Բաքուն կրկին հաղորդում է, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-ից 19:10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Եղեգնաձորի շրջանի Արփա բնակավայրի դիրքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։
Պաշտոնական Երևանը հերքում է Բաքվի հերթական հաղորդումը՝ շեշտելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։
Բաքուն արդեն հինգերերոդ օրն է հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Երևանը հերքել է բոլոր մեղադրանքները, ավելին՝ հայտարարել, որ հայկական կողմը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Միևնույն ժամանակ Երևանը փաստել է՝ մինչ այժմ ոչ մի փաստական տվյալ Բաքուն չի ներկայացրել։
Նախօրեին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց՝ Երևանն իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով՝ Բաքվին կոչ անելով խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց՝ նշելով, որ «Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի» և որ իր հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ «Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել»։
Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։