Բողոքի ակցիա Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի մոտ՝ ի աջակցություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայ գերիների։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստանի իշխանություններից գործողություններ են պահանջում։
«Այսօր Կարմիր խաչի առջև ենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք և մեր ակնկալիքները ներկայացնենք նրանց, որ իրենք իրենց աշխատանքը կատարեն։ Այս մասով էլ իրենք պետք է ճնշում զգան», - ասաց Բեգլարյանը՝ նկատելով․ - «Քանի դեռ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները երևացող և չերևացող բոլոր գործիքակազմերով ճնշում չեն գործադրում Ադրբեջանի վրա ուղղակիորեն, թե միջազգային կառույցների, պետությունների վրա որպեսզի իրենք էլ իրենց հերթին Ադրբեջանին ճնշեն, մենք արդյունք չենք ստանալու», - ասաց Բեգլարյանը։
Ակցիայի մասնակիցները նամակ փոխացեցին կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունուն:
Վերջինս լրագրողների հետ զրույցու ասաց, որ Ռուբեն Վարդանյանին այցելել են, երբ նա արդեն հացադուլի մեջ էր, բայց իրենց մանդատը թույլ չի տալիս հրապարակայնացնել՝ թե՛ այցի մանրամասները, թե՛ առհասարակ միջազգային կազմակերպության արձանագրած դիտարկումները:
Ամատունին ընդգծեց, որ Կարմիր խաչը հետևողական է, պարբերաբար այցելում է բոլոր ռազմագերիներին, և իրենց մանդատի շրջանակում տեղեկություններ փոխանցում այդ երկրի իշխանություններին:
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի ութ նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Վարդանյանը փետրվարի 18-ին Բավքի բանտում հացադուլ հայտարարեց: Նրա ամերիկացի փաստաբանը հայտարարում է, որ «քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է Ադրբեջանում»:
Օրերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց․ - «Որպեսզի բոլոր գերիները ազատվեն ու գան Հայաստան, ամենօրյա, աշխատանք է տարվում»։