Մինչ գյումրեցի ՔՊ-ականները երեկ մեկը մյուսի հետևից ստատուսներ էին գրում երեկ մի քանի ժամով ձերբակալված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քրեական անցյալի մասին, Գյումրիում իշխող ուժի նախընտրական շտաբի պետ, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հրաժարվեց տեղի ունեցածը մեկնաբանել:
Կոմուկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը երեկ պնդում էր, թե իրեն ոստիկանական հատուկ գործողությամբ ձերբակալել են, որ կոտրեն ու դուրս թողնեն ընտրապայքարից:
«Էս դեմոկրատիա քարոզող Նիկոլն․․․ այ էս ձևի բաներով են ուզում մարդկանց կոտրել, բայց իմացեք՝ մինչև վերջ պայքարելու ենք, մինչև վերջ», - հայտարարեց Ղուկասյանը։
Ոստիկանությունը Ղուկասյանին ու թիկնապահին ձերբակալել էր ապօրինի զենք պահելու կասկածով: Կասկածները չհաստատվեցին, և նախկին քաղաքապետն ու թիկնապահը ոստիկանությունից դուրս եկան՝ առանց քրեական մեղադրանքի, բայց՝ քերծվածքներով:
Գյումրիի նախկին քաղաքապետն այս պահին մեղադրյալ է փողերի լվացման ու պաշտոնական կեղծիքի հոդվածներով, նաև ապօրինի հարստացման գործով է անցնում:
Երեկվա ձերբակալությունից հետո ՔՊ-ականները սկսեցին սոցցանցերում հիշեցնել Ղուկասյանի ու նրա ընտանիքի մասնակցությամբ քրեական աղմկահարույց պատմությունների մասին, եղան պնդումներ, թե նրանք ավելի շատ քրեական գործերով են անցել ու անցնում, քան անգամ մեքսիկական բանդաների պարագլուխները:
Արձագանքեց անգամ վարչապետի գյումրեցի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով. - «Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, ինչպես և ինչը մարդկանց ձեռքից խլեցին, ինչքան և որտեղ ապօրինի դիզեցին։ Թե բա՝ քաղաքապետ ենք ուզում, թան էլ չէ՝ փրթած մածուն»։
Իսկ ընդդիմադիր դաշտում համարում են, որ մարտի 30-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ իշխանությունը ճնշումներ են սկսել։ Նման հայտարարություն արեց Հայ հեղափոխական դաշնակցությունը: Ընդ որում՝ Դաշնակցության ու Վարդան Ղուկասյանի հարաբերությունները վերջինիս պաշտոնավարման տարիներին բավականին լարված էին: ՀՅԴ-ի մարզային կոմիտեի ղեկավար Հովսեփ Սիմոնյանն ասաց՝ ցանկացած ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ նման գործողությունը կդատապարտեին:
«Սա վախի մթնոլորտ սերմանելու, ժողովրդին ցույց տալու, որ փռել․․․ իրա էն ձևերը, որ ներկայացվում է։ Էդ ժամանակին կարող է հաճելի էր, որ խումբ մարդկանց ականջին հաճելի էր, բայց հիմա դա էլ է կորել, մարդիկ արդեն ձևական են լսում էդ խոսքերը», - ասաց Սիմոնյանը։
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը երեկվա իրադարձությունները «էժանագին շոու» է որակել:
«Մարդ, որը տարիներ շարունակ Գյումրին վերածել է բեսպրեդելի օջախի, ձերբակալվեց ոչ թե սպանությունների, թալանի, գողության կամ քաղաքի ավերման համար, այլ՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Եվ ի՞նչ եղավ հետո՝ նույն թատրոնի տրամաբանությամբ ազատ արձակվեց», - գրել է Բաբաջանյանը:
Այսօր, ի դեպ, Գյումրիում առաջադրումների առաջին օրն է: Քաղաքական ուժերից ոչ մեկն այս պահին դեռ ընտրատարածաքային հանձնաժողով փաստաթղթերը չի ներկայացրել: