Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հաղորդագրությունում։
Խոսնակը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում», - հերթական անգամ ընդգծում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Բաքուն արդեն չորրորդ օրն է հրադադարի ենթադրյալ խախտումների մասին հաղորդագրություններ տարածում, որոնք Երևանը հերքում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց․ - «Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել»։
ՀՀ արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է․ - «Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ ՀՀ բանակը Կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այս տրամաբանությամբ»։