված ամերիկյան աջակցության դիմաց։

XS
SM
MD
LG