«Արդարության հասնելու համար անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների համար մեղադրվողներին կամ դատապարտվողներին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Ադրբեջանում պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակելու մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությանը։
«Միայն ճշմարտության բացահայտմամբ և հանցագործությունների հետևանքների վերացմամբ խաղաղությունն ու հաշտությունը կհաղթեն անպատժելիությանը», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է Հաջիզադեն։
Մարտի 3-ին՝ Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած զեկույցում Վոլկեր Տյուրկը նախ նշել է, որ հետևում է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններն, ապա անդրադարձել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց, ներառյալ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն։
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել:
Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ին Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել: Նրա ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»:
Երևանում բողոքի ցույցեր են մեկնարկել՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայերի։