Մատչելիության հղումներ

«Ռուբեն Վարդանյանի հացադուլն անդառնալի հետք է թողնում նրա կյանքի վրա». բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայերի


Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է

Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ սկսած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը երրորդ գիշերը կդիմավորի Ազատության հրապարակում: Առավոտյան վատացել էր նրա առողջական վիճակը, շտապօգնություն էր եկել: Բժիշկները ճնշման տատանում էին արձանագրել, դեղ տվել, հորդորել դադարեցնել հացադուլը: Արդեն օրվա երկրորդ կեսին Թանդիլյանի վիճակը կայունացել էր:

«Հորդորելն ինձ իմաստ չունի, ես գիտեմ՝ ինչի համար է և ինչ կարևոր բանի համար է, որովհետև պետք է հասկանալ, թե ինչ մարդ ենք կորցնում Բաքվի բանտում ամեն օր: Նրա հացադուլն արդեն այն փուլում է, որ իր կյանքի վրա անդառնալի հետք է թողնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա, շարունակելով, - «Ռուբեն Վարդանյանի կյանքի կորուստը.... ամեն հայ պիտի ամոթ զգա, որ դա կարող է պատահել Բաքվի բանտում հատկապես: Ես ամաչում եմ ուղղակի գիտակցել, որ այս անզորության, անճարության հետևանքով, որի պատճառով նա սկսել է իր հացադուլը, մենք կարող ենք իր կյանքը կորցնել»:

Մանե Թանդիլյանը մարտի 1-ից է Ազատության հրապարակում:

Իր այս քայլով նա խնդրում է Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարարին դադարեցնել հացադուլը։

«Սա զուտ խնդրանք է իրեն վերադառնալ Հայաստան, պահպանել առողջությունը, դիմանալ, որովհետև ինքը թանկ է յուրաքանչյուր հայի համար», - նկատեց երկու համախոհների հետ սննդից հրաժարված Թանդիլյանը, որ հույս ունի՝ Վարդանյանը կտեղեկանա իրենց քայլի մասին ու կանսա իրենց խնդրանքին. «Վաղն էլ դատավարությունն է իր, ենթադրում եմ՝ մինչև այդ էլ կապ չի լինի: Ամեն դեպքում հուսով եմ, որ ինչ-որ մի պահի կապ լինելու է չէ՞, հասնելու է»:

Ադրբեջանական բանտում իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Արցախի նախկին պետնախարարն արդեն երկու շաբաթ է՝ հացադուլի մեջ է: Նրա համախոհները, ամերիկացի փաստաբանը հայտարարում են, որ նրա կյանքը վտանգված է:

Ակցիաները շարունակվում են

Ադրբեջանական բանտերում պահվող 23 հայերի լուսանկարներով այսօր մի քանի տասնյակ մարդիկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի առջև էին հավաքվել:

«Դատվում են ոչ միայն այդ կոնկրետ մարդիկ, դատվում է միջազգային իրավունքը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը ոչ թե ոտնահարված են, այլ Ադրբեջանն ուղղակի հակադրվում է միջազգային իրավունքին ընդհանրապես», - հայտարարեց դեռ արցախյան առաջին պատերազմի տարիներից գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա Հայաստանի իշխանություններին մեղադրեց ռազմագերիների հարցերով ոչ պատշաճ քաղաքականության համար. «Սարսափս ոչ միայն Ադրբեջանի գործողություններից է, այլև այն ահավոր, անմարդկային քաղաքականությունից, որը վարում են ՀՀ օրվա իշխանությունները»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչդեռ օրերս անդրադարձել էր այս քննադատություններին, պնդել՝ իշխանությունները զբաղվում են նաև ռազմագերիների հարցերով, բայց դա գերադասում են անել լուռ: Նաև ասել էր, որ խոշտանգումների մասին տեղեկությունները բացահայտ են:

Այսօր Կարմիր խաչի գրասենյակի առջև հավաքվածները շուրջ 40 հասարակական կազմակերպությունների անունից միջազգային մարդասիրական կառույցի ղեկավարին մտահոգության նամակ հղեցին՝ խնդրելով ահռելի մեծ ուշադրություն դարձնել ադրբեջանական բանտերում պահվող հայերին: Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը հայ ռազմագերիներին ադրբեջանական բանտերում պարբերաբար այցելող Կարմիր խաչին հիշեցրեց Ռուբեն Վարդանյանի վերջին լուսանկարները՝ նրա դեմքին առերևույթ կապտուկներ ու վերք կային:

«Սա առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացթողումն ու ձախողումն է, որ նրանք այնտեղ են. նոր դրանից հետո մենք միջազգային հանրությունից, Կարմիր խաչից և այլ միջազգային կազմակերպություններից ունենք պահանջներ, ակնկալիքներ», - ընդգծեց Արտակ Բեգլարյանը:

ԿԽՄԿ-ն Վարդանյանին այցելել է հացադուլի ժամանակ. Ամատունի

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին այսօր հստակեցրեց, որ Բաքվում իր գործընկերները Ռուբեն Վարդանյանին այցելել են այն ժամանակ, երբ արդեն հացադուլի մեջ էր, այցելուների շարքում նաև բժիշկ է եղել, ընդ որում՝ ոչ ադրբեջանցի. «Տվյալ տեսակցության շրջանակներում եղել է բժշկական անձնակազմ, որը հնարավորություն է ստացել ապահովել այդ չեզոք զննումն անձի, որը գտնվում է հացադուլի մեջ»:

Ամատունին ընդգծեց՝ իրենց մանդատը թույլ չի տալիս հրապարակայնացնել թե այցի մանրամասները, թե առհասարակ միջազգային կազմակերպության արձանագրածը: Նա հավելեց, որ Կարմիր խաչը հետևողական է, պարբերաբար այցելում է բոլոր ռազմագերիներին և իրենց մանդատի շրջանակում տեղեկություններ փոխանցում այդ երկրի իշխանություններին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG