Ադրբեջանը փակում է իր երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը: Կազմակերպության հանրային կապերի պատասխանատուն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունն իրենց արդեն տեղեկացրել է այդ մտադրության մասին։
Կարմիր խաչի կոմիտեն միակ կազմակերպությունն է, որի միջոցով Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ընտանիքները հնարավորություն ունեն որևէ տեղեկություն ստանալ կամ կապ հաստատել գերության մեջ գտնվող իրենց հարազատի հետ, նաև ծանրոց ուղարկել նրանց։
Ըստ Ադրբեջանի կառավարության հիմնավորման՝ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի գործունեության կարիքը չկա։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն նաև մեղադրանքներ ունի ուղղված Կարմիր խաչի գրասենյակին։ Նշում են, որ առանց Բաքվին տեղյակ պահելու նրանք գրասենյակ են բացել Ստեփանակերտում, ապա հրաժարվել փակել այն։
Բացի սրանից, պնդում են, իբրև թե կազմակերպության ներկայացուցիչները «մաքսանենգությամբ են զբաղվել»՝ Կարմիր խաչի շտապօգնության մեքենաներով մաքսանենգ ապրանքներ են տեղափոխել։ Բաքուն մարդասիրական կազմակերպության աշխատակիցներին մեղադրում է նաև Հայաստանի օգտին լրտեսության համար։
Կարմիր խաչի գրասենյակը նախորդ տարի փակվեց նաև Արցախում, այդ ժամանակ Բաքուն հայտարարեց, թե գործունեությունը կշարունակեն Բարդայի գրասենյակից։
Արցախի շրջափակման օրերին կառույցի Ստեփանակերտի գրասենյակը Արցախի առողջապահության նախարարության հետ համատեղ ծայրահեղ ծանր հիվանդներին տեղափոխում էր մինչև Հայաստանի սահման: Միակ կազմակերպությունն էր, որ դեղորայքի սուր ճգնաժամի, բուժպարագաների բացակայության պայմաններում հնարավորություն ուներ ոչ մեծ թվով, սակայն առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող որոշ արցախցիների տեղափոխումը կազմակերպել։