ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հորդորել է Ադրբեջանում պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակել:
Մարտի 3-ին՝ Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած զեկույցում Վոլկեր Տյուրկը նախ նշել է, որ հետևում է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններն՝ հույս հայտնելով, որ դրանք «կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին», որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը բերել։
Նա ապա անդրադարձել է Ադրբեջանում պահվող բոլոր անձանց, ներառյալ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն։
ՄԱԿ-ի պաշտոնյայի ելույթը տեղադրել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը:
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել:
Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ին Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել: Նրա ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»: