Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ Ալիևան հանդիպել է Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների հետ։
Օմբուդսմենը, ըստ ադրբեջանական գործակալության, նշել է, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում պահվող Ռուբեն Վարդանյանը և Բակո Սահակյանը հայտարարել են, թե «խտրականության կամ վատ վերաբերմունքի չեն արժանանում, պահման պայմաններից գոհ են, զրկված չեն բժշկական օգնությունից»։ Անկախ աղբյուրներից Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունները ճշտել հնարավոր չէ։
Այս օրերին Երևանում բողոքի ակցիաներ են՝ հաջակցություն Բաքվում պահվող հայ գերիների: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն, իր հերթին, արդեն երկու շաբաթ հացադուլ է անում՝ ադրբեջանական բանտում իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքելով: Նրա համախոհները, ամերիկացի փաստաբանը հայտարարում են, որ նրա կյանքը վտանգված է:
Հայաստանի արտգործնախարարությունը օրերս հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է Բաքվում հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ ստանալ, հիշեցնելով Բաքվին՝ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։
Հունվարի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։