Մատչելիության հղումներ

«Մեր կարծիքով՝ պետք է հանդիպում տեղի ունենա պայմանագիրը ստորագրելու համար»․ ԱԽ քարտուղար


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Հայաստանը, վարչապետի գլխավորությամբ, հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել ամբողջությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստի տակ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ Հայաստանը նաև պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու մասով։

«Հայաստանը շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի, և հրապարակային աշխատում ենք այդ ուղղությամբ որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը», - ասաց Գրիգորյանն՝ ընդգծելով, որ Երևանի կարծիքով՝ պետք է հանդիպում տեղի ունենա՝ այդ պայմանագիրը ստորագրելու համար։

ԱԽ քարտուղարը, սակայն, հստակ ոչ մի պատասխան չտվեց՝ պայմանագրի ստորագրման տեղի ու վայրի խորհրդակցությունների մասին։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում հրադադարը խախտելու համար։

Հերքելով հրադադարը խախտելու բոլոր պնդումները՝ պաշտոնական Երևանը նախօրեին էլ հայտարարեց՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

Ավելի ուշ Բաքուն կրկին պնդեց՝ «չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար, որպեսզի շարունակվի խաղաղության պայմանագրի ստորագրումը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ֆեյսբուքում գրառում կատարեց՝ նշելով, որ «Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի» և որ իր հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ «Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել»։

Իսկ այսօր Փաշինյանը մեկ այլ գրառմամբ նախ նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, ապա առաջարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG