Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը դեռ չեն հրապարակում ընտրացուցակները. Գյումրին արդեն լի է պաստառներով


Գյումրիի ՏԻՄ ընտրությունների առաջադրումներին ընդամենը մեկ օր է մնացել, բայց միայն Կոմկուսն ու «Իմ հզոր համայնքն» են նախընտրական ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով տարել: Փոխարենը քաղաքական ուժերն ու քաղաքապետի թեկնածուները փողոցները հեղեղել են իրենց պաստառներով, համացանցը՝ տեսահոլովակներով ու գյումրեցիներին իրենց հավատամարությունն ապացուցող կարգախոսներով՝ «Մեր Ռուբոն է», «Ձեր Լևոնը» «Մեր Սարիկը» և այսպես շարունակ:

Այսօր «իրենց Սարիկին»՝ այսինքն՝ քաղաքապետի պաշտոնակատարին աջակցելու ու ՔՊ-ի ցուցակ ընդգրկվելու մասին վարչապետի գյումրեցի, էությամբ լեննականցի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարեց:

Երկու տարի Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Բաղդասարյանի գրառման համաձայն՝ ՔՊ-ի ցուցակի վերջին 5 համարները պատգամավորներ, նախկին ու ներկա մարզպետները կզբաղեցնեն: Ցուցակն, ի դեպ, հաստատվեց անցած շաբաթ օրը՝ վարչապետի գլխավորությամբ անցկացված կուսակցական արտահերթ նիստում: Իսկ ցուցակի առաջին համար Սարիկ Մինասյանը գրեթե ամեն օր բակային հանդիպումներ է անցկացնում:

Եվրադաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը քննարկման է հրավիրում երիտասարդներին, թե «հավաքվեք, խոսելու բան կա»՝ նախընտրական ծրագիրը վերջնական տեսքի բերելու համար:

Ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի պաստառները թեև արդեն Գյումրիի փողոցներում են, բայց նա դեռ չի հստակեցնում՝ քաղաքական որ ուժի կամ ուժերի հետ է համագործակցելու:

Կարգախոսի հարցում սակայն հստակություն կա՝ «Քաղաք, որին արժանի ես դու»:

«Ճիշտ քաղաք» կարգախոսով էլ Դեմոկրատական այլընտրանքն է մասնակցում ընտրություններին:

Գործող ավագանու կազմում ներկայացված «Ապրելու երկիր» կուսակցությունը պաշտոնապես երեկ հայտարարեց Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին: Քաղաքապետի թեկանածու Կարեն Մալխասյանը Ֆեյսբուքում մատնացույց է արել այն խնդիրները, որոնք այդպես էլ չլուծվեցին գործող ավագանու օրոք:

Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ հայտ ներկայացրած «Մայր Հայասատան» շարժման քաղաքապետի թեկանածու Կարեն Սիմոնյանը Գյումրին ՔՊ-ի կառավարումից ազատելու հնարավորություն է տեսնում:

Իսկ գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նախընտրական տեսահոլովակն է հրապարակել, Գյումրին իր թաղերով ներկայացրել ու եզրափակել՝ «ես քո Գյումրին եմ...»:

Թաղերով է շրջում նաև Կոմկուսի թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Կենտրոնում 300 սպարտացիների մասին ռուսերեն ելույթ ունենալուց հետո հասել է ծայրամասային Մուշ 2 թաղամաս:

Օրեր առաջ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց նաև երգիչ Արտյոմ Թումանյանը, բայց գաղտնի պահելով, թե քաղաքական որ ուժի ցուցակով: Նա էլ իր տեսահոլովակում կանգնած է ֆայտոնին, հպարտ ու հուզված հայացքով շրջում է Գյումրիի Վարդանանց հրապարակում՝ իրեն հռչակելով «մարդ Գյումրի»:

Գյումրիի ընտրությունների մասնակիցների վերջնական պատկերը պարզ կդառնա վաղը երեկոյան, երբ ավարտվի առաջադրումների վերջնաժամկետը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG