Մատչելիության հղումներ

Ըստ հետախուզության՝ Հյուսիսային Կորեան նոր ուժեր է ուղարկել Կուրսկի շրջան


Հյուսիսային Կորեան նոր ուժեր է ուղարկել Կուրսկի շրջան՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։

Այն տեղի է ունեցել 2025-ի փետրվարի սկզբին, հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ազգային հետախուզությունը։

Հարավկորեական JoongAng-ը՝ վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներ, նշում է, որ հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Կորեան մինչև երեք հազար զինվորական է ուղարկել Ռուսաստան։

Լրատվամիջոցը հայտնում է, որ հյուսիսկորեական զորքերը «Կուրսկի ճակատ» են տեղափոխվել ռուսական բեռնատար նավերով և ռազմական ինքնաթիռներով։ Դրանք մոտոհրաձգային, ինժեներական և հետախուզական ստորաբաժանումներ են, որոնք անցյալ տարի չեն մասնակցել մարտերին։

Փետրվարի սկզբին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերահաստատեց Փհենյանի շարունակական աջակցությունը Ռուսաստանին։

2024-ի դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի դեմ հյուսիսկորեական զորքերի կիրառման մասին։ Պենտագոնը նրանց թիվը գնահատել էր 11 հազար։

Հարավկորեական կողմի տվյալներով՝ 2025-ի հունվարի դրությամբ զոհվել է 300 հյուսիսկորեացի զինվոր, ևս 2,7 հազարը վիրավորվել է։

Մոսկվան և Փհենյանը չեն հաստատել, բայց չեն էլ հերքել հյուսիսկորեական զորքերի մուտքը Ռուսաստան և նրանց մասնակցությունը մարտերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG